«Պատրաստ ենք նվիրել մեր վերջին 24 տարվա աշխատանքի արդյունքները»․ Բաց նամակ

«Պատրաստ ենք նվիրել մեր վերջին 24 տարվա աշխատանքի արդյունքները»․ Բաց նամակ

Նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Պատճեն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին,
ՀՀ գիտությունների ակադեպիայի նախագահ Աշոտ Սաղյանին 
ՀՀ մամուլի օղակներին

Հարգելի՛ կառավարություն, ըստ մերՍսահմանադրության, հայոց լեզուն հանդիսանում է ՀՀ պետական լեզու, սակայն մինչ օրս չի ստեղծվել որևէ պետական կազմակերպություն, որի գործունեության նպատակը կլիներ պահպանել և զարգացնել մեր լեզուն։ Դուք կհակադրվեք ինձ, պնդելով, որ կա հայոց լեզվի կոմիտե, հայոց լեզվի ինստիտուտ։ Սակայն առաջինը զբաղվում է լեզվի տեսչությամբ, իսկ երկրորդի կազմը գրում է գիտական հոդվածներ լեզվի մասին։ Ես չեմ մեղադրում այդ հիմնարկներին, քանի որ լեզվի պահպանությունը պահանջում է համացանցային ծրագրավորողների աշխատանք, որոնք իսպառ բացակայում են այդ միավորներում։  Տեղին է նկատել, որ լեզվի պահպանությունը հիմնականում իրականացվում է բացատրական բառարանների օգնությամբ,  սակայն նման բառարան վերջին 50 տարվա ընթացքում չի հրատարակվել (չխառնել nairi.com-ում առկա տարատեսակ բառարանների հետ, որը ընդամենը ներկայացնում է բառարանների մատենադարան, այնտեղ ընդգրկված են տարատեսակ բառարաններ տպագրված 1700-ական թվականներից):

Սկսած 2000թ-ից Պոլիտեխնիկում ծրագրավորողների և Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի մասնագետների ուժերով ստեղծել եմ, և մինչև օրս գործում է հասարակական կազմակերպություն, որը մշակել է հայերենի համացանցային բացատրական բառարան։ Այժմ այն պարունակում է մոտ 200․000 հայերեն բառ՝ իրենց բացատրություններով, ինչպես նաև թարգմանություններ 14 լեզուների միջև։ Բառաքանակը անհամեմատ շատ է քան գոյություն ունեցող մի որևէ թղթային կամ էլեկտրոնային բառարանում։ Կրիառվել են մեքենայական բառարանների մշակման նոր տեխնոլոգիաներ, որտեղ բազային միավորը ոչ թե բառն է այլ բառի իմաստը - հասկացույթը (կոնցեպտը): Նման բառարաններ այժմ օգտագործում է google համարգը, այդ տեխնոլոգիան մեզ թույլ է տվել գործածության մեջ մտցնել միավորյալ հայոց լեզու հասկացողությունը՝ արևելահայերեն բառերին որպես հոմանիշ ավտոմատ հանդես են գալիս արևմտահայերեն ու գրաբար բառերը։ Լեզուների կազմը ընտրված է ելնելով քաղաքական նատակահարմարությունից, ինչպես նաև սփյուռքահայերի տարածվածությունից։ Համակարգում առկա են նաև լրացուցիչ գործառույթներ՝ տառասխալների ուղղում, շարահյուսական վերլուծություն, այբբենարանի ուսուցման միջոցներ։ Այս ամենը ներկայումս գործում է translator.am հասցեով գործող լեզվաբանական համակարգում։ Համակարգը կարելի է օգտագործել նաև կրթության ոլորտում (դիտել isma.polytechnic.am էջը): Նշեմ, որ նկարագրված համակարգի հեղինակային իրավունքը պատկանում է ինձ։

Առաջարկում եմ ԿԳՄՍ-ի կամ ՀՀԳԱ-ի շրջանակներում ստեղծել կիրառական հայերենի պետական ինստիտուտ։ Մենք նրան անվճար կնվիրենք մեր վերջին 24 տարվա աշխատանքի արդյունքները՝ լեզվաբանական բազաները և սերվերային համակարգը վարող ծրագրային և տեխնիկական միջոցները (որոնց վրա վերջին 24 տարվա ընթացքում ծախսվել է 0,6 մլն դոլլար)։ Այնպես, որ պետությունը չունենա ոչ մի ռիսկ գումարների և ժամանակի ծախսի հետ կապված։ Կապահովենք նաև այդ ինստիտուտի կադրային կազմի ուսուցումը մեր համացանցային խմբագրիչի յուրացման հարցերում, ինչը թույլ կտա ապահովել նրա բառային կազմի անընդհատ զարգացումը։ Ինստիտուտում կգործի մասնագիտական հանձնաժողով, որը կապահովի հայերենում  ներդրվող նորարանությունների նարմուծումը։

Տեխիկական գիտությունների սովետական դոկտոր պրոֆեսոր՝ Էդուարդ Մանուկյան