Ես օդաչու եմ, պետք է թռչեմ

Ես օդաչու եմ, պետք է թռչեմ

Երեկ տեղեկացանք, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը, որը միաժամանակ «Թիվ 1 բորտի» հրամանատարն է, հրաժարականի դիմում է գրել։ Սկզբում լուր տարածվեց, թե «Թիվ 1 բորտից» է հեռանում, ապա պարզեցինք, որ ազատման դիմում է գրել միայն թռիչքային գործունեության վարչության պետի պաշտոնից, որը զբաղեցնում է 2015 թվականից, իսկ «Թիվ մեկ բորտը», որը վարում է 2007-ից, կշարունակի վարել։ Ժամանակին նա Հայաստանի թիվ մեկ օդաչու է ճանաչվել եւ մեծ հարգանք է վայելում Քաղավիացիայի ոլորտում։ Դրա համար էլ արդեն 13 տարի է՝ հենց նրան են վստահում երկրի առաջին դեմքերի թռիչքների իրականացումը։ Հայրապետյանը սպասարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա՝ Սերժ Սարգսյանին, հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին։ Ի դեպ, եկող տարի կլրանա Գրիգոր Հայրապետյանի 65 տարին, եւ նա կանցնի թոշակի։

Հայրապետյանը նաեւ Ավիաուսումնական կենտրոնի թռիչքային ջոկատի հրամանատարն է, որը հնարավորություն է տալիս ղեկավարել «Թիվ մեկ բորտը», եւ, ինչպես հասկացանք նրա հետ զրույցից, 2 պաշտոնների համատեղելիության խնդիր կար, քանի որ, եթե մնար վարչության պետի պաշտոնում, իրավունք չէր ունենա թռիչքներ կատարել։ Դրա համար էլ որոշվել է, որ մեկից հրաժարվի՝ նախընտրելով «Թիվ մեկ բորտը»։ Թե ինչու է հիմա առաջացել այդ համատեղելիության խնդիրը, դժվար է ասել։ Գրիգոր Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, թե նախաձեռնությունն իրենն է եղել, որ դիմում է գրել եւ հրաժարվել վարչության պետի պաշտոնից։ Դիմումն էլ, որը գրվել է 4-5 օր առաջ, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը դեռ չի ստորագրել։
«Ես դիմում ներկայացրել եմ, դիմումը դեռ ստորագրված չի կոմիտեի նախագահի կողմից, մենք բանակցությունների մեջ ենք, նա էլ ոչ միանշանակ ընդունեց իմ դիմումը, որ «Դուք երկար տարիներ է՝ էստեղ եք, մեզ պետք եք եւ այլն»։ Ես խնդրեցի իրեն, որ ինքը ճիշտ հասկանա ինձ, որ էդ ամենօրյա ռեժիմով ժամը 9-18-ն էդտեղ լինելը, էդ գրագրությունը եւ այլն, որ ավելի շատ փաստաթղթային բաներ են, դրանք իմը չեն․․․ իմը թռիչքներն են, ես օդաչու եմ, պետք է թռչեմ, ես կարող եմ սովորեցնել, ստուգել․․․»,- ասաց պարոն Հայրապետյանը։

Իսկ ի՞նչ համատեղելիության մասին են ասում մեզ՝ երկու պաշտոններն իրար հետ համատեղելի չէի՞ն։ Հայրապետյանն ասաց․ «Ուրեմն մեր օրենքով՝ դա շահերի բախում է ստացվում, եթե ուշադիր նայենք։ Ես աշխատում եմ վարչությունում, թռիչքային վարչության պետ եմ եւ ստուգումներ եմ կատարում Ավիաուսումնական կենտրոնում, ու էդտեղ շահերի բախում է առաջանում։ Դա ճիշտ չի»։ Հարցրինք նաեւ՝ նոր իշխանությունների օրոք իր կյանքում որեւէ բան փոխվե՞լ է, կա՞ տարբերություն՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն է սպասարկում, Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին (կամ Արմեն Սարգսյանին)։

Գրիգոր Հայրապետյանն ասաց․ «Չէ, գիտե՞ք, ես Ձեզ ասեմ՝ օդաչուն, «Նվագախմբի տղաների» մեջ ո՞նց է ասում, «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։ Ես կատարում եմ իմ գործը, իմ թռիչքները, դա իմ պետությունն է, իմ պետության վարչապետն է, նախագահն է, ես պարտավոր եմ բոլոր թռիչքներին վերաբերվել նույն ձեւով։ Փոփոխություն չկա, թռիչքներն ինչպես պարոն Քոչարյանի ժամանակ, ինչպես պարոն Սարգսյանի ժամանակ, այնպես էլ հիմա նույն պատրաստվածությամբ եմ կատարում, մեծ պատիվ է ինձ համար այդ գործն անել, եւ ես միշտ պատրաստ եմ՝ անկախ նրանից, թե ով կլինի կառավարության ղեկին՝ ի շահ իմ պետության, ի շահ իմ երկրի»։