Որ հեղինակների գրքերն են հաղթել «Գրականություն-8» դասագրքի մրցույթում

Դասագրքերի մրցույթն այս տարի եւս ուղեկցվում է սկանդալներով ու մեծ դժգոհություններով։ Արդեն գրել ենք «Հայոց պատմություն-8» եւ «Հասարակագիտություն-8» առարկաների դասագրքերի շուրջ ստեղծված իրավիճակի ու դեռ չհանգուցալուծվող խնդրի մասին։ Որոշակի խմորումներ ու դժգոհություններ կան նաեւ «Գրականություն-8» առարկայի դասագրքի համար հայտ ներկայացրած հեղինակային խմբերի շրջանում։
Համաձայն ԿԳՄՍՆ-ի՝ «Գրականություն-8» առարկայի դասագրքի ստեղծման հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն՝ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ն, «Անտարես», «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ները եւ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը: Ներկայացված բոլոր դասագրքերը հաղթահարել են սահմանված անցողիկ շեմը, սակայն, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթի հրավերի պահանջների, բարձր միավորներ ստացել են «Անտարես» ՍՊԸ-ի եւ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դասագրքերը, որոնք սահմանված կարգով ուղարկվել են լրամշակման: Նախարարություն են ներկայացվել վերոնշյալ դասագրքերի լրամշակված տարբերակները:
«Անտարես» հրատարակչության հեղինակային խմբի (Արքմենիկ Նիկողոսյան, Արսեն Վարդանյան) «Գրականություն-8» դասագիրքը 2024-2025 ուստարում լինելու է երաշխավորված դասագրքերի ցանկում։ Գրքի համահեղինակ Արսեն Վարդանյանը մի քանի կետով անդրադարձել էր դասագրքի նորամուծություններին՝ մասնավորապես նշելով, որ պահպանվել է «Գրականություն-7» դասագրքի հայեցակարգը։ Ավելացվել են բացատրական բառարաններ, ասույթներ, որոշ տեսական նյութեր․ «Ընտրված կտավները, լուսանկարները, երգերը, լրացուցիչ նյութերը նպաստում են սովորողի արժեհամակարգի ձեւավորմանը։ Դասագրքում առկա են հայկականությունը, ազգային ինքնությունը կարեւորող նյութեր, հարցեր եւ առաջադրանքներ։ Յուրաքանչյուր հեղինակին հատկացված էջում տրված են նաեւ լրացուցիչ արժեքավոր նյութեր՝ QR ծածկագրերով։ Հարցերը եւ առաջադրանքները բխում են պետական չափորոշչի պահանջներից։ Կարեւորվել է աշակերտների վերլուծական, ստեղծագործական կարողությունների զարգացումը։
Տրված են նաեւ նախագծային, հետազոտական աշխատանքների նմուշներ։ Դասագիրքը չծանրաբեռնելու համար խաչվող հասկացությունները, «Արժեք» եւ «Դիրքորոշում» բաժիններն առանձնացված չեն, այլ տեղաբաշխված են հարցերի եւ առաջադրանքների բաժնում։ Ուսուցչի ձեռնարկում զետեղված են թեմատիկ պլանավորումը, դասերի պլանավորման օրինակներ, հուշումներ, ցուցումներ, նախագծային, թեմատիկ աշխատանքների նմուշ-օրինակներ»։
Հաղթած մյուս դասագրքի հեղինակը գրականագետ Դավիթ Գասպարյանն է, ով «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից հայտ է ներկայացրել դասագրքերի մրցույթում եւ հաղթել։ Դ․ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասագիրքը կազմել է նոր պահանջներին համապատասխան՝ վերանայված, փոփոխված։ «Իսկ փոփոխությունը դրական է, թե բացասական՝ արդեն ուսման ընթացքը ցույց կտա, որովհետեւ փոփոխությունները շատ են, ծավալը 270 էջից 178 էջ է դարձել, հեղինակները խմբավորված են ըստ գրական ուղղությունների, պոեզիան՝ առանձին, արձակը՝ առանձին, հեղինակների գործեր են փոխվել։ Հիմա թե ինչքանով է ճիշտ կամ սխալ արված, դրա դեմ տարիներ շարունակ գրում ենք, խոսում ենք, արտահայտվում ենք..., բայց հիմա դպրոցը չի սպասում, ժամանակն էլ չի սպասում, եւ այս նոր պահանջներին համապատասխան՝ ստեղծվել է նոր դասագիրք»,- ասում է Գասպարյանն ու հավելում, որ հիմա դասագիրքը տպագրման փուլում է եւ օգոստոսին կառաքվի դպրոցներ։
Ինչ վերաբերում է մյուս 2 դասագրքերին, ապա. «Մյուս 2 դասագրքերի հեղինակային խմբերը բողոքարկել են այդ որոշումը, մեկ անգամ, հետո՝ 2-րդ անգամ, բայց իրենց բողոքարկումը չի անցել, եւ մրցույթում շահած գրքերը մնացել են իրենց տեղում»,- կարճ եզրափակեց գրականագետը։
ՀԳ․ Մրցույթում չհաղթած եւ ԿԳՄՍՆ որոշումը բողոքարկած դասագրքերի հեղինակային խմբերի տեսակետները կներկայացնենք առաջիկայում։
Կարծիքներ