Կառավարությունը որոշել է օգնել գոյություն չունեցող մարդկանց

Կառավարությունը որոշել է օգնել գոյություն չունեցող մարդկանց

Կառավարությունը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել, որպեսզի հաստատի կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու հերթական երեք փաթեթները: Դրանցով կառավարությունը սոցիալական աջակցություն է տրամադրում խոցելի խավերին, նաեւ արտոնություններ սահմանում բիզնեսի որոշ ճյուղերի համար: Մասնավորապես, երեկվա ընդունված փաթեթներով կառավարությունը սահմանեց, թե որոնք են բիզնեսի տուժած ոլորտները, որոնց պետք է աջակցի, նաեւ որոշեց միանվագ գումար հատկացնել հղի կանանց եւ աշխատանքը կորցրած որոշ քաղաքացիների: 

Այն, որ կառավարությունը նման ծրագրեր է իրականացնում՝ փորձելով մեղմել կորոնավիրուսի առաջացրած հետեւանքները, որի մեջ իրենց մեղքի մեծ բաժինը կա, դա վատ չէ: Բայց ամեն հերթական դրական նախաձեռնության տակ, չգիտես ինչու, բազմաթիվ հարցականներ ու խնդրահարույց կետեր են ի հայտ գալիս, որից պարզ չի դառնում՝ կառավարությունն իսկապե՞ս ուզում է օգնել քաղաքացիներին, թե՞ սա հերթական պոպուլիստական քայլն է, որն ավելի շատ քամի է տատանում, քան խնդիր լուծում:

Մասնավորապես, երեկվա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ կառավարությունը պետք է նվազագույն աշխատավարձից ոչ պակաս միանվագ գումար հատկացներ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք գործատուի հետ 2020 թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 13-ն աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել, պայմանագիր են ունեցել եւ աշխատանքից ազատվել են մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում: Կառավարությունը նույն աջակցությունը կտրամադրի նաեւ նրանց, որոնք նշված օրերին հանդիսացել են տուժած ոլորտների, օրինակ՝ հյուրանոցի, վարսավիրանոցի, ոչ մթերային մանրածախ առեւտրի ոլորտի վարձու աշխատողներ: Հարց է առաջանում՝ քանի՞ այդպիսի մարդ են ճանաչում այս նախագծի հեղինակները, կամ ո՞ւմ մտքով է անցել այն հանճարեղ միտքը, թե մարտի 13-30-ն ընկած օրերին աշխատող մարդիկ պետք է ազատվեին աշխատանքից: Ինչի՞ համար: Մարդիկ չեն ազատվել աշխատանքից, գործատուներից շատերը պարզապես մարդկանց ուղարկել են տուն՝ առանց վարձատրության, որովհետեւ մեր երկրում թքած ունեն Աշխատանքային օրենսգրքի վրա կամ էլ ուղղակի փող չունեն, որ վճարեն այդ մարդկանց, որոնք, օրինակ, օրավարձով են աշխատում: Թեպետ վարչապետն ասում է, թե օրավարձով աշխատող չկա երկրում: Վարչապետն այս հարցում, պարզապես, չի տիրապետում իրավիճակին: 

Կամ՝ մեկ այլ նախագծով նույն սոցապնախարարությունն առաջարկում է միանվագ նպաստ տրամադրել այն հղի կանանց, որոնք մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, կամ որոնցից ոմանց ամուսինն ազատվել է աշխատանքից դարձյալ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ կառավարությունը դնում է այնպիսի չափանիշներ, որոնց բավարարող շատ քիչ քաղաքացի կարող է գտնվել, որ օգտվի այս միանվագ նպաստից: Որտեղի՞ց գտնել հղի կին, որը մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, եւ ում ամուսինն իքս ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից: Թեպետ հետո գլխի ընկան, որ հղի կանանց աշխատանքային իրավունքներն օրենսգրքով պաշտպանված են: Հետո հանկարծ հիշեցին, որ կարող են գտնվել հղի կանայք, որոնք ամուսին չունեն, ասենք՝ այդ ընթացքում ամուսինը մահացել է, կամ հասցրել են բաժանվել: Արտաքուստ հումանիստական թվացող այս նախաձեռնությունը, իրականում, տարօրինակ է ու փուչ:

Նույնկերպ կառավարությունը կարող էր խստացնել չափանիշները եւ սահմանել՝ այն հղի կանայք, որոնք պատրաստվում են լույս աշխարհ բերել այնպիսի երեխա, որը վաղը կդառնա բացառապես օրինապաշտ եւ հպարտ քաղաքացի, կամ այն հղի կանայք, որոնց ամուսիններն ունեն 180 սմ-ից բարձր հասակ, կապուտաչյա են եւ խարտյաշ: Կարճ ասած՝ կառավարությունը որոշել է աջակցություն տրամադրել մարդկանց, որոնք, մեծ հաշվով, գոյություն չունեն: Իսկ, ահա, այդ աջակցության կարիքն ունեցող իրական շահառուներին որեւէ բան չի հասնում: Իսկ նրանք այն վարձու աշխատողներն են, որոնք գրանցված չեն, աշխատանքի են ընդունվել առանց աշխատանքային պայմանագրի, եւ գործատուները պարզապես թքած ունեն նրանց իրավունքների վրա:

Այս հարցը բարձրացրեց կառավարության եզակի սթափ դատող ուղեղներից մեկը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նկատելով, որ այսօր սրվում է այդ հարցը, թե ինչքան խնդիր է առաջացնում ստվերային աշխատատեղերի գոյությունը: «Եվ այս դեպքում նույնականացումը դարձնում է անհնարին, եւ մեր ցանկությունը՝ օժանդակելու, նույնպես դարձնում է անհնարին: Սա էլ հերթական առիթ է, որպեսզի կրկին որոշումներ կայացնենք, որպեսզի իրոք վերացնենք էդ ստվերը աշխատատեղերի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ այն մարդիկ, որոնք այս ոլորտներում աշխատում են, բայց որպես աշխատող գրանցված չեն, փաստացի չեն կարողանալու օգտվել այս աջակցության ծրագրերից: 

«Եվ մենք չունենք գործիք՝ իրենց նույնականացնելու համար: Մենք ո՞նց իմանանք, որ մարդն աշխատել ա, բայց չի ֆիքսվել, եւ եթե նույնիսկ որեւէ մեկն ասի, որ ես, գիտե՞ք, աշխատել եմ, բայց չի արձանագրվել իմ աշխատանքը, մենք ո՞նց համոզվենք այդ տեղեկատվության հավաստիության մեջ»,- ասաց վարչապետը:

Ստացվում է՝ չգրանցվածները, որոնք այսօր ամենախոցելի խավն են, եւ որեւէ օժանդակությունից չեն օգտվի: Իսկ թե ինչու Հայաստանում կան չգրանցված աշխատողներ, դա էլ, դարձյալ, կառավարության պատասխանատվության տիրույթում է՝ իրենք պետք է վերահսկեին, որ չգրանցված աշխատող չլիներ երկրում, եւ այսօր նման խնդրի առջեւ չկանգնեին: