Գործ տվեք, որ պաշտոն ստանաք

Գործ տվեք, որ պաշտոն ստանաք

Երեկ մեր էլեկտրոնային հասցեին մի զավեշտալի հաղորդագրություն ստացանք։ Եթե այն ստանայինք ապրիլի 1-ին, կմտածեինք, որ ապրիլմեկյան կատակների շարքից է: Բաց տեքստով խոստովանում են, որ իշխանության քաղաքական հակառակորդների դեմ գործիք դարձածներին անպաշտոն չեն թողնում, եթե անգամ նրանց վերագրում են զանցանքներ: 

Այսպիսով՝ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը 2020 թ․ապրիլի 1-ին տնտեսական զարգացման գծով փոխքաղաքապետ է նշանակել Բորիս Ավագյանին. «Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանի իշխանությունները ներգրավում են հայկական սփյուռքի ինտելեկտուալ կապիտալը և այն փորձը, որն արտասահմանում են կուտակել։ Աշխարհի ու Հայաստանի համար այս դժվարին պահերին պարտքս եմ համարում կարողություններիս առավելագույնի չափով ծառայել հայրենիքիս՝ հանուն բոլորիս ապագայի։ Հայաստանում այսօր հակաճգնաժամային մենեջերների կարիք կա։ Հրաշալի կլիներ, եթե մեր հայրենակիցներն իրենց գիտելիքը ներդնեին՝ հանուն հայրենիքի ու Հայաստանի տնտեսության կայունացման, ինչը հատկապես կարևոր է կորոնավիրուսի համավարակի պայմաններում»,- իր նշանակման առթիվ ասել է Ավագյանը:

Ով է Բորիս Ավագյանը։ Ըստ հաղորդագրության, նա հասարակական գործիչ է, գիտնական, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ, տնտեսագիտության և իրավագիտության ոլորտում մի շարք համալսարանների շրջանավարտ: 2006 թվականից Ավագյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական  հատվածում: Ապա Ավագյանն ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 2016 թվականին՝ հուսալով, որ լինելով ՀՀ քաղաքացի՝ այստեղ կգտնի պաշտպանություն ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրահրված «հակաօրինական հետապնդումներից»։

«Բանն այն է, որ իր մասնագիտական գործունեության արդյունքում՝ Ավագյանը կարողացել էր բացահայտել սկանդալային կոռուպցիոն գործարքներ, որոնցում ներգրավված էին նաև թուրքական հատուկ ծառայությունները։ Այնուհանդերձ, Հայաստան տեղափոխվելուց երկու շաբաթ անց Ավագյանին և նրա անվտանգությունն ապահովող անձանց Հայաստանի հատուկ ծառայությունների զինված ներկայացուցիչները բերման են ենթարկել և տեղափոխել այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ, որն էլ սպառնացել էր ու հրահանգել լքել երկիրը 24 ժամվա ընթացքում, քանի որ Ավագյանը խիզախություն էր ունեցել քննադատել Սերժ Սարգսյանին ու նրա կառավարությունը», ասվում է հաղորդագրության մեջ։ Ապա տեղեկանում են, որ հենց Ավագյանի ցուցմունքների հիման վրա է նախկին ոստիկանապետի դեմ գործ քննվում. «Գործը ներկայումս քննվում է, և Ավագյանի տված ցուցմունքների հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ: Ավագյանն ակտիվորեն սատարում է Հայաստանի իշխանական բոլոր կառույցնների ամբողջական բարեփոխման անհրաժեշտությանը: Արմատական փոփոխությունների կողմնակից է և կոռուպցիայի դեմ կոշտ պայքարի ջատագով: Համոզված է, որ միայն նոր, երիտասարդ, հավակնոտ կադրերը կարող են բարեկեցիկ ապագա ապահովել մեր երկրի համար», այսպիսի կենացով է ավարտվում հաղորդագրությունը: