Ասֆալտը անում են, գծանշումները՝ թողնում

Ասֆալտը անում են, գծանշումները՝ թողնում

Հայաստանի իշխանությունները, որ եկած-չեկած՝ գլուխ են գովում, թե իրենք կիլոմետրերով ասֆալտ են, ճանապարհ են սարքել արել Հայաստանում, բայց, միևնույն ժամանակ, նախկինների սարքած ճանապարհները հեշտությամբ հանձնում են թշնամուն, այդպես էլ նորմալ ու որակյալ ասֆալտ անել չսովորեցին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ոչ Սուրեն Պապիկյանի՝ նախարար եղած ժամանակ, ոչ էլ այսօր՝ Գնել Սանոսյանի ղեկավարման պայմաններում, այդպես էլ չկարողացավ շինկազմակերպությունների հետ այնպես կնքել պայմանագրերը, որ ասֆալտը անեն նախ՝ որակով, և ամենակարևորը՝ ավարտելուց անմիջապես հետո իրականացնեն գծանշումները, որովհետև դա ոչ պակաս կարևոր ատրբուտ է անվտանգ երթևեկության համար։

Մենք երեկ երթևեկել ենք Կոտայքի մարզի մի շարք համայնքներ իրար կապող ճանապարհներով, որոնց որոշ հատվածներում նոր ասֆալտ են «փռել», բայց դրանից և ոչ մեկում գծանշումներ արված չեն։ Մինչդեռ ասֆալտապատման աշխատանքները վաղուց էին ավարտվել, սակայն վարորդները, հատկապես գիշերվա ժամերին, ստիպված են երթևեկել սև ասֆալտի վրա՝ առանց գծանշումների, առանց լույսանդրադարձիչ նշանների, ինչը շատ վտանգավոր է, հատկապես, որ ճանապարհների մեծ մասում կողային արգելապատնեշներ չկան։

Օրինակ՝ Երևան-Սևան մայրուղու Չայնիի ոլորանների մի հատված այս ընթացքում միակողմանի ասֆալտապատեցին։ Թե որն է նորմալ երթևեկելի ճանապարհը նորից քանդելու և նոր ասֆալտ անելու իմաստը, այդպես էլ չհասկացանք, բայց կարող ենք փաստել, որ այդ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները վաղուց ավարտվել են, սակայն գծանշումները դեռ արված չեն։ Երեկ նոր-նոր կողային հատվածերում են գծանշում իրականացնում։ Երևի մի ամսի էլ գիծ կքաշեն։ Իսկ մայրուղու՝ Արծվի թևեր կոչվող հատվածում առկա կամուրջն էլ քանդել են ու Աստված գիտի՝ մինչև տարեվերջ կավարտեն նոր կամուրջի շինարարությունը, թե՞ ոչ, որովհետև շատ դանդաղ են աշխատում։

Նույն պատկերն է նաև Քանաքեռավանից Զովունի տանող ճանապարհին, որտեղ ևս տեղ-տեղ նոր ասֆալտ են «փռել», բայց գծանշումներ չեն արել, նույնը նաև Լուսակերտից Կարենիս ու կողքի գյուղեր տանող ճանապարհն է, որտեղ ոչ գծանշումներ կան, ոչ ճանապարհային նորմալ նշաններ ու լույսանդրադարձիչներ կան, և գիշերային մթության պայմաններում, երբ լուսավորություն էլ չկա, չափազանց վտանագավոր է այդ ճանապարհով երթևեկելը։

Բայց այս կառավարության ճանապարհաշինական «նվաճումների» ամենաակնառու օրինակը, թերևս, Սյունիքի մարզում է, երբ նախկինների սարքած Գորիս-Կապան մայրուղին առանց որևէ դիմադրության մի գիշերվա մեջ հանձնեցին թշնամուն, ու ստիպված եղան Տաթև-Աղվանի ճանապարհը դարձնել որպես այլընտրանքային, շրջանցիկ երթուղի Գորիսից Կապան երթևեկողների համար։ Ու քանի որ ժամանակին այդ մասին չէին հոգացել՝ իրենք ժամանակին միայն կարողանում են ճանապարհները հանձնել, ոչ թե կառուցել, արագ-արագ մեկ անձից գնման կարգով ասֆալտ արեցին Տաթևով անցնող ճանապարհը, որը օրեր սկսեց ճաքեր տալ ու քանդվել։