Ինքը հերոս է, ինքն այն մարդն է, որը մինչեւ վերջ իմ հետ մնացել է

Ինքը հերոս է, ինքն այն մարդն է, որը մինչեւ վերջ իմ հետ մնացել է

1979 թվականին Եղեգնաձորում ծնված սպա Սամվել Մուրադյանը զոհվել է մարտի դաշտում՝ հոկտեմբերի 14-ին։ 

Նրա զինվորական հրամանատարը՝ Մամաջանյան Աշոտը պատմում է, որ իրենք կռվել են Ջաբրաիլում․ «Ամսի 9-ին գնացել, մտել ենք մարտական գործողությունների մեջ, ամսի 14-ին  հրետակոծության հետեւանքով նա զոհվել է։ Անձնվիրաբար կռվել է, «Ոչ մի քայլ ետ» սկզբունքով, թե ինքը, թե իր անձնակազմը։ Ես իր հրամանատարն եմ եղել, այնտեղ նահանջի հարց է եղել, չենք նահանջել, առաջինն էլ ինքն է կանգնել։ Ինքը հերոս է, ինքը այն մարդն է, որը մինչեւ վերջ իմ հետ մնացել է։ Մինչեւ պատերազմը ծառայել է խաղաղ պայմաններում, արժանացել է խրախուսանքների, հրամանատարության կողմից միշտ աչքի է ընկել՝ որպես սպա»։

Զոհվածի կինը՝ Աստղիկն էլ նշեց, որ ունեն 2 անչափաս երեխա, Սամվելը տան միակ աշխատողն է եղել, հիմա ստիպված ինքն էլ է աշխատում։ Փաստաթղթերը ներկայացրել է՝ հատուցման համար, դեռեւս նորություն չկա․ «Բնակարան չունենք, վարձով ենք ապրում Եղեգնաձորում, առանձին ենք ապրել, ոչ մի օգնող չունենք»։