Ադրբեջանի կողմից վնասվել է Լաչինի պատմական գերեզմանոցը 

Ադրբեջանի կողմից վնասվել է Լաչինի պատմական գերեզմանոցը 

2023 թվականի մայիսի 18-ին Կովկասի ժառանգության մշտադիտարկման կենտրոնն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող «ճանապարհաշինարարական աշխատանքների» պատճառով վնասվել է Լաչինի պատմական գերեզմանոցը։ Ճանապարհաշինարարությունը, որը մեկնարկել է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ 2022 թվականի հոկտեմբերի 15-ից, վնասել է Լաչինի գերեզմանոցի հյուսիսարեւելյան եւ հարավային տարածքները։
Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկման կենտրոնն արբանյակային պատկերների միջոցով արձանագրել է այնտեղ տեղադրված 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաեւ 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումը: Հարկ է նշել, որ խաչքարերի մեծ մասի հստակ ոչնչացումը հնարավոր չի եղել փաստացիորեն վավերացնել՝ տեղադրության հետ կապված տեսանելիության խնդիրների պատճառով։

Լաչինի գերեզմանոցի ավերումը եւ խաչքարերի ոչնչացումը նմանօրինակ բարբարոսության առաջին դեպքը չէ։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային էթնոցիդի քաղաքականության արդյունքում թիրախավորվեցին նաեւ ճանապարհների մոտ գտնվող հայկական պատմական մի շարք բնակավայրեր եւ գերեզմանոցներ։ Դրանք ավերվեցին կամ անհետ ոչնչացվեցին գլոբալ ճանապարհաշինարարական աշխատանքների քողի ներքո՝ նոր ենթակառուցվածքներ ստեղծելու պատճառաբանությամբ։ Այս գործընթացի հետեւանքով ավերվել են ինչպես Լաչինի, այնպես էլ Շուշիի պատմական գերեզմանոցը, Հադրութի գերեզմանոցը, անհետ ոչնչացվել են Ասկերանի շրջանի Շոշ համայնքի Սղնախի 18-րդ դարի հայկական գերեզմանոցը եւ այլ գերեզմանոցներ։ 
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման եւ յուրացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով եւ այլ փաստաթղթերով։

Լաչինի գերեզմանոցի տարածքի 14-րդ դարի եզակի խաչքարի ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ միջազգայնորեն արգելված է հատկապես խաչքարերի թիրախավորումը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թվականին ընդունված Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք եւ միջազգային լրացուցիչ պահպանության կարիք, ինչպես նաեւ մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։ Բացի այդ՝ խաչքարային արվեստը ճանաչված է որպես հայկական եւ, անկախ այս կամ այն պետության ցանկությունից, պետք է պահպանվի։
Կարեւոր է ընդգծել նաեւ այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն՝ գործում են որպես համընդհանուր եւ անշրջանցելի կանոն եւ պարտադիր են բոլոր պետությունների համար։