Հիվանդանոցում նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը չքննվեց, դատավորը բարձրաձայնեց գործից մաս անջատելու մասին

Հիվանդանոցում նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը չքննվեց, դատավորը բարձրաձայնեց գործից մաս անջատելու մասին

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստում կրկին միջնորդեցին նրա խափանման միջոց կալանավորումը փոխել մինչեւ 5 միլիոն դրամ գրավով, եւ դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հերթական անգամ մերժեց նույնաբովանդակ միջնորդությունը։

Հաջորդ միջնորդությունը պաշտպանական կողմը ներկայացրեց արտագնա նիստ անցկացնելու վերաբերյալ՝  «Նաիրի« ԲԿ-ում՝  հաշվի առնելով, որ Գրիգորյանն առողջական վիճակից ելնելով չի ներկայանում դատարան։ «Միջնորդում եմ, որպեսզի գնանք ու հենց հիվանդանոցում դատական նիստ անցկացնենք։ Անձը չի ներկայանում, որովհետև քայլելու, շնչառության հետ կապված խնդիրներ ունի»,- նշեց պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, հայտարարեց, որ դեռևս չեն ստացել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, եւ տեղյակ չեն՝ անձը կարո՞ղ է մասնակցել նիստերին թե՞ ոչ․ դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել։

Այսօրվա նիստում Մնացական Մարտիրոսյանը բարձրաձայնեց գործից մաս անջատելու և գործը Նազիկ Ամիրյանի մասով առանձին քննելու մասին, սակայն դրա վերաբերյալ որևէ միջնորդություն չներկայացվեց։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ 

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։