Սեւանի հանրային լողափը Նորատուսցի Ալի՞կն է «նայում»

Սեւանի հանրային լողափը Նորատուսցի Ալի՞կն է «նայում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս նկարահանել էր և հրապարակել իր և տիկնոջ ճանապարհը` Սևանից Իջևան, որը նրանք անցել են հեծանիվներով։ Վարչապետն ու նրա տիկինը չեն էլ կանգնել, որ տեսնեն, թե ինչ աղբանոցի են վերածվում Սևան քաղաքին հարակից լճափը։ Աղբավայրերն ամենուր են՝ թփերի մեջ, աննկատ տեղերում։ Տեղացիները պատմում են, որ ոչ Սևանի քաղաքապետարանը, ոչ տնակների տերերը չեն հավաքում աղբը։ Այստեղ  առհասարակ աղբ հեռացնելու սովորություն չկա։

Սևան քաղաքին հարակից ափին նախկինում «Սեւան ազգային պարկի» տարածքն էր` մանր, սպիտակ բրնձանման ավազով։ Այսօր տարածքում հանգստյան գոտիների տնակներն են, բազմապիսի ու բազմագույն, անկանոն կանգնեցրած։ Մի մասը դատարկ է, ժանգով պատված։ Կան դրանց թվում հին, «սպիսատ արած» վագոններ` այստեղից, այնտեղից էժան գներով ձեռք բերված։ Գյումրիից բերված տնակներ կան, որոնք իրենց երրորդ ու չորրորդ կյանքն են ապրում Սևանի ափամերձ հանգստյան գոտիներում` մի ընդհանուր ժեշտանոցի վերածելով ազգային պարկի նախկին տարածքը։

Միակ օրինական աղբավայրը Սևան քաղաքին հարող հանրային լողափի տարածքում է։ Մենք նկատեցինք, որ այն բավականին հաճախ է դատարկվում, սակայն Հանրային լողափի աշխատողները երբեմն թույլ չեն տալիս հարակից տնակների բնակիչներին իրենց աղբը բերել և նետել աղբամանները, ասելով, որ սա միայն  հարային լողափի համար է։ Հանրային լողափ ասածն էլ իրականում ոչնչով չի տարբերվում մասնավոր լողափներից։ Միայն  անունն է հանրային։ Այստեղ զրուցարանները՝ «բեսեդկեքը», 1 օր վարձակալելու համար լողափի աշխատողները 5-ից 8 հազար դրամ են պահանջում։ Կայանատեղին ևս անվճար չէ` 1 օր կայանելու համար  յուրաքանչյուր ավտոմեքենայի տիրոջից պահանջում են 1000 դրամ։ Արդյունքում հանրային լողափ եկողներն իրենց ավտոմեքենաները կայանում են հարևանությամբ գործող մասնավոր հանգստի գոտիներում, խցանումներ ստեղծելով և առաջացնելով այդ գոտիների վարձակալների դժգոհությունն ու «մուննաթը»։

Հանրային լողափ եկողները արգելափակոցի մոտ են տեղեկանում գներից ու գրեթե բոլորը զարմացած հարցնում են՝ էլ սրա ինչն է հանրային, եթե պետք է ամեն ինչի համար վճարենք։ Սևանցիները պատմում են, որ հանրային լողափը այս իշխանության սիրած գողական աշխարհի ներկայացուցիչ Նորատուսցի Ալիկ Բանդուրյանի տարածքն է, նա է «նայում» ու գումարներ գանձում հանգստացողներից։ Մենք փորձեցինք պարզել, թե ում աշխատողներն են հանրային լողափի արգելափակոցի մոտ կանգնող սեւազգեստ տղաները և ինչ իրավունքով են նրանք փողեր գանձում քաղաքացիներից։ «Ամեն ինչ օրինական է, գնացեք, բողոքեք, ում ուզում եք», - պատասխանեցին մեզ լողափի աշխատողները։