Մեր ժողովրդի մեջ նվազագույնը 50 հազար առողջ մարդ կգտնվի

Մեր ժողովրդի մեջ նվազագույնը 50 հազար առողջ մարդ կգտնվի

Երեկ Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին և տեղեկացրել, որ ՀՀ Ազգային ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է:

Այսինքն, այն խոչընդոտները, որ Երեւանի վարչական շրջանները հարուցում էին «Հայաքվեի» առաջ, թե համապատասխան տարածք չունենք, վերացված են։ Եւ այսօր Երևանի Կենտրոնի թաղապետարանի շենքում մեկնարկեց «Հայաքվեի» ստորագրահավաքը, որին ներկա էին ստորագրահավաքի նախաձեռնողները, մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, մտահոգ քաղաքացիներ: Ստորագրահավաքին ներկա էր նաև ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով ներգրավված է ստորագրահավաքի նախաձեռնող խմբում: «Հրապարակը» Գյուլումյանին մի քան հարց ուղղեց:

- Տիկին Գյուլումյան, ի՞նչը ստիպեց Ձեզ, որ միանաք «Հայաքվե» նախաձեռնությանը, որն էր շարժառիթը:

- Ես կարող եմ ասել, որ նախաձեռնողներից եմ: Շարժառիթը հայտնի է վաղուց: Դա արտահայտել եմ դեռևս Եվրոպական դատարանում իմ ներկայացրած կարծիքում, որ Արցախի ինքնորոշման ճանաչումն այլընտրանք չունի և տվել եմ նաև դրա հիմնավորումները՝ միջագային իրավունքին համապատասխան։ Նման պայմաններում ես գտնում եմ, որ մեր պետութան անունից ցանկացած մեկը, եթե Արցախը ճանաչում է այլ պետության մաս, դրանով իսկ արդեն խանգարում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պրոցեսին: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները եթե այս պրոցեսին օժանդակել չեն կարող, ապա առնվազն պետք է չխանգարեն: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանն, ապա եթե կարծեի, որ բավարար ստորագրություններ չեն հավաքվելու, չէի էլ մասնակցի: Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի:

- Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Խոսվում է նաև Հայաստանից ինչ-որ անկլավներ Ադրբեջանին հանձնելու, խաղաղության պայմանագիր կնքելու մասին:

- Նման հարցի պատասխանելու համար պետք է որոշակի պատրաստվել: Կարող եմ ասել, որ ինչ-որ երկրի տարածքային ամբողջականություն ճանաչել, չի նշանակում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել: Ադրբեջանի Հանրապետության անկախությունից առաջ Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ արտահայտել է ինքնորոշման հարցը: Այստեղից էլ հետևություն, որ կարող ենք հարևան պետության տարածքային ամբոջականությունը ճանաչել՝ առանց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու: Ինչ վերաբերում է անկլավների հարցին, ապա դա ևս ուսումնասիրության ենթակա հարց է` որքանո՞վ են այդպիսիք առկա, որքանով է անկլավների հարցն իրավական առումով հիմնավորված:

- Իսկ ի՞նչ եք կարծում, հասարակությանն այսօր հետաքրքրո՞ւմ է Արցախի հարցը:

- Եթե չհավատայի դրա հաջողությանը, չէի մասնակցի այսօր: Ես արդեն ստորագրել եմ: