Որն է մարդասիրական ճգնաժամների ժամանակ մամուլի դերակատարությունը

ԵԱՀԿ-ում Վատիկանի ներկայացուցիչ մոնսինյոր Ռիչարդ Գիրան ԵԱՀԿ ֆիննական նախագահության կողմից կազմակերպված մարդկային չափանիշների մասին միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով հակամարտությունների եւ մարդասիրական ճգնաժամների ժամանակ մամուլի ունեցած լուսաբանման կարեւորությանը։ Իր ելույթում բարձրաստիճան կղերականը նկատել է, որ ներկայիս մեր ժամանակները կարելի է բնութագրել որպես ապատեղեկատվության չափազանց ակտիվ տարածման եւ բեւեռացման ժամանակաշրջան, երբ ուժային փոքրաթիվ կենտրոնները աննախադեպ վերահսկողություն ունեն տվյալների եւ տեղեկությունների վրա։ Նման իրավիճակում, չափազանց կարեւոր է դառնում լրագրողական անաչառ եւ օպերատիվ աշխատանքը, երբ մանրակրկիտ, օբյեկտիվ եւ հավասարակշռված տեղեկատվության տրամադրումը դառնում է ընդհանուր բարիք եւ հասարակությանը մատուցված արժեքավոր ծառայություն։ Մամուլը, ըստ մոնսինյոր Գիրայի անփոխարինելի է միջազգային հանրությանը ինֆորմացնելու եւ այն բանի համար, որ քաղաքական գործիչները կայացնեն ճիշտ որոշումներ։
«Լրագրողների ունեցած կենսական կարեւորությունը առավել ակնբախ է երեւում հակամարտությունների ժամանակ»,- հայտարարել է նա՝ հիշեցնելով այն լրագրողական ռեպորտաժները աշխարհի «թեժ կետերից», որոնց առնչությամբ պաշտոնական աղբյուրները պարզապես լռություն են պահպանում, կամ անհասանելի պահում տեղեկատվությունը լայն հասարակայնության համար։ Նման իրավիճակներում, ըստ Սուրբ Աթոռի բարձրաստիճան ներկայացուցչի, հատկապես կարեւոր է այն մարդկային տառապանքների մասին խոսելը, որոնք բերում է պատերազմն իր հետ։ Կարեւոր է ոչ միայն փաստերի ներկայացումը, այլ նաեւ՝ դրանց հանդեպ վերաբերմունքը՝ մոտեցումը, որով դրանք շարադրվում եւ ներկայացվում են։
«Դա վճռական նշանակություն է ունենում այն կոնտեքստներում կամ միջավայրներում, որտեղ լեզվական, մշակութային, ազգային կամ կրոնական բաժանարար գծերը առավել ուժգնացնում են լարվածությունը»։ ԵԱՀԿ-ում Սուրբ Աթոռի ներկայացուցիչը կոչ է արել հիշել Ֆրանցիսկոս Պապի հորդորն ուղղված լրագրողներին՝ լինել վկաներն ու ոչ ագրեսիվ կոմունիկացիաների ստեղծողները, նպաստել կարեկցանքի, հոգատարության եւ նեցուկ լինելու մշակույթի, կառուցել կամուրջներ եւ ընդհակառակը՝ մերժել մեր ժամանակների տեսանելի եւ անտեսանելի արգելապատնեշները։
Կարծիքներ