Բագրատ սրբազանին ռեւանշիստ ներկայացնելու փորձը ձախողվեց
Հ1-ի մեկնաբան Պետրոս Ղազարյանը չափազանց նուրբ հոտառություն ունի. նա զգացել է, որ Փաշինյանի իշխանությունը երերում է, ամեն պահի կարող է փուլ գալ: Դրա ամենավառ դրսեւորումն այն է, որ իր ղեկավարությունն իրեն հանձնարարություն է տվել՝ թույլ տալ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին՝ Հանրային հեռուստաընկերության եթերով ուղերձով դիմել հայ հասարակությանը: Եթե Բագրատ սրբազանին հաջողվել է վերցնել իշխանության անառիկ բերդը`Հանրայինի եթերը, ուրեմն նրան կհաջողվի վերցնել նաեւ ամբողջական իշխանությունը, հիմա նրա հետ պետք է լինել ավելի հարգալից եւ համաձայնել նրա գնահատականների հետ, նույնիսկ եթե Բագրատ սրբազանն ասում է, որ Փաշինյանը ծառայում է Ալիեւին, կատարում է Ալիեւի հրահանգները՝ Սահմանադրությունը փոխելու, տարածքներ հանձնելու մասով: Պետրոս Ղազարյանը, որ մինչ այդ Բագրատ սրբազանի մասին խոսելիս օգտագործում էր «պարոն Գալստանյան» դիմելաձեւը, երեկվա եթերում նրան դիմում էր բացառապես «սրբազան» դիմելաձեւով:
Բայց քանի դեռ իշխանությունը չի փոխվել, պետք է շարունակել ծառայել նաեւ գործող իշխանությանը. դրա համար էր Պետրոս Ղազարյանը փորձում ոչ թե հարցազրույց վարել, այլ իրեն դրել էր քննություն ընդունող դասատուի տեղ եւ փորձում էր նեղը գցել Սրբազանին՝ մի քանի անգամ հարցնելով. «Դուք գիտե՞ք ինչի մասին է նոյեմբերի 9-ի հայտարարությունը», «9-րդ կետն ինչի՞ մասին է»: Երեւի Պետրոս Ղազարյանն ուզում էր, որ Բագրատ սրբազանը հայտարարեր, որ իշխանափոխության դեպքում այդ 9-րդ կետը եւ, ընդհանրապես, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղարկվելու է, ինչից անմիջապես հետո Ղազարյանը նրան կմեղադրեր Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելու, հեռուստադիտողներին եւ հայ հանրությանը կբացատրեր, որ այդ հայտարարության արդյունքում է, որ կանգնեցվել է պատերազմը, եւ եթե Հայաստանը եւ նրա նոր իշխանությունները դրսեւորեն նման անպատասխանատու վարք եւ հրաժարվեն հայտարարությունից կամ դրա առանձին կետերից, դրանով Ադրբեջանին լեգիտիմ իրավունք կտան՝ հարձակում սկսել Հայաստանի դեմ: Պետրոս Ղազարյանի հիմնական խնդիրը Բագրատ սրբազանին եւ ընդդիմությանը` Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելու մեղադրանք ներկայացնելն էր: Հայ հասարակությանը նոր պատերազմով, դրա հնարավոր սպառնալիքով վախեցնելը փաշինյանական քարոզչության հիմնական զենքն է, խնդիրը շատ հստակ է ձեւակերպված` Փաշինյանին ներկայացնել որպես խաղաղության միակ կողմնակից եւ երաշխավոր, իսկ մյուսներին` ռեւանշիստներ ու պատերազմի հրձիգներ: Գուցե Պետրոս Ղազարյանը Հ1-ի ղեկավարությանը եւ իշխանություններին համոզել էր, որ պետք չէ վախենալ Բագրատ սրբազանին եթեր տալուց, ինքը 10 րոպեում նրան այնպես կփչացնի, որ նա ընդմիշտ կմոռանա ոչ միայն Հ1-ի ճանապարհը, այլեւ կկորցնի իշխանության գալու որեւէ ցանկություն: Բագրատ սրբազանի հետ այս հնարքը չստացվեց, նա չտրվեց փաշինյանական պրոպագանդայի պրովոկացիային:
Իսկ հիմա՝ գլխավորի մասին։ Պարզ է, որ Հայաստանում հերթական անգամ ձեւավորվել է հեղափոխական իրավիճակ. ներքեւները չեն ուզում ապրել հին ձեւով` ինչպես նախկինում, իսկ վերեւները չեն կարողանում կառավարել հին ձեւով: Ընդ որում՝ վերեւների կառավարելու անընդունակությունն ավելի բացահայտ է, քան նույնիսկ ներքեւների դժգոհությունը: Բոլորը հասկանում են, որ Ալիեւի եւ Էրդողանի պահանջներն անվերջ բավարարելը որեւէ լավ արդյունքի չի հանգեցնելու, այն ոչ միայն խաղաղություն չի բերում, այլեւ հակառակը` մեծացնում է պատերազմի վտանգը: Ինչպե՞ս անել, որ հերթական անգամ Հայաստանը չկանգնի հակասահմանադրական հեղաշրջման փաստի առաջ: Բագրատ սրբազանն էլ էր ասում, որ Փաշինյանն իշխանության է եկել հակասահմանադրական հեղաշրջման միջոցով, եւ երկրում անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը:
Սահմանադրական կարգը վերականգնելու միակ հնարավոր տարբերակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, մի պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը՝ հնարավորություն չունենալով ազդել ընտրությունների արդյունքների վրա: Փաշինյանին՝ նրա կողմից վերահսկելի խորհրդարանի անվստահություն հայտնելն անհնար եւ անիմաստ զբաղմունք է: Եթե անգամ խորհրդարանի ՔՊ-ական խմբակցությունը պառակտվի, եւ դրա մի մասը միանա ընդդիմությանը, եւ այս տարբերակով տեղի ունենա Փաշինյանի հեռացումը, միեւնույն է, դա կլինի հերթական հակասահմանադրական հեղաշրջումը, որովհետեւ նոր ձեւավորված մեծամասնությունը չի ունենա լեգիտիմություն՝ նոր իշխանություն ձեւավորելու համար, ինչպես որ 2018 թվականին ձեւավորված նոր մեծամասնությունը չուներ լեգիտիմություն՝ Փաշինյանին վարչապետ ընտրելու համար:
Հայաստանում պետք է ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության ավանդույթի հիմք դրվի. ոչ թե սկզբում զավթեն իշխանությունը, հետո փորձեն դա օրինականացնել ընտրությունների միջոցով, ինչպես դա եղել է մինչեւ հիմա: Բագրատ սրբազանը եւ ընդդիմությունը պետք է պահանջեն գործող վարչապետի հրաժարական եւ արտահերթ ընտրությունների անցկացում, Փաշինյանի` իշխանությունից հեռացումից հետո, երբ նա զրկված կլինի ընտրությունների արդյունքների վրա ազդեցության լծակից, նրա ՔՊԿ-ն կկորցնի հաղթանակի որեւէ հնարավորություն եւ նույնիսկ չի հաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ 4 տոկոսանոց արգելքը: Մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրությունների անցկացման այլընտրանք Հայաստանը չունի:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ