Արմեն Խաչատրյանը պետք է ներողություն խնդրի

Արմեն Խաչատրյանը պետք է ներողություն խնդրի

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, թե կաթողիկոսները ժողովուրդ չեն, իմ կարծիքով՝ անզգույշ հայտարարություն է` Հայաստանում սկսված խորը եւ համապարփակ ճգնաժամով պայմանավորված: Ես դա համարում եմ մի մարդու հայտարարություն, որ, հուսախաբված գործող իշխանություններից եւ լինելով այդ նույն իշխանության ներկայացուցիչը, փորձում է դեռ մի բան շտկել ներքին առճակատումների թոհուբոհի մեջ: Ոչ մի տարակույս չկա, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի գնացքը վաղուց է գնացել: Դա գիտեն թե՛ ՀՀ բազմահազար քաղաքացիներ, թե՛ քաղաքական բոլոր ուժերը եւ թե՛ Արմեն Խաչատրյանն ու նրա նման շատ մարդիկ, որոնք ուղղակի ցավ են ապրում այս ամենի համար: 

Չէի ցանկանա, որ մեր հայրենակիցներն Արմեն Խաչատրյանի մասին պատկերացումներ կազմեին նրա այդ ակամա հայտարարությամբ եւ կամ սոցիալական ցանցերում նրա անվան շուրջ սկսված հիստերիայով: Արմեն Խաչատրյանը հաստատ այն անձնապաշտ իմքայլականներից չէ, որոնք տասնյակներով թափված են ԱԺ-ում եւ գործադիր իշխանությունում: Նրանցից ոչ մեկի համար ես ցավ չէի ապրի: Եվ ես սա ասում եմ Արմեն Խաչատրյանի հետ ունեցած իմ անձնական ծանոթության, ոչ հաճախակի, բայց բովանդակալից զրույցների հիման վրա եւ կարող եմ վստահեցնել, որ այս թոհուբոհում երիտասարդ այդ գործչի մեջ մենք կարող ենք անզգուշորեն սպանել հայրենասեր, կիրթ, մեր երկրի համար իսկապես պիտանի մարդուն: Եթե կուզեք՝ սա համարեք իմ անձնական կարծիքը, բայց նաեւ միշտ հիշեք, որ Նիկոլ Փաշինյանով ոչինչ չի սկսվել եւ ոչինչ էլ չի վերջանալու, իսկ մեր վտանգված պետությունը պետք է ոտքի կանգնի, շտկի մեջքն ու առաջ գնա նաեւ Արմեն Խաչատրյանի ու նրա նման շատ հայրենասեր մարդկանց շնորհիվ: 

Գանք աղմկահարույց հայտարարությանը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հորդորել էին Փաշինյանին՝ որպես Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության համար այս իրավիճակում ամենահեռատես եւ նպաստավոր քայլ՝ հրաժարական ներկայացնել: Զույգ կաթողիկոսների խոսքում ամեն բառ, ամեն նախադասություն մտածված էր մինչեւ վերջ, կշռադատված: Չկա որեւէ արտահայտություն, որ կվկայեր, թե նրանք իրենց անձնական վերաբերմունքն են դրսեւորում Փաշինյանի հանդեպ կամ, առավել եւս, որեւէ շրջանակի թելադրանքը կատարում:

Հետեւաբար, ո՞ւմ անունից են խոսել կաթողիկոսները, ո՞ւմ համար են փրկության դուռ ցույց տվել, եթե ոչ սեփական ժողովրդի եւ հայոց պետականության: Եվ այս համատեքստում հայտարարել, որ կաթողիկոսները ժողովուրդ չեն, մեղմ ասած, մոլորություն է եւ փաշինյանական մտածելակերպ: Դա այսպես կարող է հնչել՝ ես կաթողիկոսին չեմ ընտրել, հետեւաբար, կաթողիկոսն ինձ չի ներկայացնում: Այսինքն՝ այն հանգամանքը, որ ողջ հայության գրեթե 99 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է, մի կողմ է դրվում եւ կարեւորվում է կաթողիկոսի՝ ժողովրդի կողմից ուղիղ չընտրվելու հարցը: Սա նույնն է, թե ասես՝ Հռոմի պապը կաթոլիկ աշխարհը չի ներկայացնում: 

Փաշինյանն իր իշխանության առաջին օրերից է սկսել հալածել Հայ եկեղեցին եւ եկեղեցու սպասավորներին: Գարեգին Բ կաթողիկոսին քաշքշեցին, հայ հոգեւորականին դուրս հրավիրեցին հայկական դպրոցից, պատրաստվում էին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանել ծրագրերից: Ու եթե չլիներ ժողովրդի ընդվզումն այս խայտառակության դեմ, գուցե այսօր արդեն կողպեքներ կախվեին մեր եկեղեցիների դռներին: Արդարացի՞ էր, արդյոք, «ժողովուրդ ներկայացնող» վարչապետն այս հարցում: Վստահաբար՝ ոչ: Կասեք՝ փողոցային խուժանն է հարձակվել կաթողիկոսի վրա, սորոսական նախարարն է հայ հոգեւորականին վռնդել դպրոցից, այդ նա է որոշել «Եկեղեցու պատմություն» առարկան հանել ծրագրերից: Շատ ներողություն, բայց մի մոռացեք, որ այդ նույն նախարարին կրծքով պաշտպանողը ժողովրդի վարչապետն է, նախարարի պաշտոնից նրան հանում՝ իրեն խորհրդական է նշանակում: Ժողովրդի՞ն է ներկայացնում վարչապետն իր այդ գործողություններով:

Ժողովո՞ւրդ էր ներկայացնում Նիկոլ Փաշինյանը 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրում էր խայտառակ կապիտուլյացիայի եռակողմ հայտարարությունը: Ո՞վ էր նրան լիազորել… Իսկ գուցե Փաշինյանը պարզապես օգտվեց անպատժելիության մթնոլորտի՞ց, որ նա, ժողովրդի անունը տալով, իր համար ստեղծել էր պատերազմից առաջ՝ քանդելով Սահմանադրական դատարանը, յուրայինների վերահսկողության տակ դրել բոլոր իրավապահ եւ ուժային կառույցները: 

Փաշինյանի համար ժողովուրդ է միայն այն զանգվածը, որ 2018թ․ դեկտեմբերի ընտրություններին ձայն է տվել իրեն: Չմոռանանք, սակայն, որ այդ զանգվածի մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է: Իսկ աշխարհում կան ընտրական իրավունք ունեցող միլիոնավոր հայեր, որոնք Փաշինյանին չեն ընտրել, եւ նրանց միավորողը կրկին Հայ Առաքելական եկեղեցին է՝ իր հոգեւոր առաջնորդներով՝ կաթողիկոսներով ու պատրիարքներով: Եվ ուրեմն՝ ո՞վ է ժողովուրդը՝ իր մի քանի կողմնակիցներով մնացած Փաշինյա՞նը, թե՞ զույգ կաթողիկոսները, որ հայության անունից հայրաբար դիմել են Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնել եւ հայոց միակ պետությունը չտանել վերջնական քայքայման: 

Ինձ թվում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս օրերին արդեն հասցրել է ծանրութեթեւ անել իր հայտարարությունն ու առաջիկա օրերին կհայտարարի, որ սխալվել է: Եվ նա դա կանի ոչ թե սոցիալական ցանցերում իր «ընդդիմադիրների» բերանը փակելու, այլ հանուն իր ընտրազանգվածի, որ ունի Սյունիքում, որ իր «բաժին ժողովուրդն» է, որ այսօր համայնք առ համայնք պահանջում է Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը: Ասել, որ Արմեն Խաչատրյանը «ժողովուրդ չէ» եւ չի կարող իր ընտրողների պահանջը ներկայացնել Ազգային ժողովում, նույնպես ճիշտ չէր լինի: Մենք պարզապես գործ ունենք ժողովրդի հոգեւոր եւ աշխարհիկ ըմբռնումների հետ, որոնք Սահմանադրությամբ, ճիշտ է, առանձնացված են, բայց երբեք չեն կարող գոյություն ունենալ առանձին, երբ վտանգվում է եկեղեցին կամ պետությունը: Եկեղեցին պետության կողքին է եկեղեցի, պետությունը՝ եկեղեցու կողքին պետություն: