Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը

Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը

3 ծրագիր՝ երեք տարվա ընթացքում, տեղակայված 269 LED լուսարձակ եւ 8,5 կմ երկարությամբ լուսավորված տարածք: Սահմանապահ Բերդավանում, միայն փողոցների լուսավորության ծրագրով, 2016-2018 թվականներին՝ այսպիսին էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերության ամփոփ պատկերը: Համագործակցությունը շարունակվել է նաեւ ընթացիկ տարում. իրականացվել է  փողոցային լուսավորության 4-րդ ծրագիրը: 2019 թվականին, գործընկեր կառույցների եւ Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է 56-ով՝ լուսավորելով 2 կմ ընդհանուր երկարությամբ եւս հինգ փողոց: Իրականացված ծրագրերի շնորհիվ Բերդավանում, ընդհանուր առմամբ, արդեն լուսավորվել է 10,5 կմ ճանապարհահատված: Տարիների ջանքերի շնորհիվ լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց եւ համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը եւ համայնքի բնակիչները:
«Խնդիրները նման են ճահճի. որքան անտեսվում են, այնքան ավելի մեծ ջանքեր են պահանջվում հետո՝ դրանցից ազատվելու համար։ Եթե մենք երազում ենք լավ միջավայրի ու բարեկեցիկ երկրի մասին, պետք է ձգտենք ավելի խորքային մտածողություն ունենալ եւ մեծ ուշադրություն դարձնել գյուղերին։ Քաղաքն իր բնույթով ավելի լսելի է։ Մինչդեռ գյուղը՝ հատկապես սահման պահողը, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ հոգեբանական մեծ աջակցության կարիք է զգում։ Մենք Բերդավանում շատ ենք եղել։ Ձգտել ենք մեծ խնդիրներ լուծել շարունակական ծրագրերով։ Այսօր այստեղ ենք՝ հերթական ծրագրի արդյունքը տեսնելու համար։ Ուրախ եմ, որ գյուղում անվտանգ անցուդարձը հնարավոր է դարձել եւս մի քանի փողոցի բնակիչների համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բերդավանը Հայաստանի սահմանապահ այն հազվագյուտ գյուղերից է, որտեղ փողոցները լուսավորվում են ամբողջ գիշեր: LED լուսարձակների բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն եւ մաքուր շրջակա միջավայր։ Գյուղում արդեն իսկ գնահատել են համակարգի արդյունավետությունն ու կարեւորությունը:  Թեթեւացել է  համայնքի ֆինանսական բեռը. LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար եւ սպառում 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Լուսավորության խնդրի կարգավորման շնորհիվ լուծվել են նաեւ  օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու եւ երթեւեկելու խնդիրները, ինչն առավել կարեւոր է սահմանապահ գյուղերում:

Սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները, «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդյունավետ գործընկերություն են ծավալում՝ 2015թ.-ից սկսած: Արտաքին լուսավորության համակարգ կառուցելուց բացի, այստեղ իրականացվել են նաեւ այլ ծրագրեր. գյուղի մանկապարտեզն ու երաժշտական դպրոցն ապահովել են ջեռուցման արեւային համակարգերով: