Շարունակվում է քաղաքական հետապնդումը «թավշյա» փաթեթավորմամբ․ Վարուժան Ավետիսյան

Շարունակվում է քաղաքական հետապնդումը «թավշյա» փաթեթավորմամբ․ Վարուժան Ավետիսյան

«Միանգամայն սխալ է այն մոտեցումն, որ այս գործին պետք է վերաբերել քրեադատավարական չափման մեջ։ Մենք հասկանում ենք, որ 18 թվականին կիսագաղութային համակարգը, որը կառավարում է Հայաստանը, ընդամենը կոսմետիկ նորոգման է ենթարկվել, Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին։ Պետք է արձանագրեք, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, բնականաբար, կեղեքիչ ռեժիմը չէր կարող սովորական ընթացքով պատժաչափեր նախատեսել, այդ իսկ պատճառով նվազագույնի տարբերակին են դիմում»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն՝ անդրադառնալով դատախազների մեղադրական ճառին, որտեղ միջնորդեցին մեղավոր ճանաչել խմբի անդամներին եւ ազատազրկել։

Հարցին, որո՞նք են լինելու իրենց հաջորդիվ գործողությունները, Ավետիսյանը պատասխանեց,  որ այս պահին ոչ մի գործողություն չեն նախատեսում․ «Իր խոսքը կասի նաեւ ժողովուրդը։ Հանիրավի մեղադրանքներով 2 անդամի ծանրագույն պատիժներ պահանջեցին հանցագործությունների համար, որոնք ռեժիմն է կատարել։ Ինչեւէ, կյանքը պայքար է, ազգային ազատագրական պայքարը շարունակվում է մինչեւ ՀՀ լիակատար ազատագրում։ Իսկ դատավարական մանրուքներին ես անհրաժեշտ չեմ համարում պատասխանել, շարունակվում է քաղաքական հետապնդումը «թավշյա» փաթեթավորմամբ»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով։

Մեղադրողը միջնորդեց՝ Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8 տարի6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։ 

Նշենք, որ 2016 թվականին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից: