Ես կազմել եմ իմ «հավաքականը», որը Հայաստանը կարող է առաջնորդել դեպի վերածնունդ

Ես կազմել եմ իմ «հավաքականը», որը Հայաստանը կարող է առաջնորդել դեպի վերածնունդ

Բազում երեւույթներ, այդ թվում՝ ազգային-հասարակական բնույթի, ճիշտ ըմբռնելու համար պետք է ունենալ լեզվագիտական անսխալ զգացողություն: Մեզ ի վերջո առաջնորդում են բառերն ու եզրույթները, ու եթե դրանք ընկալում ենք ճշտորեն, մեզ համար դյուրանում է առաջ ընթանալը: Կան հասկացություններ, որ վճռական, հաճախ՝ ճակատագրական ազդեցություն են ունենում մեր կյանքում, եւ երբեմն աննկատ է մնում դրանց վիթխարի ներգործությունը: Մի առանցքային բառ-եզրույթ-հասկացություն կա, որ վաղուց ուղեկցում է ինձ իր ուժով, խորհրդավորությամբ ու հմայքով:
Հավաքականություն:

Խոսքը չի վերաբերում միասնականությանը /միասնությանը/, մի չարչրկված հասկացություն, որից հազիվ թե հնարավոր լինի դուրս բերել մի նոր նրբիմաստ, թեպետ լեզվաբանները մասնագիտորեն արձանագրում են, որ հավաքականության գլխավոր հոմանիշը հենց միասնականությունն է՝ ամբողջականությունը: Հավաքականությունը միասնականության հետ զուգահեռվում է նաեւ որպես խմբականություն, միավորվածություն: Բայց ես ուզում եմ կենտրոնանալ խնդրո առարկա հասկացության բուն արմատի՝ հավաքականի վրա, քանզի առեղծվածը, իմ տեսանկյունից, ամփոփված է հենց այդ բառի մեջ:

Հավաքականն ինձ համար խորհրդավոր ու մոգական ձգողականություն ունի դպրոցական այն օրերից, երբ գրականության ուսուցիչը մեզ համար բացահայտում էր Չարենցի հանրահայտ ասույթը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ինձ շարունակ հետաքրքրել է, թե ինչո՞ւ մեր հանճարեղ պոետը իր ազգային պատգամի մեջ չի գործածել առավել հասկանալի ու հանրամատչելի «միասնական» բառը: Դա պետք է բացատրել միայն բանաստեղծական ուրույն լեզվամտածողությա՞մբ, թե՞ Չարենցի «հավաքականն» ակնարկում է ծածկագրված ենթապատվիրանի մասին: Ես հակված եմ երկրորդ մտքին:

Անշուշտ, պատգամում կենտրոնական դիրք գրավող «հավաքական ուժ» բառակապակցությունը գրեթե լիակատար ձեւով արտահայտում է միասնականություն-հավաքականություն իմաստը, եւ այստեղ տարըմբռնման տեղ գրեթե չկա: Միայն տարակուսելի է թվում, թե պայծառատես բանաստեղծը ինչու՞ է ասույթը գաղտնագրել չափածո աքրոստիքոսով, որն իր իմաստային տարողությամբ, անգամ արտահայտչական ձեւով վաղուց շրջանառվում է մեր եւ այլ հանրություններում, այսինքն՝ այն առանձնապես նոր հղված պատգամ չէ: Իսկ Չարենցն այն գաղտնագրել է եւ արժանացել տվյալ ժամանակի բոլշեւիկյան իշխանությունների մեղադրանքին՝ ազգային գաղափարախոսություն տարածելու պատճառաբանությամբ: Կարծում եմ՝ եթե գրողը այդ խոսքը հրապարակեր մի հերթական հոդվածում կամ բանավոր ելույթում, այն նման սեւեռուն ուշադրության չէր արժանանա. գաղտնագրումը խաղացել է հենց այն կարեւոր առաքելությունը, հանուն որի մատուցվել է ասույթը: Բայց հարկ է նկատել իրական գաղտնագրումը:

Չարենցյան ասույթի զորավորությունը թերեւս պայմանավորված է «հավաքական» բառով. եթե դրա փոխարեն պատվիրանում տեղ գտներ «միասնականը», ապա, համոզված եմ, խոսքը չէր ունենա առավել մեծ ազդեցիկություն: «Հավաքականը» սովորական ընկալմամբ հավաքածուն է՝ միավորումը, սակայն դրա լավագույն հոմանիշը, ավելի ստույգ՝ համարժեքը, ըստ իս՝ հավաքանին է՝ ընտրանին: Հավաքականը հենց նման իմաստով է կիրառվում մարզական ոլորտում. ֆուտբոլի հավաքական, բասկետբոլի հավաքական, հոկեյի հավաքական եւ այլն: Իմա՝ հավաքականը մի միություն-միավորում է, որտեղ ընդգրկվում են ոչ թե բոլորը, այլ՝ լավագույնները՝ ընտրյալները: Արժե՞ զարմանալ, որ մարզաշխարհն է տալիս այդ հասկացության առավել խորքային ու յուրահատուկ իմաստը. ոչ: Մարզաշխարհում մրցապայքարի ոգին է իշխում, որտեղ հաղթում են այն թիմերը, որոնք, իրոք, կազմված են ընտրանիի սկզբունքով, այսինքն՝ հանդես են գալիս որպես ամենաուժեղներից կազմված հավաքական:

Ազգերի կյանքը նույնպես մշտական պայքար է՝ գոյապայքար, որտեղ հաջողությամբ հանդես եկողները ապահովում են իրենց կենդանի ու վառ ներկայությունը կյանքի վերին խմբում: Իսկ հաջողություն կարելի է ապահովել միայն ընտիր հավաքականով՝ այն ուժով, որ առաջնորդում է ազգին դեպի գոյատեւության իրոք արժանապատիվ ու բարեկեցիկ հանգրվաններ: Առավել եւս ազգային ներզգացումով եմ հակված մտածելու, որ Եղիշե Չարենցը իր պատգամում նկատի է ունեցել նաեւ հենց այն հավաքական-ընտրանին, որ պետք է հայ ժողովրդին ցուցանի փրկության ու գոյի ճշմարիտ եւ հեռագնա ուղիները, եւ ոչ միայն ցուցանի, այլեւ առաջնորդի այդ երթը: Ազգերը, ժողովուրդները ճանապարհ են կտրում ընտրախավի՝ հավաքականի գլխավորությամբ: Հազիվ թե Չարենցի պես մարգարեն գաղտնագրված ձեւով շեշտադրեր լոկ ծեծված միասնականություն գաղափարը՝ ոչ մի նոր ու հրատապ իմաստ չհաղորդելով իր խոսքին: Իմ համոզմամբ՝ նա հասկացողներին ակնարկում է հավաքականի՝ ընտրանիի հրամայականը, որ օդում կախված էր մնում բանաստեղծի ապրած՜ անցած դարի երեսնականների դժնդակ տարիներին: Այսպիսով՝ չարենցյան ասույթի մի այլ՝ իմաստը պետք է ընթեռնելի դարձնել այս ձեւով՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքականի ուժի մեջ է»: Բանաստեղծը տողատակով խոսում է «հավաքականի ուժի» մասին. ասույթը նաեւ այդ կարգի ընթերցման ու մեկնության հնարավորություն է տալիս: Ընտիր հավաքականով է հնարավոր հասնել հավաքականության բարձր աստիճանի:

Ենթադրում եմ, որ բազում մտածողների պես եւս Չարենցը կասկածում էր միասնականություն գաղափարի իրատեսականության վրա: Ի վերջո ի՞նչ գաղափար/ներ/ի շուրջ կարող է համախմբվել ազգը, համախմբվել ամբողջապես, կատարյալ միասնականությամբ: Դժվար է, ոչ՜ պարզապես անհնար է մատնացույց անել նմանատիպ գաղափարներ, որոնց ջատագովն ու շահառուն է դառնում ողջ ազգային հանրույթը, թեկուզեւ իր ջախջախիչ մեծամասնությամբ, ասենք՝ 90 տոկոսից ավել համախմբումով: Կան առանձին գաղափար-նպատակակետեր, որոնց պարբերաբար հետամուտ է լինում ազգի մեծամասնությունը՝ մինչեւ 70 տոկոս միասնականությամբ. նման թիվ նշում եմ ոչ միայն իմ դիտարկումներից ելնելով, այլեւ այդպիսի սահմանագիծ են ցույց տալիս մի շարք հասարակագետներ ու մարդաբաններ: Վերոնշյալ չափի հավաքականությամբ ազգը ոտքի է կանգնում, մասնավորապես, հայրենիքի պաշտպանության ու ազատագրության, ազգային ինքնության ու կրոնի պահպանության դեպքերում. խոսքը պարտադրված մոբիլիզացիայի մասին չէ, այլ՝ կամավոր, գիտակից ներգրավվածության: 

Միասնականությունը՝ հավաքականությունը, որպես բացարձակ գաղափար՝ միֆ է, պատրանք, որ երբեւէ չի իրականանա եւ ոչ մի սրբազան նպատակի առաջադրման պարագայում: Բոլոր դեպքերում մշտապես կան բազմաքանակ խուսանավողներ, անտարբերներ, հակոտնյաներ, մատնիչներ, դասալիքներ, վախկոտներ, փախնողներ եւ նմանատիպ այլք: Պետք է գոհ լինել այն իրավիճակներից, երբ ազգային-պետական որեւէ գաղափար պաշտպանում եւ հանուն դրա գործում է չափահաս բնակչության կեսից ավելին: Բայց դա էլ ընդամենը բարի ակնկալիք է. ազգի, երկրի, հայրենիքի, պետության գիտակից-կամավոր պահապանները հազիվ կազմում եմ հանրույթի 1/3-ը. սա կրիտիկական շեմն է, ինչպես հաստատում են հետազոտողները: Ես ուղղակի խորը տագնապով եմ արձանագրում, որ արցախյան վերջին՝ 2020-ի աշնանային պատերազմի ընթացքում պարտադիր մարտնչողների եւ կամավորագրվածների թիվը չափազանց հեռու էր նշված 1/3-ից: Մինչդեռ ընթանում էր, ըստ էության՝ հայրենական պատերազմ: Արձանագրված դառնաղետ պարտությունը, նախեւառաջ, վկայում է ազգային խորը ճգնաժամի մասին, որը նախապես համակել էր ողջ պետական համակարգը: Իսկ դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում երկիրը ապրել ու գործել է առանց հավաքականի, այսինքն՝ առանց ընտրյալներից կազմված այն թիմի, որ ունակ է ապահովել հայրենիքի միասնականությունն ու ամբողջականությունը եւ ազգին փրկել խոշոր կորուստներից: Խոսքն, անշուշտ, այսպես կոչված՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված մարդկանց մասին չէ, այլ այն ընտրյալների, որոնք իրապես կազմում են ազգի սերուցքը եւ անկախ իրենց գրաված դիրքից՝ ղեկավարում են ժողովրդին:

Բայց միշտ չէ, որ իրական ընտրյալները գտնվում են իրենց բարձրության վրա եւ կազմելով հավաքական՝ առաջնորդում են հանրությանն իր ճակատագրական պահերին: Հայտնի է՝ անցյալ պատերազմի օրերին կատարվել են փորձեր մեր ընտրյալների կողմից, որ երկիրը զերծ պահեն կանխորոշված պարտությունից, որ Հայաստանը Արցախի հետ պահպանվի որպես հայկական ամբողջական երկիր, որ ՀՀ դարպասները բաց չմնան սանձարձակ թշնամու առաջ. մենք ականատեսը դարձանք, թե ինչպես այդ փորձերը խափանվեցին գործող իշխանության տխմար ու դավաճանական հակազդեցության հետեւանքով:

Հայաստանում նոր ընտրությունների ուրվականն է շրջում. եթե այս պահին դա է միակ ձեւը ազգային-պետական հավաքական-ընտրանի կազմելու համար, ապա մեր հանրությանը պետք է պահանջելու պես հորդորել, որ ձեռնպահ մնան նեղմիտ, շահախնդրական նկատառումներից ու մոլություններից, եւ իրենց ընտրությամբ հավաքական բերեն լոկ նրանց, ովքեր իսկապես կարող են մեր երկիրը առաջնորդել դեպի անվտանգ, արժանապատիվ ու բարվոք հանգրաններ: 
Աչքի առաջ ունենալով շատերի հասարակական-քաղաքական կերպարները՝ ես կազմել եմ «իմ հավաքականը», հրապարակում եմ այդ անունները՝ հենվելով բացառապես իմ քաղաքացիական անկողմնակալությանը. Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Մանուկյան, Հրանտ Բագրատյան, Արման Թաթոյան, Արթուր Վանեցյան, Վիտալի Բալասանյան, Արփինե Հովհաննիսյան, Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան, Արծվիկ Մինասյան: Նրանց մտածելակերպն ու գործելակերպը ազգային-պետական է, ուստի այդ անհատներից կազմված հավաքականը ի զորու է Հայաստանը առաջնորդել դեպի վերածնունդ ու ցանկալի ապագա: 

 Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ