Անտեր քաղաք

Անտեր քաղաք

Երկու օր շարունակ Երեւանի ամենակենտրոնական փողոցում՝ Մաշտոցի պողոտայի վրա, հենց մայթին ընկած ջրի խողովակից ջուր է պզզում անցորդների վրա։ Վնասված խողովակը փողոցում ընկած՝ ասֆալտն է ջրում եւ ոչ մեկի վեջը չէ։ Անցորդները, այդ թվում՝ Հայաստանում գտնվող օտարազգի հյուրերը, շրջանցում են մայթի այդ մասը, որտեղով գետեր են հոսում։ Ոչ տեր կա, ոչ տիրական, ոչ քաղաքապետարանի համապատասխան ծառայություններ, ոչ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներ, ոչ Վեոլիա ջուր, ոչ մոտակա «Մեղեդի»  ու «Մագնոլիա» հայտնի սրճարանների տերերի ու աշխատակիցներն  են անհանգիստ։ Ջուր է՝ հոսում է, թող հոսի։ Ինչպես մեր երկրում շատ բան է մատնված ինքնահոսի։ 

Եւ մայրաքաղաքի հանդեպ այս փնթի վերաբերմունքով էլ ուզում ենք, որ զբոսաշրջիկներ գան Երեւան, Երեւանը համարվի տեսարժան քաղաք, մենք էլ՝ քաղաքակիրթ ժողովուրդ։ 

Նորմալ երկրներում անգամ սարի լանջի կանաչն են հնձում եւ անտառի ծառերն են խնամում, փողոցներում փոսեր, խորդուբորդություններ, ներկը թափած ցուցանակներ, վնասված նստարաններ գտնել ուղղակի հնարավոր չէ։ Մարդիկ հասկանում են, որ բարեկեցիկ միջավայրը շատ կարեւոր է, որ մարդիկ իրենց երկրում լավ զգան եւ զբոսաշրջիկներն էլ ուզենան այցելել այդ երկիր։ Միայն Հայաստանում է, որ կարող են մարզային մի կամուրջի չերեւալու պատճառով ծառեր կտրեն՝ երբ առանց այն էլ սակավաթիվ կանաչ ունեցող երկիր ենք, իսկ Երեւանի կենտրոնում օրերով հոսող ջուրը չնկատեն, բայց ջրի սակագինը բարձրացնեն։