Քայլ՝ էշով

Քայլ՝ էշով

Չգիտեմ ինչու, բայց ես միշտ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ որպես քաղաքական և պետական գործչի մասին ավելի մեծ կարծիքի եմ եղել, քան երևի պետք է: Եսիմ, մարդկային պարզ համակրանք է գուցե… Հավեսով բարևում ենք իրար, ինձ հաճելի է նրա պինդ ձեռքսեղմումը, ազգային տղա է, հաճելի է նրա հետ շփվելը, եթե տրամադրված է արևէ հարց քննարկելու: Բայց հենց պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ մի տեսակ փոխվում է, արևմտյան հովեր են մտնում գլուխը՝ էլ սարերի քամի, էլ հրապարակներում ձեռք բռնելու արարողություն, էլ վարսավիրանոցում նկարվել, էլ մոմավառություն իր իսկ անհնազաբդությունը ճնշած Գեներալի հետ, էլ հաղթած հակառակորդի մոտ գնալ ու վերջինիս տիկնոջ առողջությամբ հետաքրքրվել: Երկնային արքայություն Ռիտա Սարգսյանին, թող ինձ ներեն հարազատները, բայց Րաֆֆու քաղաքական կերպարը պարզապես կիսատ կմնար, եթե այդ սրտառուչ իրադարձությունը չհիշատակվեր այստեղ:

Գնանք առաջ: Հայաստանում շատ քիչ կուսակցություններ կան, որոնց ղեկավարները հրաժարվել են պատգամավորական մանդատից՝ հօգուտ սեփական կուսակցության կամ կուսակցական ցուցակի: Դրանցից մեկը հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է, որին դրանից հետո, որպես քաղաքական գործչի, ես սկսեցի ավելի շատ համակրել, թեև ինձ համար պարզ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանով «Ժառանգության» խմբակցությունն ավելի կազմակերպված և ուժեղ կլիներ, քան առանց նրա: Այն ժամանակ քչերն էին մտածում, որ դա լինելու է Ժառանգության վերջի խմբակցությունը ԱԺ-ում, բայց քաղաքականությունն, ինչպես ասում են, առաջ էր գնում իր օրենքներով:

Պարտություն կրելով 2013թ. նախագահական ընտրություններում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մի տեսակ պասիվացավ, ասես մտավ իր պատյանի մեջ: Նա սկսեց հազվադեպ ելույթներ ունենալ, կարծիք հայտնել, պրոցեսներին միջամտելու փորձեր անել: Հիշում եմ՝ մեկ էլ դեմ էր 2015թ. սահմանադրությանը, որով Հայաստանը դառնում էր խորհրդարանական կառավարմամբ երկիր: Նա, իհարկե, խորհրդարանական կառավարմանը դեմ չէր, բայց դեմ էր սահմանադրության հեղինակներին, որոնք շտապել էին և չէին կարողացել ավելի լավ սահմանադրություն գրել: Րաֆֆի Հովհաննիսյանի այս մոտեցումը, եթե այն դիտարկենք մեր օրերի կտրվածքով, կարելի է բացատրել երկու հանգամանքով: Առաջին՝ Րաֆֆի Հովհաննիսյնը շատ էր ուզում գոնե երկու տարով նախագահ դառնալ Հայաստանում: Եվ երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հավանաբար, դեռ այն ժամանակ էր զգում, թե խորհրդարանական կառավարմամբ երկրի գլխին ինչ կարող է բերել մի այնպիսի էկսցենտրիկ երևույթ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է:
2018թ. թավշյա խեղկատակությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվությունը միանգամից մարեց: Նա լռեց պատերազմի գրեթե բոլոր 44 օրերին և, ի վերջո, կենդանության նշաններ սկսեց ցույց տալ, երբ Ժառանգությունը միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Մի քանի հայտարարություն, ելույթներ և միայն այդքանը: Բայց մեկ էլ՝ կայծակ մաքուր եղանակին: Ամառվա մի շոգ օր, իսկ ավելի ստույգ, ինչպես ինքն արտահայտվեց, 8-րդ ամսի 8-րդ օրը նա իջավ փողոց՝ հրապարակ: Պահանջեց Փաշինյանի հրաժարականը՝ բավականին լավ հիմնավորելով այդ պահանջը: Բայց երանի Րաֆֆի Հովհաննիսյանը դրանով բավարարվեր: Չէ, եղբայր, նա պետք է մի թուղթ հաներ գրպանից ու կարդար ՀՀ ապագա կառավարության անդամների անունները, որոնք, իբր, կարող են բան փոխել այս անելանելի իրավիճակում:

Պարոն Հովհաննիսյան, Րաֆֆի ջան, դու չգիտեի՞ր, թե մեր ներքաղաքական դաշտը և ժողովուրդը որքան զգայուն են պաշտոնների հարցում: Մի՞թե կարելի էր մեկ օրով մտնել հրապարակ և հընթացս այդպիսի բան անել: Դիմադրության շարժումը ամիսներ շարունակ գնաց ու եկավ, մարդկանց տարավ ու բերեց, քայլելով քայլացրեց, երգելով երգացրեց, պարելով պարացրեց, բայց այդպես էլ ոչ մի անուն չհրապարակեց, որովհետև մարդու անուն հրապարակելն էլ մի ուրիշ տեսակ պատասխանատվություն է, բարոայական հարց: Մեր հասարակությունն այսօր պատրաստ չէ ծափահարելու նույնիսկ Վարդան Մամիկոնյանին, իսկ դու բերել էս, թե՝ Մհեր Գրիգորյան: Մեղք չի՞ Մհեր Գրիգորյանը կամ էլ էն մյուս փոխվարչապետը, որին ճանաչող չկա: ՔՊ-ն, ախր, նրանց կուտի: Խեղճերը չգիտեն որ թերթի հարցերին պատասխանեն, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց ընդգրկել նոր կառավարության կազմում: Եվ ինչո՞ւ միայն գործող կառավարության անդամները: Մյուսներն էլ տեղյակ չեն, որ իրենց ընդգրկել են մի կառավարության կազմում, որտեղ իրենք աշխատելու են Նիկոլ Փաշինյանի փոխվարչապետների հետ:

Չգիտեմ էլ ինչպես մեկնաբանեմ Րաֆֆի Հովհաննիսյանի այս բեմելը: Ո՞վ է ղեկավարելու այդ կառավարությունը, ի՞նքը, իսկ ինչո՞ւ պարզ չի խոսում այդ մասին: Հույսն ո՞ւմ վրա է դրել, ո՞վ է իրեն առաջադրելու վարչապետի պաշտոնում, ախր մեր քաղաքական դաշտն ու հանրությունը շատ զգայուն են այդպիսի հարցերում: Եվ ապա՝ եթե հիշողությունս չի դավաճանում, սա Րաֆֆի Հովհաննիսկյանի կատարմամբ երկրորդ նման փորձն է: Նա իր հանրահավաքների ժամանակ Ազատության հրապարակում էլ նոր կառավարության շնորհանդես կազմակերպեց, «մինիստրները», չգիտես ինչու, հրաժարվեցին: Գուցե մարտավարությունն էր սխալ և կամ, ինչպես ինքն է ասում՝ կառավարություն կազմելու սեփական մեթոդաբանությո՞ւնը: Նույնիսկ թույլ տեսնողն էր նկատում, որ ձին կապված է սայլի հետևից: Իսկ դա հաստատ ճիշտ չէ և ոչ մի պարագայում: