Ինչո՞ւ դատապարտյալներին չեն ուղարկում սահման

Ինչո՞ւ դատապարտյալներին չեն ուղարկում սահման

Ինչպես հայտնի է՝ Արդարադատության նախարարությունը մերժել էր  քրեակատարողական հիմնարկներում գտնվող այն քաղաքացիներին, որոնք ցանկություն էին հայտնել՝ մեկնել առաջնագիծ։ ՔԿՀ-ից «Հրապարակ»-ին փոխանցել էին, որ Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։ Ինչպես ցույց տվեցին կորանավիրուսային համավարակի 7-8 ամիսները, սա միայն պատրվակ է, քանի որ քաղաքական որոշման դեպքում, անհրաժեշտ իրավական կարգավորումներն ունենալը տեխնիկայի հարց է՝ մեկ ԱԺ արտահերթ և վերջ։ Եվ հետևաբար, խոսքն այստեղ այն մասին է, որ պետությունը չի ուզում դատապարտյալներին ուղարկել առաջնագիծ։  

Սակայն  ցմահ դատապարտյալների մեծ մասը ևս նման ցանկություն հայտնել է։ Ցմահ դատապարտյալներից Մհեր Ենոքյանը ևս հայտնել էր, որ բանտերում ու գաղութներում փակված հազարավոր հայ տղամարդիկ կարող են և պետք է այս օրերին լինեն սահմանում: Ենոքյանն ինքն էլ նման դիմում էր ներկայացրել՝ դեռ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հեռուստացույցով իմացել էր, որ թշնամին ռմբակոծում է Ստեփանակերտը, նա պատրաստակամություն էր հայտնել  թե՛ զենքը ձեռքին կռվելու,  թե՛  վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու, որպես մասնագիտությամբ բժիշկ։ 

Ինչու պետոթյունը չի ցանկանում գնալ այս քայլին, մանավանդ, որ պատմության մեջ նման նախադեպեր եղել են։ 1941- ին, օրինակ,  ГУЛагը բեռնաթափվեց շուրջ մեկ միլիոն դատապարտյալների վաղաժամկետ ազատման հաշվին։ Պետությունն ինչ նկատառումներով չի ուզում առաջնագիծ ուղարկել դատապարտյալներին ու հատկապես՝ ցմահներին, անհայտ է, բայց ենթադրություներ կարելի է անել։ Որոշ մեկնաբանություններ ստացանք այս նուրբ թեմայի վերաբերյալ։ Մասնավորապես, որ նախ, «սա կարող է դիտվել որպես թուլության նշան»։ Երկրորդ ցմահ ազատազրկվածները ֆիզիկական (hնարավոր է՝ նաև բարոյական ու հոգեկան) բարվոք վիճակում չեն և ռազմաքաղաքական իշխանությունը համարում է, որ նրանցից ավելի շատ խնդիրներ կարող են առաջանալ, քան ռեալ օգուտ։ 

Զրուցեցինք նախկին ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ ցմահ դատապարտյալների թիվն այնքան էլ մեծ չէ, այս պահին  հանրապետությունում կա մոտ 88 դատապարտյալ։ Նա ասաց, որ 113-ից մի քանիսն ազատվել են, մյուսները մահացել վերջին տարիներին։ Ստեփան Գրիգորյանը, որպես նախկին ցմահ փոքր-ինչ կաշկանդված էր այս թեմայով զրույցի համար։
«Մատների վրա հաշված մարդ կա, որ իրոք, անկեղծ նման ցանկություն կարող է ունենալ։ Օրինակ՝ մի  «Ուզբո» կար՝ Արթուր, սալդատ տղա էր, ես հավատում եմ, որ ինքը կգնա կռիվ ու լավ կկռվի։ Էլի մի քանի տղա։ Էդ 88 հոգուց՝ մի 10-15 հոգի»,- այսքանն ասաց Գրիգորյանը։