Արժանապատիվ ապրելու բնական իմ իրավունքով

Արժանապատիվ ապրելու բնական  իմ իրավունքով

Արժանապտիվ ապրելու բնական /Աստվածատուր/ իմ իրավունքով 2020թվականի փետրվարին ես աննախադեպ հաղթանակ ունեցա Հայաստանի պետության դեմ բացած իմ դատի արդյունքում:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, որ եկել է այսօր և նաև վաղն է գալու:

Մի ճշտում՝ իմ դատը ոչ թե Հայաստանի պետության դեմ էր, այլ ՀՀ Կառավարության: Ավելի ստույգ՝ ոչ թե ՀՀ Կառավարության, այլ  կառավարության երկու առաջատար նախարարությունների՝ ՀՀ ֆինանսների և ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունների դեմ: Ես դրանց դատի էի տվել երկու տարի առաջ  /Հայաստանում որևէ հարց իր վերջնական՝ հաղթական կամ պարտվողական,  լուծում կարող է ստանալ նվազագույնը երկու տարվա  ընթացքում:
 

Մինչդեռ այդ երկու տարվա ընթացքում Հայաստանի «օլիգարխիկ և կլասիկ» համարվող ընդդիմությունը և «սևացած» նախկին իշխանավորները պնդում են, թե ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել երկրում, իսկ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քրտնքի մեջ թաղված, հերոսական շապիկներ /տեղական արտադրության/ փոխելով, /ինչպես կասեր Քաջ  Նազարի հեղինակ Դերենիկ  Դեմիրճյանը/ ճգնում է, կաշվից դուրս գալով ապացուցել, որ երկրում 100, դեռ մի երկու հատ էլ ավելի փոփոխություններ են կատարվել: Իսկ ես իմ այս հաղթանակով ապացուցում եմ, որ երկրում այնուամենայնիվ կատարվել է մի շատ էական, գլխավոր փոփոխություն: Այն է՝   նվաստս, հասարակ քաղաքացիս հաղթել եմ Հայաստանի գլխավոր ֆինանսիստին, երկրի գլխավոր գանձապետ Ատոմ Ճանճուղազյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կազմում գտնվող սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյա նին: Իմ հաղթանակն անբեկանելի է և վերջնական, սակայն արդյունքը, ինչպես վերջում կիմանաք, վերջնական դեռ չի կարելի համարել:  Երկու տարի առաջ ես դատի տվեցի վերևում հիշատակված այս երկու նախարարություններին /իրավական առումով իմ հայցին որպես պատասխանողներ   դրանք  էին համարվում /: Իմ հայցապահանջով ցանկանում էի վերացնել  58 տարիների իմ աշխատանքային ստաժի սխալ հաշվարկը, ճիշտ հաշվարկը վերականգնել և վնասը հատուցել:

Թեև իմ գրառման սկզբում նշել էի, որ պետության դեմ դատ եմ բացել և շահել, բայց իրականում, ինչպես նկատեցիք այստեղ  պետության դեմ դատ բացելու մասին խոսք չկա, ընդհակառակը պետության ներկայացուցիչներն իրենք են իմ դեմ գործել և ես օգտվելով իմ բանական /Աստվածատուր/ արժանապատիվ ապրելու իրավունքից, դատի եմ տվել նրանց և դատը շահել: Մի քանի խոսք դատական գործի նախապատմությունից: Մի քանի տարի առաջ երկրի մեր կարծիքով՝ «հնարամիտ», իրենց կարծիքով՝ «շուստրի» նախագահ Սերժ  Սարգսյանն իր մոտ է կանչում վարչապետ Տիգրան Սարգսյանին, մեր նոր ժամանակի ֆեյսբուքյան լեզվով ասած՝ «Շան լափ է թափում գլխին», ասելով, որ պետք է կարգուկանոն մտցնել Կենսաթոշակային հիմնադրամում՝ այնտեղ կատարելով խնայողություններ:

Եվ վերջում մեր պանծալի նախագահը ցուցամատն ու բթամատն իրար քսելով հայտարարում է, թե  ինչպես Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարին իր մոտ կանչելով և Խաչիկյանի մասին հիշեցնելով, ինքը կարողացել է 13 միլիարդ դրամի խնայողություն կատատարել տալ: Ես չեմ ցանկացել բացահայտել, թե այդ խնայված 13 միլիարդն ուր է գնացել, որպես զենք 80-ական թվականների զենքով կռվող մեր բանակի՞ն, թե՞ որպես պարգևավճար պետական աթոռներն զբաղեցնող պաշտոնյաներին: Ես որպես կենսաթոշակառու պարզապես փորձել եմ ապացուցել, որ խախտվել է  պետության կողմից սահմանված կենսաթոշակս լիարժեք ստանալու իմ իրավունքը: Չնայած իմ դեմ կանգնած էին կառավարության երկու հզոր նախարարությունների դատական գործերի մեջ հմտացած աշխատակազմի ներկայացուցիչ ներ, ինձ առանց որևէ սատարումի՝ նկատի ունեմ մեր փաստաբանական պալատին,  ՀՀ վարչական դատարանում կարողացա հաղթանակ գրանցել տալ՝ ի պատիվ դատավոր Հրաչիկ Այվազյանի, ով մի փոքր վախվխելով կամ տատամսելով իմ հայցը մասնակի բավարա րելու համարձակ մի որոշում կայացրեց ՝ գիտենալով, որ այն երկրի գանձապետի սրտով չէր լինելու: Եվ իսկապես գանձապետի կամ ֆինանսների նախարարի սրտով չէր այն, ով այդ որոշումն անձամբ ինքը բողոքարկեց Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով ամբողջապես մերժել հայցապահանջս: Չունենալով որևէ դատապաշտպան՝ հույսեր տածեցի, որ կարող եմ իմ իրավունքները պաշտպանել մամուլում՝ իմ գործընկերներից սատարում ստանալով:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե  Օհանյանն՝ ի տարբերություն մի քանի կաշի փոխած իր կոլեգաների /գործընկերների/ հավատարիմ էր մնացել իր սկզբունքներին, հրապարակեց իմ «Նախարարի խելքին աշեցեք» պամֆլետը, որտեղ Ջիվանու տողերը խմբագրված էր. 
Անմիտ ճնճղուկն ուզում է
Բազեի ճանգից որս խլել, 
Խելքի աշեցե՛ք:
Հզոր բազեն էլ,
Խեղճ ճնճղուկի բերնից 
Իր օրվա կերն է փախցնում,
Խելքի աշեցե՛ք:

Այս տողերից հասկանալի է, որ անմիտ ճնճղուկը ես էի, իսկ հզոր բազեն ֆիննախարար Ատոմ Ճանճուղազյանը, ով ուզում էր՝ ոչ թե մասնակի, այլ ամբողջ մասով մերժել տալ իմ կենսաթոշակն ամբողջությամբ ստանալու հայցապահանջը: Ի պատիվ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ Աշոտ Սարգսյանի, Արթուր Պողոսյանի, Արա Պապյանի, ֆինանսների նախարար Ատոմ Ճանճուղազյանի և սոցապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանի բոոքները մերժվեցին: Փորձեցի ազատ շունչ քաշել, մտածելով, որ այս պաշտոնավորները վերջապես կհասկանան, որ իրենք կամա, թե ակամա սխալ են թույլ տվել և կդադարեցնեն կորանավիրուսով հաշվեհարդարի այս օրերին ինձ՝ վտանգավոր գոտում գտնվող թոշակառուիս, նորից դատարանի դռներ  քարշ չտալ: Այնքան էլ համոզված չէի իմ մտածումի մեջ: Որոշեցի դիմել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանին, որ գոնե իրենք հասկացնեն այս պաշտոնավորներին, որ սրանք սխալներ են թույլ տվել երկրի օրենքն իրենց ձևով մեկնաբանե լու և կիրառելու հարցում, և այս վտանգներով լի օրերին ինձ նորից քարշ չտան դատարանի դռներ: Երկուսից էլ չստացա ոչ մի պատասխան: Կորոնա վիրուսի այս չարաղետ օրերն անց նեն, խոստանում եմ նրանց էլ դատի տալ՝ դիմումներիս պատասխան չտալու համար: Ես արդեն վստահ եմ, որ մեր դատական համակարգում կարգուկանոն է ստեղծվում՝ վկա իմ շահած դատը կառավարության երկու նախարարությունների դեմ: Սա ես համարում եմ մեր հեղափոխության ամենամեծ փոփոխությունը: Թեև վարչապետից ու նախարարից աջակցություն չստացա, ավելի լավ, որ չստացա: Առանց  նրանց օգնության էլ ՀՀ Վճռաբեկ դատարանը, նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ, զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ, Ս. ԱՆՏՈՆՅԱՆ,Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ,
Մ. ԴՐՄԵՅԱՆ, Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ, Գ. ՀԱԿՈԲՅԱՆ, Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ, Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ, Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ մերժեց  այս երկու նախարարությունների բողոքը և առաջին ատյանի դատարանի վճիռը մտավ ուժի: Հիմա արդեն համոզված կարող եմ ասել, որ այս դեպքում արդեն  մեր դատական համակարգը բարեփոխված է: Բայց միայն բարեփոխված դատարաններով չէ, որ բոլոր հարցերը լուծումներ են ստանում: Հիմա ամեն ինչ գտնվում է մեր կենսաթոշակառուների  հիմնադրամից խնայված գումարներից պարգևատրում ստացած պետական պաշտոնյաների ձեռքում:

Նրանք, որ կարողանում էին օրենքն իրենց ձևով մենաբանել, դատարանի որոշումն ինչ է, որ չկարողանային: Եվ ինչ ստացվեց: Ես, որ շահել էի դատը և պիտի ստանայի ինձ հասանելիք գումարն ըստ դատարանի որոշման, ստացա հասանելիքի միայն կեսի կեսը: Մնացածը հրաժարվում են վճարել՝ դատարանի վճիռն իրենց ձևով մեկնաբանելով: Դատարանն էլ իր հերթին է ուշացնում իմ դիմումի պատասխանը՝ վճիռը պարզաբանելու և հարկադիր կատարման վարույթ բացելու վերաբերյալ: Գուցե պետք է կրկին անգամ դիմել դատարան: Շատ կուզենայի, որ հեղափոխության այս փոփոխությունը, որ տեղի էր ունեցել մեր երկրում, վերջնական և վճռական դառնար:  
                   

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 Կենաթոշակառու