Բա լավ էր, որ նախկինները...

Բա լավ էր, որ նախկինները...

ՀՀ Ազգային ժողովը նախատեսել է այս տարի ձեռք բերել 10 միլիոն 500 հազար դրամի կահույք, մոտ մոտ 2,5 միլիոն դրամի խմելու ջուր, 1,5 միլիոն դրամի զուգարանի թուղթ և այլն: «Հրապարակի» լրագրողը նման տվյալներ է պեղել ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքից, որում հրապարակված են պետական կառույցների՝ 2021 թվականի գնումների պլանը։  Նախկինների օրոք պետական կառույցների գնումներին հետևում էին ընդդիմադիր լրագրողներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ներ): Հետևում և որևէ աննորմալ բան բացահայտելու դեպքում անարգանքի սյունին էին գամում դրանց ղեկավարներին: ՔՀԿ-ները դատապարտող հայտարարություն էին անում, իսկ լրատվամիջոցները և հատկապես Փաշինյան Նիկոլի խմբագրած ՀԺ-ն՝ լուսաբանում՝ չմոռանալով ձեռք առնել իշխանություններին: Աննորմալը որևէ նյութական ապրանքի կամ ծառայության մեծ ծավալի, միավոր գնի՝ սովորականից մի քանի անգամ թանկ, ինչպես նաև մեկ անձից կատարված գնումներն էին: 

Փաշինյան Նիկոլի իշխանության գալով՝ մեկ անձից կատարվող գնումները դարձան սովորական պատմություն: Եվ եթե նախկինները փորձում էին սահմանափակել դրանք, քանի որ նման գնումները ընկնում էին կոռուպցիոն ռիսկի դասակարգման տակ, կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ պարզած ու այն հաղթահարած (իր կարծիքով) իշխանությունը ազատություն տվեց իրեն: Առաջին ծիծեռնակն ընդդիմադիր գործիչ Փաշինյանի՝ ընդհատակում գրված գրքի հրատարակությունն էր: Դրանից հետո այդ հրատարակչությանը մեկ-երկու տարում մի քանի հարյուր միլիոն դրամի պատվեր տրվեց պետական կառույցների կողմից՝ առանց օրենքով սահմանված  կարգավորումները պահպանելու: Հրատարակչության անունը չեմ տալիս լրացուցիչ գովազդ չապահովելու համար: Այնուհետև գործընթացը, ինչպես ժողովուրդն է ասում, ծլեց, ծաղկեց ու մեծացավ: 

Ինչ մնում է նյութական ապրանքների կամ ծառայության մեծ ծավալին և կամ սովորականից մի քանի անգամ թանկ կատարված գնումներին, ապա 2019-ին կամ դրա նախորդ տարում այդ ամենը ոնց որ աչք չէր ծակում, քանի որ առկա էր պետական բյուջեի եկամուտների աճ: Բայց այն ոչ թե Փաշինյան վարչապետի շնորհիվ էր, թեև երեք անգամ գովազդվեց նրա կողմից 100-ական փաստերում, այլ իր նախորդի՝ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք տնտեսության զարգացման դրվածքի շնորհիվ: Սակայն 2020-ին ու հատկապես 2021-ին, երբ պետությունը բախվել է սոցիալական առումով հսկայական ծախսեր անելու  անհրաժեշտությանը, նման երևույթներն ուղղակի անթույլատրելի են: Բայց ինչ ասես մի իշխանությանը, որը խայտառակ պարտությունից հետո ավելի քան 20 տոկոսով ավելացրեց պարգևավճարներին հատկացվող գումարների ծավալը:

Ի դեպ, հանուն արդարության պետք է արձանագրել, որ 2018-ին ու 2019-ին աննորմալ գնումների բացահայտումների դեպքում մենք ականատես էինք լինում նիկոլապաշտ զոմբիների՝ «բա լավ էր, որ նախկինները թալանում էին», «ինքն արժանի է» և նմանատիպ բազմաթիվ այլ առարկություններին, իսկ պատերազմում խայտառակ պարտությունից հետո գոնե նման տխմար ձևակերպումներ արդեն չեն հանդիպում: Սակայն որպեսզի այլևս երբեք չլինեն թե՛ նման ձևակերպումներ և թե՛ դրանց հիմք հանդիսացող աննորմալ գնումներ, անհրաժեշտ է ձևավորել այնպիսի իշխանություն, որը լումա առ լումա (և կամ կոպեկ առ կոպեկ) կհետևի պետական գնումներին: Իսկ դա անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք առանց լրացուցիչ հսկայական պարտքեր կուտակելու՝ վերականգնենք տնտեսությունը: Իսկ նման տեսլականը ենթադրում է օր առաջ, ժամ առաջ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հեռացումը:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ