Մի քանի տարի անց արդեն ունենալու ենք դեպքեր, երբ բուհեր են փակվելու

Մի քանի տարի անց արդեն ունենալու ենք դեպքեր, երբ բուհեր են փակվելու

Հարցազրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հետ 

- Պարոն Հայրապետյան, այս տարվա ընդունելության քննություններից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բուհերը չեն կարողանում լրացնել թափուր տեղերը, քանի որ դիմորդները քիչ են: Ավելին` 550 անվճար եւ 15 հազարից ավելի վճարովի տեղ մնացել է թափուր, եւ գրեթե բոլոր բուհերում կան մասնագիտություններ, որոնց դիմորդներն առհասարակ չեն դիմել եւ չեն ընդունվել: Ինչո՞վ եք բացատրում այս ոչ այնքան հուսադրող պատկերը:

- Պետք է նշեմ, որ նվազումը եղել է, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին, ու թեեւ այս տարի ավելի շատ է եղել նվազման տեմպը, բայց, հետեւելով զարգացումներին, ես մի փոքր զարմանում եմ, թե մարդիկ ինչքան կարճաժամկետ կարող են մտածել, որ այսպիսի պատկերն ու իրավիճակը զարմանք առաջացնեն: Այն պահին, որ ասվում է` անհրաժեշտություն կա խորքային, արմատական բարեփոխումների, որոնք պետք է ուղղված լինեն նախեւառաջ համակարգը փրկելուն, այդ օրակարգը ոչ միայն մերժվում է պատասխանատու կառավարման մարմինների կողմից, այլեւ մեր հասարակության շատ շերտերի կողմից, մասնավորապես` դասախոսների, որոնք վախենում են կորցնել իրենց աշխատանքը, լրագրողների, որոնք պատրաստ են արմատական բարեփոխումների դեմ գրել, բայց երբ իրավիճակը հասնում է կրիտիկական փուլի, այստեղ արդեն ակնհայտ են դառնում մեր հասարակության կարճաժամկետ մտածելակերպի հետեւանքները, որովհետեւ այն, ինչ այս տարիների ընթացքում կատարվել է, ոչ միայն անձամբ ինձ համար, այլեւ շատերի համար ակնհայտ է եղել, որ այլ տեղ չի տանում: Երբ համալսարանների մեծ մասում դասախոսների զգալի մասը՝ պարզապես գիրքը վերցրած, տվյալ դասընթացի հետ որեւէ կապ չունենալով, թելադրում է դասախոսությունը, մենք տարիներ շարունակ սա նորմալ ենք համարում: Երբ այդ երեւույթի դեմ քայլեր են կատարվում, ու այդ քայլերի դեմ դիմադրություն է առաջանում, մարդիկ չեն մտածում՝ բա հետո ի՞նչ է լինելու, ուղղակի առաջ են բերում կեղծ սոցիալական օրակարգը, թե իբր այդպիսի բարեփոխումներն ուղղված են լինելու սոցիալական խնդիրների առաջացմանը, այնինչ սոցիալական խնդիր այդտեղ չկա: Սոցիալական խնդիրն այն է, ինչ հիմա տեսնում ենք, երբ բարձրագույն կրթության համակարգն այսպիսի տեմպերով գնում է դեպի կործանման: Ու քանի դեռ մենք կանգ չենք առնում ու 2 տարի առաջ տեղի ունեցած կործանարար պատերազմից հետո էլ չենք գիտակցում, որ ժամանակն է ինքնախաբեությամբ այլեւս չզբաղվել եւ իրական բարեփոխումների քաղաքականություն իրականացնել, ապա այս ընթացքը ոչ միայն պահպանվելու է, այլեւ խորանալու է, շարունակվելու, եւ մենք մի քանի տարի անց արդեն ունենալու ենք դեպքեր, երբ իրավիճակից կախված՝ բուհերը փակվելու են, իսկ բարձրագույն կրթությունն ունենալու է լրջագույն խնդիրներ: Նաեւ դրական ընթացքի մասին նշեմ։ Շատ կարեւոր է հիմա, որ ֆորմալ բարձրագույն կրթությունից զատ, հետաքրքիր, նոր, մասնագիտական կրթության զարգացումներ են տեղի ունենում, մասնավորապես՝ ՏՏ ոլորտում, իրական մասնագիտական կրթություն առաջարկող առանձին ուսումնական հաստատություններ են ստեղծվել եւ ստեղծվում, որոնք որ լրացնելու են նաեւ ֆորմալ կրթության բացը, եւ կարծում եմ՝ ապագան այդ նոր ստեղծվող, ժամանակի պահանջներին բավարարող ուսումնական հաստատություններինն է: Ու եթե 10-20 տարի առաջ երիտասարդները չէին տեսնում, թե ինչ է կատարվում, եւ պատրաստ էին այդ կեղծ կրթությունը ստանալ, շեշտադրում եմ` կեղծ կրթությունը, որովհետեւ մենք երբեմն ճիշտ չախտորոշելով իրավիճակը՝ արձանագրում ենք կրթության որակի պակաս, բայց այստեղ ոչ թե կրթության որակն է ցածր, այլ խնդիրը կեղծ կրթության մեջ է: Եվ եթե սա ժամանակին ուսանողները չհասկանալով հանդուրժում էին, հիմա աստիճանաբար տեղեկատվական հոսքերի ինտենսիվացման պայմաններում ամեն ինչ դառնում է ակնհայտ, եւ հասկանում են, որ այսպիսի կրթության վրա 4 կամ 6 տարի ժամանակ ծախսելը պարզապես անիմաստ է, եւ, հետեւաբար, ստանում ենք այն պատկերը, որն այս պահին ունենք: 

- Ձեր նշած արմատական բարեփոխումների նախաձեռնությունը պետք է գա հենց բուհերի՞ց, թե՞ դա պետության կրթական քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի:

- Արմատական բարեփոխումների համար կրթության ոլորտում, անկախ մոդելից` նախաձեռնությունը կգա բուհերից, թե նախարարությունից (պետական կառավարման լիազոր մարմնից), դա պետք է լինի համատեղ քաղաքականություն, եւ եթե նախաձեռնությունը գալիս է ներքեւից` պետական բուհից, ուրեմն պետությունն առնվազն պետք է չխանգարի այդ պրոցեսին, բայց մինչեւ այժմ մենք տեսել ենք, որ ցանկացած արմատական բարեփոխման պարագայում պետական կառավարման մարմինները ոչ միայն չեն աջակցել, այլեւ պարզապես արգելել են այդ գործընթացի իրականացումը։ Եվ, բնականաբար, հաշվի առնելով այս իրավիճակը, մեր միակ փրկությունն այն է, որ, ընդհանուր առմամբ, թե՛ բարձրագույն կրթության ոլորտում, թե՛ հանրակրթության ոլորտում պետական կառավարման մարմիններն առաջնորդվեն այն տրամաբանությամբ, որ եթե մենք այս պահին չենք կատարել բարեփոխումներ, ապա ուղղակի մեր ապագան ենք կործանում, եւ այստեղ օբյեկտիվ խնդիրը, որ հաճախ պետական կառավարման մարմինները խուսափում են իրականացնել այդ բարեփոխումները, որովհետեւ դրանց արդյունքն ուշ է երեւում, եւ շատ հաճախ պոպուլիստական մոտեցումներով  նրանք նախընտրում են ուղղակի չսրել իրավիճակը, ավելորդ լարվածություն չառաջացնել, որպեսզի այս պահին հանկարծ որեւէ չնչին խնդիր չերեւա, բայց թե ինչ է լինելու 10-15 տարի հետո, դա այնքան էլ էական չէ որոշ մարդկանց համար: Իսկ եթե մենք իսկապես մտածում ենք մեր ապագայի մասին, անկեղծ ենք ինքներս մեզ հետ, պետք է խոստովանենք, որ այն, ինչ այսօր ստանում ենք, մեր վախերի, թուլակամության հետեւանք է:

- Մի կողմից պետությունն իր` մինչեւ 2030թ․ կրթության ռազմավարության մեջ նպատակ է դնում առնվազն 4 բուհ ունենալ աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում, մյուս կողմից արձանագրում է բուհական համակարգի նվազման միտումները` ներկայացնելով դրանք թվերով: Այս իրավիճակում ինչպե՞ս կորակեք պետության գործելակերպը, պետությունը զբաղված է պոպուլիզմո՞վ, իր առաջ անիրատեսական նպատակնե՞ր է դնում, որքանո՞վ է իրատեսական՝ ունենալ նման ճգնաժամային իրավիճակ բուհական համակարգում եւ ձգտել հայտնվել լավագույն 500 բուհերի ցանկում:

- Շատ կարեւոր հարց եք բարձրացնում, ես սրան ուզում եմ պատասխանել որպես կառավարման եւ ռազմավարության ոլորտի մասնագետ: Կարծում եմ` այդ նպատակն իրատեսական է, հնարավոր է հասնել այդպիսի իրավիճակի, երբ մի քանի հայաստանյան բուհ հայտնվեն լավագույն բուհերի առաջին 200, 300 բուհերի ցուցակում, բայց դրա համար, եթե ունես այդպիսի ամբիցիոզ նպատակ, հենց այսօրվանից սկսած՝ քո գործողությունների ծրագիրը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն տա մինչեւ 2030-ը հասնել այդ նպատակին: Այստեղ ոչ թե նպատակն է ոչ իրատեսական, այլ գործողությունները բացարձակապես չեն համապատասխանում նախանշված նպատակին, որովհետեւ եթե դու ուզում ես, որ 2030-ին հայաստանյան բուհը լինի լավագույնների ցանկում, բայց այդ բուհում շարունակում են դասախոսություններն անցկացվել կեղծ թելադրության միջոցով, որը ես անվանում եմ հանցագործություն, որովհետեւ դա խաբեություն է, պետական միջոցների վատնում, երբ դասախոսը ստանում է աշխատավարձ, բայց գրքից է դասախոսությունը թելադրում: Եվ սա տեսնելով՝ պետական կառավարման մարմինները հանդուրժում են, որպեսզի որեւէ խնդիր այս պահին չառաջանա քաղաքական իմաստով։ Ես պարզապես կարող եմ ասել, որ ռազմավարության մեջ սահմանված տեսլականին չեն համապատասխանում այս պահին իրականացվող գործողությունները:

- Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կա մասնագետների պակաս թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության ոլորտում:

- Ամենապարադոքսալ իրավիճակն այն է, որ հերիք չէ մասնագետների պակաս կա, դրանով հանդերձ՝ այդ սահմանափակ քանակությամբ լավ մասնագետների ռեսուրսը չի օգտագործվում պետական բուհերում: Պետական բուհերը փակվել են եւ իրենք իրենց համար ստեղծել են մի իրավիճակ, որը ենթադրում է գործող բուհերի կադրերի վերարտադրություն, այնինչ ամեն ոլորտում կան՝ չեմ ասում հազար, բայց մի քանի տասնյակ լավ մասնագետներ, սակայն նույնիսկ նրանց ռեսուրսը չի օգտագործվում, որպեսզի հանկարծ համալսարանի դասաժամերի խնդիր չառաջանա, եւ գործող դասախոսները, որոնք շատ դեպքերում ուղղակի չեն համապատասխանում չափանիշներին, շարունակեն դասավանդել համապատասխան ծանրաբեռնվածությամբ: Այսինքն, հերիք չէ լավ մասնագետները քիչ են, նրանք նաեւ չեն դասավանդում պետական բուհերում, որովհետեւ պետական բուհերը փակվել են եւ արտամղման քաղաքականություն են իրականացնում: Ու սա մինչեւ այժմ նորմալ է համարվում պետական կառավարման պատասխանատու մարմինների համար:

- Մեծ հաշվով, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչքան դիմորդների թիվը նվազի, այնքան բուհերի որակը կիջնի, քանի որ բուհերը սկսելու են ընդունել բոլոր այն դիմորդներին, ովքեր պատրաստ են վարձ վճարել, արդյունքում որակի շեմն էլ է իջնելու:

- Այո, որովհետեւ ոչ միայն ուսանողների քանակն է նվազել, այլեւ քանակի նվազման հետեւանքով ընդունվող ուսանողների ցածր գնահատականների հետեւանքով ուսանողների միջին մասնագիտական կարողություններն են դարձել շատ ցածր, հետեւաբար, այդ իրավիճակը տանելու է ընդհանուր դեգրադացման, իսկ դպրոցն ավարտած տաղանդավոր երեխաներն արդեն նախընտրում են որոշ դեպքերում ստանալ կա՛մ այլընտրանքային կրթություն, կա՛մ լքել պետությունը, ինչն ամենախորքային ու ցավալի խնդիրն է մեր պետության համար: Փաստացի, ոչ միայն հիմա է շատ վատ, այլեւ այս դինամիկան շարունակվելու է, որովհետեւ դրա հիմնական պատճառը վերացնելու եւ խնդիրը հաղթահարելու ուղղությամբ որեւէ իրական քայլ այս պահին չի իրականացվում: