Ստեփանակերտի քաղաքապետն ու Արցախի նախագահը վիճե՞լ են

Ստեփանակերտի քաղաքապետն ու Արցախի նախագահը վիճե՞լ են

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդել է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները: Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձունքի հատվածում հակառակորդի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։ Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։

Չնայած նշվում է, որ նախագահ Հարությունյանը հանդիպում է ունեցել վարչական շրջանների համայքների ղեկավարների հետ, սակայն մեզ պատմեցին, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և նախագահ Արայիկ Հարությունյանի հարաբերությունները բավականին վատացել են եւ նա չի մասնակցել այդ հանդիպմանը: Ըստ այդ տեղեկությունների` Հարությունյանն ու Սարգսյանը նախօրեի հանդիպումից մի քանի օր առաջ Արցախի նախագահականում թեժ վիճաբանություն են ունեցել:

Մենք կապվեցինք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ, նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեկվա հանդիպմանն ինքը ներկա չի եղել: «Իսկ ինչո՞ւ պետք է ներկա գտնվեի», ասաց նա եւ հավելեց. «Լավ ես զբաղված եմ»:

Մենք փորձեցինք հարցնել` թե ինչի՞ց է ծագել վիճաբանությունը` նախագահ Հարությունյանի հետ, սակայն մեր զրուցակիցն անջատեց հեռախոսը` առանց հարցին պատասխանելու եւ դրանից հետո այլեւս չպատասխանեց մեր զանգերին: