Ցավոք, ոչ բոլոր քայլերն են իրատեսական և պատճառաբանված

Ցավոք, ոչ բոլոր քայլերն են իրատեսական և պատճառաբանված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի նման Հայաստանի Հանրապետությունում ևս կորոնավիրուսով վարակված են շատերը: Ցավոք, ունենք նաև մահվան դեպքեր: Ակնհայտ է, որ աշխարհի ժողովուրդներն ու կառավարությունները անպատրաստ էին այս իրողությանը, որից էլ շփոթված են և հստակ չեն պատկերացնում իրենց արվելիք քայլերը: Բացառություն չեն նաև ՀՀ իշխանությունները, որոնք փորձում են սթափվել առաջին օրերին թույլ տրված սխալներից ու բացթողումներից և քայլեր են ձեռնարկում ժողովրդին համախմբելու և ծանր կացությունից դուրս բերելու ուղղությամբ: Սակայն, ցավոք, ոչ բոլոր քայլերն են իրատեսական և պատճառաբանված: Ստեղծված կացությունից ելնելով ՌԱԿ-ը գտնում է, որ`
1. Այս փորձության ժամին հարկավոր է վերջ տալ հասարակության երկփեղկված վիճակին, քանի որ միմյանց քննադատելն ու սևացնելը շնորհակալ գործ չէ, ընդհակառակը` հարկավոր է է'լ ավելի համախմբվել, բռունցքվել:
2. Հակառակորդը, ում դեմ պայքարում է աշխարհը, իրականում դեռ լիովին ճանաչելի չէ և հստակ էլ չի, թե որ քայլերն են ճիշտ, որոնք` սխալ: Անգլիայի, Գերմանիայի և այլ երկրների ղեկավարներ հայտարարեցին իրենց վարակակիր լինելու մասին և խորը մեկուսացան (իրականում որ բացառեն որևէ մեկի հետ շփումը), իսկ մեր կառավարությունն ու խորհրդարանը <<հերոսաբար>> հավաքվում են, աշխատում: Հուսանք, որ կկարողանան հնարավորություններ ստեղծել վիճակը շտկելու համար:
3. Գարուն է, վար ու ցանքի եռուն շրջան: Գյուղացիներին կոչ ենք անում վիրուսից պաշտպանական միջոցներ ձեռնարկելով հանդերձ իրականացնել գարնանացանը, ավելի եռանդով աշխատել, որպեսզի ինքներս կարողանանք կերակրել մեր երկրին ու ժողովրդին: Վստահ ենք, որ այս փորձությունն էլ կհաղթահարենք: Հարկավոր է պարզապես համբերատար լինել և տոկալ մի քիչ էլ, քանի որ օրերը տաքանալուն պես վիրուսը կվերանա և այս դաժան օրերը տխուր հիշողություն կդառնան:
4. Հարկավոր է հիմնարար քայլեր ձեռնարկել երկրի անվտանգության մակարդակն է'լ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Հատկապես կարևոր է ավելացնել երկրի պարենային և բժշկական սարքավորումների ու դեղորայքի պաշարները:
5. Փորձության այս ժամին կոչ ենք ուղղում համայն հայությանը և աշխարհասփյուռ ռամկավարներին, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները և ով ինչով ու ինչպես կարող է, սատարենք մինյանց: Վաղվա օրը մերն է լինելու հաստատ:
 
Ռամկավար Ազատական կուսակցականներ
Երևան 01.04.2020