Ովքե՞ր չանտեսեցին Հայ մամուլի օրը

Ովքե՞ր չանտեսեցին Հայ մամուլի օրը

Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է: Եվ ավելորդ է հիշեցնել, որ մամուլն է ժողովրդավարության ամենաամուր հենասյունը: Կարելի է ասել` մամուլի ազատությամբ է չափվում խոսքի ազատության և ժողովրդավարության մակարդակը տվյալ երկրում, և որքան ազատ է մամուլը, այնքան ավելի դեմոկրատ են օրվա իշխանությունները: 

Բայց արի ու տես, որ երեք տարի առաջ հենց մամուլի աջակցությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները երեք տարի հետևողականորեն պայքարում են այդ նույն մամուլի և խոսքի ազատության դեմ: Եվ երբ սրան ավելացնում ենք նաև այն փաստը, որ այսօրվա իշխանության ղեկին հայտնվածներից շատերը` Փաշինյանից սկսած, եղել են հենց մամուլի ներկայացուցիչներ և տարիներ ի վեր պայքարել են խոսքի ազատության և ազատ մամուլի համար, իսկ այսօր «Անասնաֆերմայի» կանոններով վարվում են իրենց դավանած արժեքներին ճիշտ հակառակ, իրավիճակն էլ ավելի հիասթափեցնող և մտահոգիչ է դառնում:

Մամուլի հանդեպ իրենց վերաբերմունքի, ավելի ճիշտ` իրենց ատելության մասին է խոսում նաև այն, որ Հայ մամուլի օրվա առթիվ հայկական մամուլի ներկայացուցիչներին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից որևէ մեկը այդպես էլ չշնորհավորեց` ոչ վարչապետը, ոչ նախագահը, ոչ ԱԺ նախագահը: Եվ եթե Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի դեպքում դա, ցավոք սրտի, արդեն հասկանալի ու տրամաբանական է թվում, ապա տարակուսելի է նախագահ Արմեն Սարգսյանի լռությունը, չէ՞ որ նա այն քիչ թվով պաշտոնյաներից է, որը համեմատաբար բարիդրացիական, ոչ թշնամական հարաբերություն ուներ լրագրողների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Իշխանությունից միակ քիչ թե շատ աչքի ընկնող բարձրաստիճան պաշտոնյան, որ չի զլացել շնորհավորանք հղել Հայ մամուլի օրվա առթիվ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, մինչ այդ` Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էր, որը ևս լրագրողների հետ ունի բավականին նորմալ հարաբերություն` ի տարբերություն իր շատ կոլեգաների:

«Ազատ մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարական, իրավական պետության հիմնասյուներից են, բարձրագույն արժեք, և ես վստահ եմ, որ դուք այսօր Հայաստանում լիարժեք իրացնում եք ձեր այդ ազատությունը։

Այսօր տպագիր և էլեկտրոնային մամուլը մեծ դերակատարություն ունի ոչ միայն քաղաքացիների իրազեկման, այլև հանրային կարծիքի ձևավորման գործում։ Հենց ձեր միջոցով են խնդիրները վեր հանվում և լուծումներ ստանում»,-գրել է Սանոսյանը: Մի քիչ չափազանցրել է, իհարկե, այն վստահության հարցում, որ մենք` լրագրողներս, այսօր Հայաստանում լիարժեք իրացնում ենք մեր ազատությունը, բայց էլի գոհ ենք շնորհավորանքի ու մաղթանքների համար:

Իր շնորհավորանքն է հղել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա պետական պաշտոնյաներից թերևս միակն է, որին իրապես կարելի է համարել մամուլի ազնիվ ու անաչառ գործընկերը, որն այս տարիներին բազմիցս է ապացուցել իր գործով, որ մինչև վերջ կանգնած է մամուլի և մամուլի ներկայացուցիչների կողքին,ինչի համար նրան իսկապես շնորհակալ ենք:

Թաթոյանը, մասնավորապես, գրել է. «Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ: Ի վերջո, այս կերպ է զարգացվում այլակարծությունը»:

Այլ առանցքային պաշտոնյայի շնորհավորանք մենք չգտանք: Եթե լիներ, օրվա ընթացքում կնկատեինք կամ կտարածվեր այդ նույն մամուլի միջոցով: