Թրամփից մինչև Վիլսոն մեկ քայլ է

Թրամփից մինչև Վիլսոն մեկ քայլ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տարօրինակությունները մի կողմ դրած, բավականին հետաքրքիր մարդ է: Նրա նման հետաքրքիր ղեկավարներն այսօր շատ չեն: Կարո՞ղ է, արդյոք, որեւէ մեկը պատկերացնել, որ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Պուտինը կանգնի ու հայտարարի, որ նամակ է ուղարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, որտեղ շարադրել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իր պլանը, այն է՝ օգնել արցախյան կողմին՝ փուլային ճանապարհով ստեղծել անկախ պետություն: Դա անհնարին է, Պուտինն այդ առումով հետաքրքիր չէ՝ կասեք: Համամիտ եմ, բայց ի՞նչ է անում Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը: Իր քայլը հայտարարելով «դարի գործարք»՝ նա հայտարարել է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին իր օգնությունն է առաջարկել պետականություն ստեղծելու հարցում, ու եթե պաղեստինցիներն ընտրեն խաղաղությունը, ինքը փուլ առ փուլ կստեղծի այդ պետականությունը:

Որ Թրամփն այդ բովանդակությամբ նամակ է գրել Պաղեստինի առաջնորդին, կասկածից վեր է: Հետաքրքիրն այստեղ Պաղեստինի պետություն ստեղծելու ԱՄՆ մտադրությունն է, որի մասին բարձրաձայնվում է Իսրայելի ղեկավարի ներկայությամբ: Պաղեստինցիները, որոնց հասցեագրված էր նամակը, հավատացի՞ն դրան: ԱՄՆ-ն, ինչ է, ստանձնում է Պաղեստին պետություն ստեղծելու մանդա՞տը: Ինչո՞ւ հանկարծ Թրամփը մոռացավ, որ նույն բանը խոստացել էր նաեւ քրդերին, եթե վերջիններս ընտրեին խաղաղությունը: Եթե հիշում եք, նույնիսկ Քրդստանի անկախության հանրաքվե կազմակերպվեց, բայց ամեն ինչ այնպես խառնեցին, որ տպավորություն ստեղծվեց, թե քրդերն անկախություն չեն ուզում: Նույն Թրամփը չէ՞ր, որ Իսրայելի մայրաքաղաքը ուժով տեղափոխեց Երուսաղեմ: Եվ հիմա խոսում է Պաղեստին պետություն ստեղծելո՞ւց:

Այսուհանդերձ, չի կարելի ասել, թե սա ԱՄՆ կողմից քաղաքական ֆարս է: Չմոռանանք աշխարհի թիվ մեկ գերտերության՝ Իրանի հետ գերլարված հարաբերությունները: Արդյոք ԱՄՆ-ն այս քայլով չի՞ փորձում ընդլայնել տարածաշրջանում իր համակիրների շրջանակը, որ զգալիորեն նեղացել է արաբական գարունների հետեւանքով, Լիբիայի եւ Սիրիայի պատերազմներով, Իրանի նկատմամբ կիրառվող տասնամյակների պատժամիջոցների քաղաքականության արդյունքում: Թրամփը չի՞ փորձում արդյոք մարել հակամարտության մյուս օջախները՝ Իրանի նկատմամբ վճռական գործողությունների անցնելուց առաջ: Իսրայելի վարչապետի լռությունն էլ, կարծում ենք, խոսում է այն մասին, որ նա նույնպես ընկալում է իրավիճակը եւ համամիտ է իր մեծ եղբոր հետ, որ տարածաշրջանում պետք է փոխել ուժերի հարաբերակցությունն ի վնաս Իրանի, որն աստիճանաբար վերածվում է մահմեդական աշխարհի միջնաբերդի:   

Քրդստանի անկախության՝ Թուրքիայի գլխավորությամբ տապալված փորձից հետո Թրամփը գնում է, կարելի է ասել, իր նախորդներից Վուդրո Վիլսոնի ճանապարհով, որը 100 տարի սրանից առաջ, ստանձնած լինելով Հայաստանի մանդատը, գծել էր հայ-թուրքական խաղաղության սահմանը: Հայաստանը, իհարկե, անկախ պետություն էր այդ ժամանակ, բայց խաղաղություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր չէր հաստատել առանց լավ մտածված (դեպի ծով ելքով ու բնական ռելիեֆով պայմանավորված) սահմանագծումների: Ընդ որում, Վիլսոնի քարտեզով ո՛չ Թուրքիան էր կորցնում «իր պատմական» հողերը, ո՛չ էլ Հայաստանն էր ստանում ամեն ինչ: Թրամփն էլ, ինչպես տեսնում ենք, չի պատրաստվում «խեղճացնել» Իսրայելին եւ ամեն ինչ վերադարձնել Պաղեստինին: Բայց հարցն այն է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխության հենց առաջին իսկ շրջադարձին Թրամփի «խաղաղության» քարտեզը կարող է մնալ թղթի վրա, ինչպես դա տեղի ունեցավ հայերիս պարագայում:

Գանք Արցախին: Այս հարցով էլ, կարծես, ԱՄՆ դիրքորոշումը խաղաղասիրական է եւ ոչինչ չի հուշում, որ Վաշինգտոնը որեւէ կերպ տրամադրված է Ադրբեջանի կամ Արցախի դեմ: ՄԽ-ում ամերիկացի համանախագահները հաճախ են բարձրաձայնել հակամարտության կարգավորման ամերիկյան տեսլականը՝ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղությամբ, բանակցային սեղանի շուրջ, փուլ առ փուլ: Սա մեզ համար ընդունելի չէ մեկ պարզ պատճառով, որովհետեւ ամերիկացիները վերջին փուլում են միայն տեսնում Արցախի կարգավիճակի որոշումը, այն էլ խիստ անորոշ՝ ինքնավարությո՞ւն, ընդլայնված ինքնավարությո՞ւն, թե՞ անկախություն: Թրամփի հայտարարությունից հետո, կարծում եմ, նույն անորոշ վիճակում է հայտնվում նաեւ Պաղեստին պետության հարցը: Ի՞նչ է նշանակում՝ փուլ առ փուլ կօգնենք, որ պաղեստինցիները պետականություն ձեռք բերեն: «Փուլ առ փուլ» ասելը շատ հարմար է, եթե չգիտես երբ եւ ինչպիսին է լինելու այն: Կարո՞ղ եք տալ մի պետության անուն, որ փուլ առ փուլ է ստեղծվել եւ ճանաչվել:

Նույնիսկ Կոսովոն նախ՝ ճանաչվեց, եւ հետո միայն ստեղծվեցին պետական մարմինները:
30 տարի առաջ Խորհրդային Ադրբեջանից անկախացած, իր անկախ պետականությունը հռչակած Արցախին այսօր օգնություն պետք չէ, որ պետություն դառնա: Պետք է միայն, որ իր նվաճած պետականությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից: Այդ ճանաչումը միակ պակասող օղակն է, որ Արցախի սահմաններում եւս հաստատվի խաղաղություն: Իսկ թե հետո բնավեր-տնավեր եղած ադրբեջանցիներն ու հայերը կվերադառնա՞ն իրենց գյուղերը, կամ կբացվե՞ն ճանապարհները, կդառնա խաղաղ բանակցությունների քննարկման հարց:

Գալով պաղեստինցիներին ուղղված Թրամփի հայտարարությանը՝ նշենք, որ այն հետաքրքիր է եւ ողջունելի: Պարզապես պետք չէ հերթական անգամ ավանակին հետեւից մոտենալ, որպեսզի համոզվես, որ նա կարող է աքացի տալ: Ոգեւորել որեւէ ժողովրդի եւ հետո «քցել»՝ խիստ վտանգավոր քաղաքականություն է: Մյուս կողմից՝ դեռ պարզ չէ, թե Թրամփի այդ լավատեսական հայտարարությանն ինչպես կարձագանքի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որ «լարված» հարաբերություններ ունի Թեհրանի ու Երուսաղեմի, մյուս կողմից էլ՝ անվերջանալի խնդիրներ իր տարածքների բնիկ ժողովուրդների հետ: