Չկա այդպիսի լուր, որն իմ մոտ խուճապ կառաջացնի

Չկա այդպիսի լուր, որն իմ մոտ խուճապ կառաջացնի

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ։

- ԶԼՄ-ների նկատմամբ նման խիստ սահմանափակումների կիրառումը, Ձեր կարծիքով, ճի՞շտ որոշում էր:

- Առաջին փուլում շատ կարեւոր էր, որ ինֆորմացիան լինի հստակ, որովհետեւ ինֆորմացիան կարող էր առաջացնել ավելի մեծ վնասներ, քան կորոնավիրուսը՝ ինքը: Եթե սկզբնական օրերը հիշում եք՝ նույնիսկ խուճապ էր նկատվում, մարդիկ խանութներից մեծ առեւտուր էին անում: Եթե այդ տրամադրությունները լինեին շարունակական, ապա մեր տնտեսությանը դա կտար միլիոնապատիկ ավելի վնաս, քան կորոնավիրուսը 20 տարվա ընթացքում: Հենց դրա համար ես կարծում եմ, որ շատ ճիշտ սահմանափակում էր, եւ այդ սահմանափակման անունը չպիտի դնել ԶԼՄ-ների դեմ ինչ-որ միջոց:

- Բայց իշխանության ներկայացուցիչները հաճախ ավելի մեծ խուճապ էին տարածում, քան որեւէ լրատվամիջոց, օրինակ՝ մարզահամերգայինի մահճակալների լուսանկարը:

- Ես Ձեզ հետ համաձայն եմ, որ կարող էին խուճապ տարածել, բայց եկեք «խուճապ» բառը ճիշտ գնահատենք: Դա երկակի գնահատման խնդիր է, նույն այդ նկարով մեկը մի բան կհասկանա, մյուսը՝ ուրիշ բան: Օրինակ, ես որպես քաղաքացի, վստահում եմ կառավարությանը, ուզում եմ տեսնել՝ արդյոք նախապատրաստվո՞ւմ է հետագա բարդություններին․․․ Ես չգիտեմ, թե այդ լուսանկարն ով է հրապարակել, բայց ես ինձ դրանից լավ զգացի որպես քաղաքացի, որ պետությունը քնած չէ, նախապատրաստվում է, թեպետ դրա կարիքը չկա: 

- Իսկ երբ, օրինակ, լսում եք, որ չնայած արտակարգ դրությանը, մարզերում բազմամարդ միջոցառումներ են անում, դրանից խուճապի՞ եք մատնվում: Մեր այդ հրապարակումը, պարզվեց, խուճապ է առաջացրել, իսկ Դուք ասում եք՝ ԶԼՄ-ների դեմ չէ:

- Ես կրկնում եմ՝ խուճապ առաջացնելն ինդիվիդուալ հասկացություն է: Եթե խոսքը կոնկրետ իմ մասին է, ապա չկա այդպիսի մի լուր, որն իմ մոտ խուճապ կառաջացնի: Օրինակ, եթե մեր տունը հրդեհվի էլ, ինձ ասեն, ես խուճապի չեմ մատնվի: Ես գիտակցում եմ, որ խուճապը վնաս է, ուստի ցանկացած սթրեսային իրավիճակում փորձում եմ սառը դատել:

- Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներին զրկել եք այս թեմայով հրապարակումներ անելուց, ուստի հնարավոր համարո՞ւմ եք, որ իրական պատկերը թաքցնում են՝ վարակակիրների, մահվան տվյալները, եւ արտակարգ դրությունը հանելուց հետո մարդիկ ավելի անզգույշ ու անփույթ դառնան, ու ավելի վատ պատկեր ունենանք:

- Ուրեմն մի բան ֆիքսեք․ այս իշխանության միակ եւ հզոր զենքը վստահությունն է, ուրիշ զենք չունի: Այս իշխանությունն իր կառավարումը չի իրականացնում զենքի ուժով, բռնության, կեղծիքի, փողի, ոչ մի բանի ուժով: Հիմա ես Ձեզ հարց եմ տալիս՝ կարո՞ղ եք այնպիսի թեմա ասել, հանուն որի իշխանությունը պատրաստ կլինի կորցնել իր վստահությունը: Ասենք՝ մի հատ ստից հարցում, այդ թվում՝ այս կորոնավիրուսի, ո՞նց եք պատկերացնում՝ կառավարությունն այնպիսի գործողություն անի, որ հասարակության աչքում կորցնի վստահությունը: Եթե կեղծի, խաբի հասարակությանը, պարզ է, չէ՞, որ կկորցնի վստահությունը: Մենք հասարակության աչքում չենք ընկնի, եթե մեր գործողություններում սխալ լինի, թերություններ, դրանք միշտ լինելու են, վստահությունը կկորի միայն կեղծիքի, ստի արդյունքում, իսկ այս կառավարությունը չի գնա այդ քայլին: