Իջևանում «բոլոլա» է լինելու ու «ահավոր բազառ»

Իջևանում «բոլոլա» է լինելու ու «ահավոր բազառ»

«Իջեւան» ԲԿ-ն արդեն քանի տարի է` չի կարողանում հանդարտվել եւ մտնել բնականոն աշխատանքային ռեժիմի մեջ։ Այստեղ շատ հաճախ են փոխվում տնօրենները. վերջին 6 տարում կենտրոնի 7-րդ տնօրենն է փոխվում: Ամենաերկարակյացը՝ Հրաչյա Ներսիսյանը, կենտրոնը ղեկավարել է 15 տարի՝ 1998-2013թթ․: Այնուհետեւ, մրցույթի արդյունքում տնօրեն դարձավ Վազգեն Մարգարյանը, ով ղեկավարեց ընդամենը 2 տարի: Նրան 2015-ին փոխարինեց Համլետ Չոբանյանը, ով մի քանի ամիս աշխատեց: Չոբանյանին էլի մի քանի ամսով փոխարինեց Նարեկ Վանեսյանը: Վանեսյանին փոխարինեց Ռուզաննա Գրիգորյանը, ով այս պաշտոնում մնաց մոտ 4 տարի՝ մինչեւ 2019թ․ փետրվարը:

Նրան հաջորդեց Արթուր Բայրամյանը, ով ընդամենը 2 ամիս վայելեց պաշտոնը: Ս․թ․ ապրիլից նրան փոխարինելու եկավ Վազգեն Մարգարյանը՝ որպես տնօրենի ԺՊ: Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Իջեւան» ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցում էին տնօրենի ԺՊ Վազգեն Մարգարյանը եւ Էրիկ Գրիգորյանը: Վերջինս հաղթեց: Մրցույթի կեսից Վազգեն Մարգարյանը դուրս եկավ եւ բողոքարկեց այն: Ըստ հանձնաժողովականների՝ Մարգարյանը հարցերի մի մասին չի կարողացել պատասխանել եւ, դուրս գալով, սկսել է խոսել շանտաժի ու սպառնալիքի լեզվով, մարզպետ Չոբանյանին մեղադրել կողմնակալության եւ ֆինանսական շահագրգռության մեջ: Դրան հաջորդեց մարզպետարանի պաշտոնական պատասխանը Մարգարյանին, որտեղ ասվում էր, թե նա զրպարտության համար ստիպված կլինի «իր բերած պնդումները փաստարկել եւ ապացուցել դատարանում»:  

Մեզ հետ զրույցում Վազգեն Մարգարյանն ասաց. «Քննության հարցաշարն ինձ պակաս են տվել՝ մոտ 40 տոկոսը, մտածվա՞ծ է, թե պատահականություն՝ առայժմ չեմ կարող ասել, բայց հակված եմ ասել, որ միտումնավոր է եղել, որ ես ձախողեմ մրցույթը: Իրենք լավ գիտեն, որ ես երկու անգամ մրցույթին մասնակցել եմ եւ ստացել 100 բալ, եւ մտածել են, որ այս անգամ էլ կհավաքեմ, իրենց թեկնածուն քիչ կհավաքի՝ ես կբողոքարկեմ, որոշեցին գլխիս սարքեն: Ես մրցույթը դադարեցրել եմ, դուրս եկել, գրավոր ձեւով բողոքարկել եմ, իմ իրավունքից օգտվել եմ: Այսօր առողջապահության նախարարության հանձնաժողովը գալու է, մրցույթն անվավեր կհամարվի, նոր մրցույթ կհայտարարվի, եթե օրենքի տառին համապատասխան լինի»: Հարցին, թե հավատո՞ւմ է, որ օրենքի տառին համապատասխան կլինի, Մարգարյանը պատասխանեց. «Այո, առայժմ հավատում եմ, ես վարչապետի գյուղից եմ, բնույթով հեղափոխական եմ, իմ ամբողջ կյանքում եղել եմ հեղափոխական, եթե իմ հեղինակությանը կպան, ոչ ոք չի ներվի, ես մինչեւ վերջ գնացող եմ»:

Մարգարյանը հաղթած մրցակցի մասին ասում է. «Թեկնածուն մարզպետի համագյուղացին է, 3 քրեական գործ կա վրան: Ինքը զինվորական բժիշկ է, ուղարկել են Ղարաբաղ ծառայության, հրաժարվել է, վտարել են պաշտպանության բանակի շարքերից, դասալիք է, նախկին ՀՀԿ-ի ակտիվ տասովշչիկներից, հարցեր լուծող: Չգիտեմ ինչի, որտեղից  ճարեցին այդ նախկին ՀՀԿ-ականին: Այս հիմնարկում երբեք չի աշխատել, աշխատել է Բերդի հոսպիտալում, կարճ ասած՝ ասել են՝ թեկնածությունդ բեր դիր: Իհարկե, լավ աչքերի համար չեն նման թեկնածուներին բերում: Նախկին ռեժիմից մնացած մնացորդային երեւույթները դեռ շարունակվում են: Մարզպետն էլ է եղել ՀՀԿ-ական, նա նոր Հայաստանի կադր չի: Ես հավատացել եմ այս իշխանությանը, եկել եմ իդեալական, սպիտակ հաշվապահություն եմ ստեղծել: Իմ վրա նույնիսկ 6-րդ վարչություն են բերել, ոչինչ չկարողացան վրաս գտնել: Իմ կոլեկտիվի 90 տոկոսը, Իջեւանի ամբողջ ժողովուրդն իմ թիկունքին կանգնած է: Շատ-շատ՝ մենք այստեղ հեղափոխություն կսկսենք էդ մնացուկների դեմ: Ժողովուրդը թույլ չի տա, որ ուրիշ կադր գա՝ անօրինական խցկվի ստեղ»: Այսինքն՝ վարչապետի ծննդավայրում նոր հեղափոխությո՞ւն կսկսեն։ «Մենք հեղափոխությունը ոչ թե վարչապետի դեմ ենք սկսելու, այլ վարչապետի համար, որ այդ նախկին թափթփուկներին մաքրենք այստեղից… Ես զարմանում եմ այս մարզային չինովնիկների վրա, որոնք հին ձեւով աշխատում են, առանց մտածելու, որ մի օր կարող է գան-հավաքեն-տանեն՝ իրենց կաշառակերության համար: Այս մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ փողի մեռած են»: 
 

Մարգարյանը մեզ հետ զրույցում հիշեց Տավուշի ոչ միայն ներկա, այլեւ նախկին, ողջ ու հանգուցյալ բոլոր մարզպետներին․ «Տավուշի առաջին մարզպետ Ասատրյան Պավլիկն ինձ հետ ընդհարվել էր, ես նենց արել եմ՝ իրեն գործից հանել եմ: Ասատրյան Պավլիկն իմ շնորհիվ է ազատվել պաշտոնից: Երկրորդ մարզպետը՝ Ղուլարյանը, եկավ, ուզեցավ իր կոլեկտիվի հետ, վերեւների հետ պոլիկլինիկայի շենքը սեփականաշնորհել, ես չեմ թույլ տվել: Երրորդը եկավ՝ էլի ապօրինի, 50 միլիոն դրամ ստվերից հանել էի, ասեց՝ ինձ ձեռ չի տալիս քո աշխատանքը, ինչի՞ այդ 50 միլիոնը պետությանը գնա․ մենք ընդհարվել ենք, ճակատագիրը ոչ հաճելի ա եղել: Սրանից առաջ մեկը եկել էր՝ էլի նույն ոճով, սրա նման էր աշխատում: Էս մեկն էլ եկել ա, ասինքն՝ ջահել, կրթված տղա է, պարզվեց՝ չէ, նույն ոճով է: Ժողովուրդը սրա անունը «թամադա» է դրել, մենակ սիրուն խոսում է, ոչինչ չի անում»: 

Վազգեն Մարգարյանը նախորդ մարզպետների հետ ունեցած խնդիրների մասին պատմում էր յուրովի, մինչդեռ ժամանակին մամուլն այլ բաներ էր գրում. Տավուշի առաջին մարզպետ, արդեն հանգուցյալ Պավլիկ Ասատրյանը Մարգարյանին ժամանակին ազատել է մարզպետարանի առողջապահության բաժնի պետի պաշտոնից՝ ոչ սթափ վիճակում աշխատանքի ներկայանալու պատճառով: Այդպես գրվել է նաեւ նրա աշխատանքային գրքույկում: Այս պաշտոնում Մարգարյանն աշխատել է մոտ մեկ տարի: Ինչ վերաբերում է երկրորդ մարզպետ Արմեն Ղուլարյանին, ապա զարմանալի է, որ Մարգարյանը նրանից էլ է դժգոհ. Մարգարյանը 2013թ․ առաջին անգամ «Իջեւան» ԲԿ-ի տնօրեն դարձավ հենց Ղուլարյանի օրոք: Այդ ժամանակ նա առողջապահության կազմակերպչի որակավորում եւ մրցույթին մասնակցելու իրավունք չուներ: Ու չնայած մրցակցի բողոքարկմանը, Մարգարյանը մասնակցեց մրցույթին: Երկու թեկնածուները հավաքել էին հավասար ձայներ, եւ վերջին խոսքը մարզպետինն էր: Արմեն Ղուլարյանը գերապատվությունը տվեց եւ տնօրեն նշանակեց Վազգեն Մարգարյանին: Այդ ժամանակ մամուլը գրեց. «Իջեւանում լուրեր են շրջանառվում, թե Մարգարյանի «թիկունքում» կանգնած է սպորտի նախարար Յուրի Վարդանյանը»: Իսկ Մարգարյանը մեզ հետ զրույցում իր մրցակցի մասին ասում է. «…Սիրուն աչքերի համար չեն ասում՝ բեր թեկնածությունդ դիր, ես էդ խոհանոցներով անցել եմ, գիտեմ ոնց ա դա կատարվում: Ես շատ ինֆորմացված եմ»: Իսկ ինչ վերաբերում է ներկա մարզպետի եւ մրցույթում հաղթած թեկնածուի ՀՀԿ-ական լինելուն, ապա ժամանակին ինքը նույնպես եղել է ՀՀԿ-ական:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ մենք զրուցել չկարողացանք. նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ Իջեւանում խոսում են, որ մրցույթից հետո Մարգարյանը սկսել է ինչ-որ «հախուհաշիվ» պահանջել Նիկոլ Փաշինյանի եղբորից՝ Արտակ Փաշինյանից: Խոսում են նաեւ, որ Մարգարյանը ժամանակին Սիփանի օժանդակությամբ է դարձել ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ այդ լուրերի՝ Մարգարյանը նրանց սպառնացել է, որ եթե չդառնա տնօրեն, ապա կսկսի խոսել… Իսկ թե ինչ կխոսի կամ կխոսի՞, առհասարակ, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը: Մարգարյանին ճանաչողներն ասում են, որ նա լռող չէ, վտանգավոր մարդ է եւ եթե ասելիք ունի, ապա երկար չի լռի՝ անպայման կխոսի։ Անգամ եթե այդ խոսելն իր գլխին փորձանք բերի։