«Ձեր իշխանությունը մինչ օրս չի բացահայտել այդ հանցագործությունն ու խայտառակությունը». Նորայր Նորիկյան

«Ձեր իշխանությունը մինչ օրս չի բացահայտել այդ հանցագործությունն ու խայտառակությունը». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միքայել Մինասյանի կողմից երեկ հրապարակված «փաստերին» ի պաշտոնե կարող են տիրապետել մի քանի սուբյեկտներ՝ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունները, ինչպես նաև՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունները:

Հայաստանի կառավարությունը պարտավոր է ձեռնարկել համապատասխան գործընթաց՝ պարզելու համար, թե ո՞ւմ կողմից են Միքայել Մինասյանին փոխանցվում այդ տեղեկությունները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը և ներկայացնել համապատասխան պարզաբանումներ:

Իսկ եթե չեն համապատասխանում իրականությանը, գործող իշխանությունն առավել ևս պարտավոր է ժամանակ գտնել ու հերքել Մինասյանի կողմից հրապարակվածը:

Պարո՛ն վարչապետ, այս իրավիճակը խայտառակություն է:

Երեք ամսից կլրանա երկու տարին, որ գաղտնալսվել է Ձեր ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցները, և Ձեր իշխանությունը մինչ օրս չի բացահայտել այդ հանցագործությունն ու խայտառակությունը:

Ձեր իշխանությունը դեռևս չի կարողանում լուծել Ռոբերտ Քոչարյանի «միլիարդների» վերադարձի հարցը, չի կարողանում ամբողջական իրավական գնահատական տալ Սերժ Սարգսյանի և վերջինիս իշխանության հենասյունների արարքներին:

Մինչև հիմա հնարավոր չի եղել պարզել գեներալ Մանվել Գրիգորյանի «Տուշոնկեքի» ոդիսականը:

Դուք չեք կարողացել լուծել Գագիկ Բեգլարյանի, Սուրեն Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի, Միհրան Պողոսյանի, Արամ Հարությունյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Լևոն Սարգսյանի, Վաչագան Ղազարանի, Ռուբեն Հայրապետյանի և մնացածի քրեական պատասխանատվության հարցը:

Այս մարդկանցից բացի, քրեական պատասխանատվությունից խուսափել են Գևորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը, Սամվել Մայրապետյանը, Սամվել Ուզունյանը և այլք:

Բացի այդ, մի շարք այլ քրեական գործեր դոփում են տեղում, իսկ որոշ անհատներ անգամ շարունակում են մնալ անձեռնմխելի:

Բացի այդ, մինչ օրս հայտնի չեն մարտի 1-ի մարդասպանները, ինչպես նաև չեն բացահայտվում և հույս էլ չկա, որ կբացահայտվեն նախորդ տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական սպանությունները:

Վերջիվերջո, ինչպես Դուք եք ասում՝ կարելի՞ է լրջանալ, թե՞ ոչ:

Առհասարակ, Ձեր իշխանությունը ունա՞կ է կոնկրետ մեկ հարց լուծել և ներկայացնել հանրությանը, որ այդ հարցը լուծվել և հասցվել է իր տրամաբանական ավարտին: Մարդիկ Ձեզ վստահության քվե են տվել՝ ակնկալելով, որ կփոխվի իրենց կյանքի որակը, և Դուք կիրականացնեք Ձեր խոստումները:

Այս անպատասխանատու մթնոլորտին պետք է վերջ տրվի:
     Հանրային հաշվետվողականությունն այն չի, որ Դուք ամեն օր ելույթներ եք ունենում:

Բարի եղեք հանրությանը ներկայացնել հաշվետվություն, թե ինչո՞ւ է այս մարդկանց լեզուներն այսքան երկարել, ինչո՞ւ չի լուծվում այս մարդկանց քրեական պատասխանատվության հարցը, և այդ ինչպե՞ս է պատահում, որ այս մարդիկ ոչ միայն հասցնում են «Պլստալ» ու թռնել Հայաստանից, այլև, գտնվելով դրսերում, ծիծաղում են Ձեր վրա և ծիծաղի առարկա դարձնում մեր երկիրը»: