Ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից

Ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից

«10 տարի առաջ, երբ Իրանից Հայաստան տեղափոխվելու մտադրությամբ վերադարձանք հայրենիք, առաջին օրը հյուրընկալվեցինք բարեկամիս տանը։ Մեր այցի ընթացքում բարեկամներս լուր ստացան, որ ընտանիքի մտերիմներից մեկը հաշմանդամություն ունեցող երեխա է լույս աշխարհ բերել։ Բարեկամուհիս հեռախոսով հրահանգեց՝ անմիջապես ազատվել «հիվանդ» երեխայից, քանի դեռ ուշ չէ։ Աշխարհը գլխիս փուլ եկավ․ իմ հաշմանդամ աղջնակին սեղմեցի կրծքիս ու ամուսնուս խնդրեցի իսկույն հեռանալ։ Ինձ թվում էր՝ իմ երեխային էլ են խլելու ինձնից»,- պատմում է մտավոր զարգացման արատ ունեցող երեխաների մասնագետ Մարթա Խոսրովյանը։

Վերջինս հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու մասնագետ է դարձել սեփական երեխային օգնելու համար։ Հայաստանում հաստատվելով՝ նաեւ այլոց է օգնում։ Նրան զարմացնում են այն ծնողները, որոնք դժգոհում են գիշերօթիկների փակվելուց։ «Ես հասկանում եմ՝ նրանցից շատերի համար գիշերօթիկները փրկություն են եղել, որտեղ խնդիրներ ունեցող իրենց երեխաներով ուրիշներն են զբաղվել։ Բայց դա ճիշտ չէ․ երեխայի ու հատկապես հաշմանդամություն ունեցող երեխայի հետ պետք է ընտանիքը զբաղվի։ Երեխան պետք է զգա ընտանիքի աջակցությունն ու ապրի հարազատ մարդկանց միջավայրում»։

Ծնողներից շատերի համար գիշերօթիկներն ու հատուկ դպրոցներն ամենից առաջ երեխայի սննդի հարց լուծող հաստատություններ են եղել։ Դրանց փակվելուց հետո սոցիալապես խոցելի խավն իր «հիվանդ» երեխային կերակրելու հարցում լուրջ դժվարությունների առաջ է կանգնել։ «Չի կարելի ապրել միայն հացի համար։ Երեխան նաեւ սիրո կարիք ունի, որն առաջին հերթին ընտանիքը պետք է տա։ Գիշերօթիկում դաստիարակն ինչքան էլ լավը լինի, ինչքան էլ նվիրվի, չի տա այն ջերմությունը, որն ընտանիքից է գալիս։ Չեմ հասկանում այն ծնողներին, որոնց համար գիշերօթիկը հաց ուտելու տեղ է։ Ոնց էլ լինի, մի կտոր ավել հաց կգտնվի․․․»։

Տիկին Մարթան հիշեց վերջերս մարզային դպրոցներից մեկում (մարզն ու դպրոցը չցանկացավ նշել) կատարված մի դեպք, երբ ծնողը հետ է պահանջել իր երեխայի անձնական գործերը՝ այլ դպրոց տեղափոխելու համար։ Երբ հետաքրքրվել են, թե ինչ պատճառով է ուզում տեղափոխել, ասել է՝ չեմ ցանկանում, որ երեխաս սովորի այն դպրոցում, որտեղ նաեւ հաշմանդամ երեխաներ կան։
«Որեւէ մեկը երաշխավորված չէ դժբախտ պատահարներից, այնպես որ, հաշմանդամությունը միայն հաշմանդամինը չէ։ Դա յուրաքանչյուրիս խնդիրն է։ Դժգոհելու եւ մատով ցույց տալու փոխարեն, սեր տվեք ձեր առողջ երեխաներին ու բացատրեք, որ հաշմանդամություն ունեցող իր դասընկերը եթե իրենցից տարբերվում էլ է, ապա միայն՝ ֆիզիկապես։ Ձեր երեխաներին սովորեցրեք սիրել իր տեսակին այնպես, ինչպիսին կա, չէ՞ որ նրանք աշխարհից շատ բան չեն ուզում»։

Հաշմանդամություն ունեցող իր երեխային ոտքի հանած կինը ծնողներին խորհուրդ է տալիս հետեւել իր օրինակին․ ոչ մի դեպքում չբարդույթավորվել, երկար ու համբերատար աշխատել երեխայի հետ ու անկեղծորեն սիրել նրան։ «Իմ փորձը՝ վկա․ Աստված անպատասխան չի թողնում»։