Ճշմարտությանն անարժանները

Ճշմարտությանն անարժանները

Ճշմարտությունը երբեք մի ասա այն մարդկանց, որոնք դրան արժանի չեն։ 
Մարկ Տվեն


ԲՀԿ քաղխորհրդի նիստում հնչած՝ իշխանության «հարյուր տոկոսով» հրաժարականը պահանջելու քաղաքական հայտարարությանն իշխանական քարոզչամեքենայի անհամարժեք արձագանքի վերաբերյալ հարցադրմանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վերջին ճեպազրույցում պատասխանել է․ «Երբ քաղաքական ուժը հայտարարություն է անում, բնական է, որ կարող է հնչել նաեւ պատասխան քաղաքական հայտարարություն․․․»։ Տիկին Մակունցի խոսքում ճշմարտության հատիկը փորձենք գտնել՝ համադրելով խնդրի վերաբերյալ հայտնի երկու էական փաստ։ Փաստ առաջին․ ԲՀԿ-ն իրավամբ քաղաքական հայտարարություն է արել (կարելի է նույնիսկ համարել, որ քաղաքական նշանակալիության առումով դա այս կուսակցության թերեւս եզակի քաղաքական հայտարարություններից մեկն է)։ Փաստ երկրորդ․ իշխանական կողմն այդ հայտարարությանը որեւէ պաշտոնական, ասել է թե՝ քաղաքակիրթ ձեւաչափով չի արձագանքել։ 
Փոխարենը մի գիշերում ոտքի են հանվել պատգամավոր-ֆեյսբուքագիրների գրոհայինները, «ֆաս» հրամանի սպասող ֆեյք-գվարդիան, այլազան չինովնիկներ՝ ընդհուպ մարզպետ-համայնքապետեր։ Հետիշխանափոխական Հայաստանի պատմության մեջ այդ անփառունակ օրը հավերժորեն արձանագրվեց որպես հայ պրակտիկ քաղաքականության ամոթ, մանավանդ երբ վերոնշյալ ստորաբաժանումներին (բառի նաեւ ստուգաբանական իմաստով) միացավ, իսկ ավելի ստույգ՝ անուղղակի հրահանգ ի ջ ե ց ր ե ց իշխանա-ընտանեկան մամուլը՝ համացանցին սուտ հղման եղանակով հրապարակ նետելով 40 տարվա վաղեմության մի քրեական գործ, որն իր քստմնելի մանրամասներով բոլոր հիմքերը տալիս էր պատասխանատվության կանչելու տվյալ լրատվամիջոցին՝ պոռնկագրական նյութեր տարածելուն օժանդակելու մեղադրանքով։

Բայց վերջին ճեպազրույցում Ազգային ժողովի «բարձր» միջանցքում տիկին Մակունցը, ավաղ, ապատեղեկատվություն էր տարածում՝ պնդելով, թե իր կուսակցությունը եւ իշխանությունն ընդամենը «պատասխան քաղաքական հայտարարություն» են հնչեցրել։ Ասում եմ՝ ավաղ, որովհետեւ նրանք ո՛չ մի քաղաքական հայտարարություն չեն հնչեցրել, հնչեցրել են սպառնալիք, ատելության խոսք, գռեհկություն, չարություն, կեղծիք, բայց ո՛չ քաղաքական հայտարարություն։
Եվ ստացվեց աննախադեպ բան․ ԲՀԿ-ն այդ օրը ասել էր ճշմարտությունը մարդկանց, որոնք արժանի չէին դրան։

Սակայն վերադառնամ ճեպազրույցին, որն իր կեղծապաշտ բովանդակությամբ խիստ բնութագրական է այս իշխանությունների համար։ Մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարի փարիսեցիությունն ուղղակի աննախադեպ էր, երբ պատասխանում էր նույն թեմայով մեկ այլ հարցի, թե ինչո՛ւ են իշխանությունները պարբերաբար հրապարակ նետում քրեական գործեր կամ այդ մասին ակնարկ-հիշեցումներ, երբ դրանց քաղաքական ենթատեքստն աներկբա է։ Տիկին Մակունցը, ով, ինչպես հիշում ենք նրա հանրահայտ ինքնաբնութագրից, ժամանակակից «գերմշակութակիր» պաշտոնյաներից է («մշակույթը ես եմ, մշակույթն իմ մեջ է»), մշակված նրբամտությամբ խուսափեց հարցի ուղղակի պատասխանից՝ նկատելով, որ քրեական գործերը քննվում են իրավական հարթությունում, հետեւաբար, Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր մարմին, չի կարող տեղյակ լինել ինչ-ինչ քրեական գործերից։ Եվ սա ասում էր մի կուսակցության անդամ, ում նույնիսկ կուսակցապետի դուստրը հոր ընդդիմադիրներին ահաբեկում է քրեական գործերով ու հնարավոր պատիժներով՝ այնքան լավատեղյակ լինելով բոլոր առումներով իրեն բացարձակապես չվերաբերող գործերից։ 

Հիրավի, մեծագույն հարց է՝ մերօրյա իշխանավորներին արդյո՞ք պետք է ճշմարտությունը։ Վարչապետ Ն․ Փաշինյանին պե՞տք է ճշմարտությունն իր կառավարության ձախողման, գահավիժող վարկանիշի, հանրային խորացող հիասթափության մասին։ Ճշմարտությունն արդյո՞ք արժեք ունի մի մարդու եւ կուսակցության համար, որոնք իրենց հերոսաբար ձերբազատել են որեւէ իզմ-ից, որեւէ գաղափարախոսությունից։ Գաղափարազուրկների համար ճշմարտությունը մի՞թե որբ չէ, որի գլխին ով ասես կարող է բամփել, ինչպես տեսանք վերեւում։ 

Այսօր այլեւս ակնհայտ է, որ իշխանությունների համար ճշմարտությունը մի խորտիկ է, որ իշխանական ճաշասեղանին չի մատուցվում ո՛չ նախաճաշին, ո՛չ ճաշին, ո՛չ ընթրիքին, նույնիսկ գիշերը թաքուն չի ուտվում․ այդ կերակուրն իշխանական խոհանոցում մերժված է ընդհանրապե՛ս։
Այո, փաստ է, որ իշխանություններն ամեն գնով եւ հետեւողականորեն խուսափում են ճշմարտությանն առերեսվելուց։ Հետեւաբար, ինչպես ասում է անգլիացի մեծ գրողը, նրանք արդեն արժանի էլ չեն ճշմարտությանը։