Տավուշում գետնի վրա աշխատանք իրականացնելու հարցը գտնվում է քննարկման փուլում․ փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Հրապարակ»-ի հարցադրումներին ի պատասխան հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների կողմից Տավուշի մարզում գետնի վրա որևէ աշխատանք չի իրականացվել և ներկա պահին չի իրականացվում: Հարցերը գտնվում են քննարկման փուլում:
«Հրապարակ»-ը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Տավուշի հատվածում գետնի վրա սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովը որեւէ աշխատանք, չափումներ իրականացրել է, եթե այո՝ ե՞րբ եւ ի՞նչ քարտեզների հիման վրա։
Ի պատասխան մեր հարցմանը, գրասենյակը նշել է․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների կողմից Տավուշի մարզում գետնի վրա որևէ աշխատանք չի իրականացվել և ներկա պահին չի իրականացվում: Ձեր կողմից բարձրացված հարցերը գտնվում են քննարկման փուլում: Միաժամանակ հայտնում ենք, որ երկու երկրների հանձնաժողովների հանդիպումների և քննարկումների արդյունքների վերաբերյալ հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնց շրջանակներից դուրս, երկկողմ հաստատված աշխատակարգի համաձայն, կողմերը մեկնաբանություններ չեն տալիս»:
Հիշեցնենք, որ Բաքուն սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից երկու օր անց պահանջեց անհապաղ իրեն «վերադարձնել» Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Հայտարարությունն արել էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը՝ մեկնաբանելով սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ի նիստի արդյունքները։ Սրան հաջորդեց մարտի 12-ին Փաշինյանի ասուլիսը, որտեղ առաջին անգամ նա ցուցադրեց իր պատկերացրած Հայաստանի քարտեզի մետաղական մակետը եւ նշեց, թե` «Սա ՀՀ տարածքն է ու այս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպետք է ունենանք։ Մենք ասում ենք՝ այս գծից այս կողմ ինչ որ կա՝ մերն է, ինչ որ չկա՝ մերը չէ»։ Իսկ մարտի 18-ին Ոսկեպար այցելած վարչապետն ուղիղ սպառնալիք հնչեցրեց, «մեկ շաբաթից պատերազմ կլինի», եթե 4 գյուղերը չհանձնվեն Ադրբեջանին։ Խոսքը Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար եւ այլ գյուղերի մասին է, որոնց հանձնումը Ադրբեջանին, մասնագետների գնահատմամբ, ոչ միայն անվտանգային, այլեւ կոմունիկացիոն խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։
Մարիաննա Ղահրամանյան
Կարծիքներ