«Սևան» ազգային պարկում վարակը տարածվում է, իսկ նախարարությունը պատասխանի է սպասում
2023 թվականի հուլիսին Շրջակա միջավայրի նախարարությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի «Սեւան» ազգային պարկում տարածվում է վարակ, որի հետեւանքով շուրջ 10 հազար սոճի չորացել է։ Նույն հաղորդագրության մեջ նշվել էր նաև, որ խնդիրը սկսել է նկատվել 2017 թվականից, իսկ նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը հարցին ի պատասխան, թե ինչու ավելի վաղ չեն սկսվել հիվանդությունը կանխարգելող միջոցառումները, եթե խնդիրը նկատվել է դեռ 2017-ին, պատասխանել էր, որ այս տարիների ընթացքում ուսումնասիրություններ եւ հետազոտություններ են կատարվել հիվանդությունը ախտորոշելու համար։ Նա հայտնել էր նաեւ, որ առաջիկայում պլանավորվում են կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ՝ հիվանդության դեմ պայքարելու համար։ Այս հայտարարությունից 5 ամիս անց փորձեցինք պարզել, թե կարճաժամկետ ու երկարաժամկետ ի՞նչ ծրագրեր են իրականացվել վարակի տարածումը կանխելու համար, չորացած 10 հազար ծառերից քանի՞սն են հատվել, նախարարությունից նախ վստահեցրին, որ ծառեր չեն հատվել, իսկ վարակի տարածումը կանխելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան հետևյալն են ուղարկել․
«Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 9-ի «Անտառների վնասատուների հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպման մասին» № 349-Լ հրամանով հաստատվել են անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները. ստեղծվել է վերոնշյալ միջոցառումների կազմակերպման, գնահատման և համակարգման աշխատանքային խումբ, ինչպես նաև սահմանվել է աշխատանքային խմբի աշխատակարգ: Խնդրի կարգավորման շրջանակներում նախատեսվում է իրականացնել համալիր միջոցառումներ, որոնք կնպաստեն անտառների վնասատուների և հիվանդությունների տարածման կանխարգելման կարգավորմանը։ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների կողմից իրականացվում են դաշտային հետազոտություններ և նմուշառումներ: Մինչև տարեվերջ համապատասխան գիտական եզրակացության ստացման դեպքում կհստակեցվեն նաև նախատեսվող միջոցառումների իրականացման առանձնահատկությունները»։
Այս պատասխանից պարզ է դառնում, որ այս 5 ամիսների ընթացքում վարակի տարածքումը կանխելու համար որևէ քայլ չի արվել, բացի ուսումնասիրություններից ու աշխատանքային խմբերի ձևավորումից, իսկ վարակը շարունակում է տարածվել, ծառերը շարունակում են չորանալ։
Կարծիքներ