1 տարի է «ԵՊՀ-ի» գործը քննվում է․ Արամ Սիմոնյանը կարգավիճակ չունի

1 տարի է «ԵՊՀ-ի» գործը քննվում է․ Արամ Սիմոնյանը կարգավիճակ չունի

Երևանի պետական համալսարանում հայտնաբերած մի շարք խախտումների և չարաշահումների վերաբերյալ քրեական գործով դեռեւս մեղադրյալ չկա։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թիրախում ժամանակին հայտնված Մայր բուհի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը կարգավիճակ չունի։

Հիշեցնենք՝ մինչդեռ 1 տարի առաջ, Պետական վերահսկողության ծառայությունը  հայտարարություն էր արել, թե ԵՊՀ-ում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում 800 միլիոն դրամի վնաս է հայտնաբերվել:

Արամ Սիմոնյանը թեմայի վերաբերյալ մեզ փոխանցեց՝ քրգործից ինքը տեղեկություն չունի․ «Քննչական մարմիններն աշխատում են։ Այդ գործի շրջանակներում մեկ անգամ հրավիրվել եմ, բայց դրանից հետո դեռւս տեղեկություն չունեմ։ Այն, ինչ-որ ասացի, դա է»։

Սիմոնյանի փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ «Հրապարակ»-ին ասաց․ «Համալսարանի» գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս պահին այդ գործով դեռ որևէ մեկնաբանություն չենք տալիս»։

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնը այն ժամանակ զբաղեցնող Դավիթ Սանասարյանը գրել էր․
«ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տեւած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։

Արամ Սիմոնյանն էլ ասել էր, թե այդ ամենի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, քանի որ ՀՀԿ անդամ է։