Ռուսաֆոբիան «բարեկամացրել» է Փաշինյանին եւ Ալիեւին. վտանգավոր խաղ են սկսել

Կա մի բան, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին միավորում է՝ դա Ռուսաստանի հանդեպ ունեցած հակակրանքն է։ Եվ եթե կարելի է անտեսել այն խնդիրները, որոնք պատմականորեն գոյություն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ, ապա Ռուսաստանի հանդեպ ատելությունը կարող է իսկապես միավորել նախկին խորհրդային հանրապետությունների այս երկու ղեկավարներին: Ընդ որում, յուրաքանչյուրն ունի ատելության իր պատճառները։ Բայց էությունը մոտավորապես նույնն է: Նման հոդված է հրապարակել ռուսական «Мировое Политическое Шоу» լրատվական-վերլուծական կայքը:
«Ինչո՞ւ են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն այդպես թիրախավորել Ռուսաստանը. ի վերջո, Ռուսաստանը չխլեց նրանց տարածքները, չկիրառեց տնտեսական շրջափակում, այլ ընդհակառակը՝ միշտ ձգտել է համագործակցել եւ ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները, այդ թվում՝ խաղաղապահ, ինչպես առաջին ղարաբաղյան պատերազմի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկրորդ հակամարտության ժամանակ։ Բայց «կռիվը բաժանողի» դերն ակնհայտորեն անշնորհակալ է. արդյունքում երկու առաջնորդներն էլ Ռուսաստանին վերաբերվում են կողմնակալությամբ, ինչ-որ առանձնահատուկ թշնամությամբ։ Ավելին, իրավիճակը սրվեց հենց ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Եվ առաջինը Փաշինյանն էր, որ սկսեց բացահայտ ռուսաֆոբիա դրսեւորել։ Ավելին, մինչ այս, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ալիքով իշխանության եկած Հայաստանի վարչապետը փորձում էր Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ պահվածք դրսեւորել կամ գոնե ձեւացնում էր։ Բայց շուտով բոլոր դիմակները հանվեցին»,- ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականը հիշեցնում է, որ 2023-ին Նիկոլ Փաշինյանն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել եւ հայտարարել է, որ «մի օր կարող է արթնանալ եւ չտեսնել Ռուսաստանը Հարավային Կովկասում»։ Փաշինյանը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի մեղքը բարդեց «ռուս խաղաղապահների վրա՝ մեղադրելով նրանց անգործության» մեջ՝ չգիտես ինչու մոռանալով, որ եթե չլիներ Ռուսաստանը, Ալիեւը հեշտությամբ կարող էր գրավել ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանի կեսը։
«Միաժամանակ Փաշինյանը Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդումն անվանել է «ռազմավարական սխալ»։ Նա նաեւ հայտարարել է, որ Երեւանը «հույսեր է կապել իր դաշնակիցների հետ, սակայն նրանք որոշել են ցույց տալ իր թույլ կողմերը եւ անկախ Հայաստանի գոյության անհնարինությունը»։ Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց ազատել ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Շուտով Փաշինյանի համար հակառուսական հռետորաբանությունը սովորական դարձավ, եւ Հայաստանի վարչապետն էլ ավելի ուժեղ ձգվեց դեպի ԵՄ, որտեղ նա միամտորեն հույս ունի ստանալ անվտանգության երաշխիքներ, որոնք իբր չի կարողացել ստանալ Մոսկվայից՝ գրում է հեղինակը։ Միեւնույն ժամանակ, 2025 թ․ հունվարի 31-ի ասուլիսում Փաշինյանը հայտարարեց. «Երեւանի եւ Մոսկվայի միջեւ երկխոսությունը չի կարող վարվել սպառնալիքների լեզվով»։ Այսպես է նա մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը՝ ակնհայտորեն փորձելով սրել իրավիճակը հօգուտ իր եվրոպացի կուրատորների, ըստ հոդվածագրի։
Ակնհայտ է, որ Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի կառավարության կողմից ԵՄ անդամակցության մասին օրենքի նախագծի հաստատմամբ։ «Փաստն այն է, որ մենք նաեւ որոշակի մտահոգություններ ունենք Ռուսաստանի Դաշնության քաղաքականության եւ դիրքորոշման հետ կապված, բայց ինչո՞ւ ԵՄ-ին անդամակցելու ցանկություն առաջացավ Հայաստանի քաղաքացիների մոտ։ Սա կապված է նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ակնարկելով, որ իրենք գոհ չեն Ռուսաստանի հետ հարաբերություններից, եւ որ Հայաստանը պետք է դառնա ԵՄ մաս»,- շարունակում է ռուս հոդվածագիրը:
Հրապարակման մեջ հիշեցվում է, որ հունվարի 22-ին խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել հակառուսական սկանդինավյան-բալթյան ութնյակի խորհրդարանների խոսնակները եւ փոխխոսնակները, իսկ հունվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը Դավոսում շփվել է ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեի հետ. «Փաշինյանը վերջին շրջանում ամեն կերպ փորձում է ցույց տալ իր ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչը կարող է մեծ անախորժությունների պատճառ դառնալ նրա համար, քանի որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չափազանց հեռավոր հեռանկարի հարց է, եւ Հայաստանն այստեղ եւ հիմա բավական խնդիրներ ունի, վստահ են փորձագետները»:
Ինչ վերաբերում է Ալիեւին, ապա նա, քննադատելով Ռուսաստանին, սկսել է իր քաղաքական կարիերայի ամենավտանգավոր խաղը՝ վստահ են ռուս քաղաքագետները։ «Խնդիրն ամենեւին էլ AZAL ինքնաթիռի կործանումը չէ, ինչի համար Ադրբեջանի նախագահը կոպիտ կերպով մեղադրեց Ռուսաստանին։ Այս մեղադրանքները պատրվակ դարձան Եվրոպայում գազային պատերազմի մեկնարկի համար։ Փաստն այն է, որ ԵՄ-ն Բաքվից պահանջել է կրկնակի գազի մատակարարում Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով տարանցման դադարեցումից հետո։ Սակայն եվրոպացիները հրաժարվեցին փող տալ Ալիեւին դրա համար, եւ Բաքվի համար մատակարարումների ավելացման միակ ճանապարհը ռուսական խողովակներն են՝ Ուկրաինայի կողմից ադրբեջանական գազի վերաարտահանումը, որը շահույթ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլեւ՝ Կիեւին»,- գրել են հոդվածում:
Հղում անելով Bloomberg-ին, ասվում է, որ առնվազն 2024 թ․ նոյեմբերի դրությամբ ԵՄ առնվազն երկու երկիր՝ Սլովակիան եւ Ավստրիան, մտադիր էին բանակցել Ադրբեջանի հետ՝ ռուսական գազի փոխարեն ադրբեջանական գազ գնելու համար, այն բանից հետո, երբ հայտարարվեց, թե 2025-ի սկզբին Ուկրաինայի տարածքով տարանցումը կդադարեցվի։
«Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, երկու երկրներն էլ դիմել են Բաքվին՝ խնդրանքով, որ ադրբեջանական գազը մատակարարվի ռուսական խողովակաշարային համակարգով, այն նույն համակարգով, որով վառելիքն առաքվում էր Եվրոպա Ռուսաստանից, մինչ գործում էր տարանցումը Ուկրաինայի տարածքով: Իսկ ինչպե՞ս հասնել նրան, որ այդ խողովակները հայտնվեն Ադրբեջանի տրամադրության տակ: Ռուսաստանը չի՞ ցանկանում դրանք տրամադրել Ադրբեջանին: Իսկ եթե փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ պարզապես փորձել դրա համար թույլտվություն չխնդրե՞լ։ Ավելին, Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցումը շոշափել է Ալիեւի շահերը։ Ադրբեջանը կորցնում է տարեկան մոտ 6 միլիարդ դոլար, այսինքն՝ իր ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը, եւ Ալիեւը պատճառ է փնտրում՝ փորձելով այդ կորուստների համար որոշակի փոխհատուցում «քամել» Ռուսաստանից»,- քաղաքագետ Անդրեյ Պինչուկի խոսքերն է մեջբերում լրատվական-վերլուծական պորտալը։
«Ալիեւը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ տնտեսական օգուտներ ստանալու համար։ Բայց Ալիեւի ընտրած ճանապարհն ակնհայտորեն փակուղի է։ Ի վերջո, Ռուսաստանի վրա ճնշումը երբեք արդյունք չի տվել։ Հատկապես, եթե դա իրականացվում է ոչ այնքան ուժեղ հակառակորդի կողմից։ Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի՝ որպես գերտերության կարգավիճակը «կարող է ճշգրտվել»։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Իլհամ Ալիեւի ռեժիմն աչքի է ընկել հակառուսական գործողությունների մի ամբողջ շարքով։ Բաքուն միտումնավոր գնում է առճակատման. միանգամայն հասկանալի է, թե ինչու էր Ալիեւն այդքան հավատում իրեն. նա իր թիկունքում ունի Թուրքիան։ Այն այժմ ցուցադրում է առավելագույն ակտիվություն՝ ուղղված Ռուսաստանին տարածաշրջանում առանցքային դիրքերից դուրս մղելուն։ Այդ թվում՝ ինչպես արդեն արել են Սիրիայում»:
Եվ ահա՝ Ալիեւն ու Փաշինյանը, որոնք հակառակորդներ են, ավելի, քան երբեւէ, միասնական են իրենց ռուսաֆոբիայի մեջ՝ ասվում է հոդվածում. «Փորձագետները, սակայն, վստահ են, որ ե՛ւ Ալիեւը, ե՛ւ Փաշինյանը շատ վտանգավոր խաղ են սկսել։ Փաշինյանն առանց կորուստների չի կարողանա փախչել ԵՄ, իսկ Ալիեւը կարող է հույս չունենալ, որ կկարողանա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ գազային ոլորտում նրանից նախապատվություններ ստանալ։ Այնուամենայնիվ, նրանք, անշուշտ, կշարունակեն վնասել Ռուսաստանին»։
Կարծիքներ