Հայաստանն աշխարհին առաջարկում է իր չունեցած ժողովրդավարությունը, Ադրբեջանը՝ իր նավթն ու գազը

Հայաստանն աշխարհին առաջարկում է իր չունեցած ժողովրդավարությունը, Ադրբեջանը՝ իր նավթն ու գազը

Փաշինյանը Քիշնեւ` Եվրոպական քաղաքական համայնքի  երկրորդ գագաթնաժողով կոչված միջոցառմանը մեկնելուց առաջ Երեւանում կազմակերպել էր Ժողովրդավարության հայկական ֆորում, որի ժամանակ ժողովրդավարությունը հռչակեց Հայաստանի բրենդ: Նույն օրը Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ով նույնպես մեկնում էր Քիշնեւ, իր երկրի մայրաքաղաքում կազմակերպել էր Բաքվի էներգետիկ շաբաթ, որի շրջանակներում աշխարհի 37 երկրի հարյուրավոր ներկայացուցիչներ քննարկում էին գործող եւ ապագայում իրագործվելիք էներգետիկ նախագծեր: Այսպիսով Փաշինյանն ԱՄՆ-ին եւ աշխարհին առաջարկում է Հայաստանի չունեցած ժողովրդավարությունը, իսկ Ադրբեջանը՝ իրական գազ եւ նավթ, որոնք կընտրի այդ նույն ժողովրդավարական Արեւմուտքը:

Փաշինյանը փորձում է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ ու այդ արժեքներով ապրող երկիր՝ այդ նույն ժողովրդավարական աշխարհի պաշտպանությունը ստանալու համար: «Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա. Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են ու այդ վտանգները հանրահայտ են, բոլորին տեսանելի»,- այդ միջոցառման ժամանակ հայտարարեց Փաշինյանը: Նրան թվում է, որ եթե աշխարհն իմանա, որ հայկական ժողովրդավարությունը վտանգի տակ է, բոլոր ժողովրդավարական երկրներն արշավանք են սկսելու բռնապետական Ադրբեջանի դեմ՝ հայկական ժողովրդավարությունը փրկելու համար:

Նույն օրը Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները ողջունում է Ալիեւի` Արցախի ժողովրդի նկատմամբ մարդասիրություն դրսեւորելու եւ համաներում հայտարարելու պատրաստակամությունը, ասում է. «Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից եւ ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը եւ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»:

Փաշինյանը շարունակում է Հայաստանը կառավարել ոչ թե որպես պետական գործիչ, այլ իբրեւ մի ՀԿ-ի ղեկավար կամ քաղակտիվիստ: Նրա ու նրան կից ԱԳՆ-ի ասածն այն է, որ բռնապետական Ադրբեջանը սպառնում է Հայաստանին ու նրա ժողովրդավարական կարգերին, իսկ Արեւմուտքը եւ նրա առաջնորդ ԱՄՆ-ն, փոխանակ պաշտպանեն ժողովրդավարական Հայաստանին, թյուրիմացաբար պաշտպանում են Ադրբեջանին: Բավական է ԱՄՆ-ին ու Արեւմուտքին հիշեցնել, որ մենք ունենք ընդհանուր արժեք` ժողովրդավարություն, որից հետո մեր վիճակն էապես կփոխվի: 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին կոտորածների եւ ցեղասպանության ենթարկվող հայերը նույն տրամաբանությամբ եվրոպական մայրաքաղաքներում փորձում էին համոզել, որ քրիստոնյա Եվրոպան պետք է պաշտպանի իր հավատակից հայերին եւ ոչ թե իսլամադավան օսմանյան սուլթաններին: Եվրոպայում այդպես էլ չհասկացան այդ պարզ ճշմարտությունը:

Նախ՝ ԱՄՆ-ում եւ Արեւմուտքում շատ լավ գիտեն, որ Հայաստանում ոչ մի ժողովրդավարություն էլ չկա. Փաշինյանը տիպիկ բռնապետիկ է, ուղղակի դրա մասին չեն բարձրաձայնում՝ թողնելով, որ նա շարունակի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ խոսքի ու ազատ ընտրությունների մասին անիմաստ դատարկաբանությունը: Արեւմուտքում շատ լավ գիտեն, որ Հայաստանում ընտրություններն ազատ են, եթե դրանցում հաղթում է Փաշինյանի կողմնակիցը, իսկ մյուս դեպքերում գործում է ռեպրեսիվ մեքենան: Հայաստանի ժողովրդավարության խորհրդանիշը Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, ով արդեն գրեթե 2 տարի անազատության մեջ է, քանի որ համարձակվել է հաղթել ՔՊ-ին: Հայաստանի ժողովրդավարության խորհրդանիշը Բերդ համայնքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն է, ով ընտրություններում հաղթելուց հետո հայտարարեց. «Սիրելի հայրենակիցներ, օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում եւ հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք: Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել՝ հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից»: 

Կա՞ աշխարհում որեւէ ժողովրդավարական երկիր, որտեղ ժողովրդի քվեն ստացած եւ հաղթած թեկնածուն հաղթանակից մի քանի օր հետո հրաժարական տա, որպեսզի իր նկատմամբ շարունակվող քրեական հետապնդումը կասեցվի: Հայաստանի ժողովրդավարության ցուցիչը Գյումրու քաղաքապետի ընտրություններն էին, որտեղ ՔՊ-ն պարտվեց «Բալասանյան դաշինքին», բայց քաղաքի փաստացի կառավարումն անցավ ՔՊ-ականներին, իսկ քաղաքապետ դարձած Վարդգես Սամսոնյանը վերածվեց շարքային ՔՊ-ականի:

Հարցն այն չէ միայն, որ Փաշինյանին չի հաջողվի խաբել ԱՄՆ-ին եւ ԵՄ երկրներին, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, միայն այն պատճառով, որ իրեն այստեղ քննադատողներից ոչ բոլորն են բանտերում, կամ ոչ բոլորին է ինքը կարողանում ոչնչացնել: Փաշինյանն ու նրա արտգործնախարարը չեն հասկանում մի պարզ տրամաբանություն. ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը եւ նման այլ գործիքները ԱՄՆ-ն եւ հավաքական Արեւմուտքը ստեղծել են որպես ազդեցության գործիք եւ լծակ` ոչ հնազանդ երկրներին ենթարկեցնելու եւ դրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար եւ ոչ թե այն նպատակով, որ տեղի ունենա հակառակը, եւ Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ին հաթաթա տա, թե բա՝ հավատարիմ եղեք ձեր դավանած արժեքներին եւ վարվեք այնպես, ինչպես մեզ է ձեռնտու:

Նույնիսկ եթե Հայաստանում ավելի շատ քաղաքական եւ քաղաքացիական ազատություններ կան, քան Ադրբեջանում, միեւնույն է` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընտրության հարցում ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը միշտ ընտրելու են Ադրբեջանին, որովհետեւ ԱՄՆ-ին կամ ԵՄ երկրներին Հայաստանի ունեցած ժողովրդավարությունը հետաքրքիր չէ, դրանից իրենք շատ ունեն, իրենց համար ավելի կարեւոր են Ադրբեջանի նավթն ու գազը, ինչի մասին բարձրաձայնում էին Բաքվի էներգետիկ շաբաթի մասնակիցները՝ կարեւորելով Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համակարգում:

Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն չեն պաշտպանի Հայաստանի ժողովրդավարությունն Ադրբեջանից կամ չեն փրկի արցախահայությանն էթնիկ զտումից կամ ցեղասպանության վտանգից, միայն այն պատճառով, որ իրենք էլ են դավանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներին, ինչպես չպաշտպանեցին 44-օրյա պատերազմի ժամանակ մատը մատին չխփելով պատերազմը կանգնեցնելու համար եւ դրանից հետո, երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ էր գործում Հայաստանի ու Արցախի վրա: 
Ձեր զավեշտալի հայտարարություններով ծիծաղելի վիճակի մեջ մի դրեք ինքներդ ձեզ եւ, որ ամենավատն է` Հայաստանը:

Ավետիս Բաբաջանյան