Շինարարության փուչիկ. մանիպուլյացիաներն էլ չափ ու սահման պետք է ունենան

Շինարարության փուչիկ. մանիպուլյացիաներն էլ չափ ու սահման պետք է ունենան

Օրերս պրն Թունյանը կրկին վերհիշեց շինարարության «փուչիկի» մասին: Ավելի համոզիչ դարձնելու համար իր խոսքը, նա հղում արեց Տիգրան Սարգսյանին, ով ժամանակին հայտարարել էր, թե երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակ երկնիշ աճի գլխավոր գործոնը եղել է շինարարության «փուչիկը»: Բնականաբար, որպես ազնիվ եւ ինտելիգենտ երիտասարդ, Թունյանը չէր կարող մտքով իսկ անցկացնել, թե ժամանակին եւս երիտասարդ վարչապետն ինչու է այդպես արտահայտվել, որի մտավոր եւ կառավարման բնագավառում կարողությունները որեւէ մեկը չի կարող կասկածի ենթարկել: Հզոր անձնավորություն է Տիգրան Սարգսյանը: Բայց եթե նրա բոլոր ասածներին եւ արածներին հավատանք… Իր պաշտոնավարման ժամանակ նա տնտեսության գրեթե բոլոր ոլորտները հայտարարել էր գերակա: Նա՝ որպես բարձր ինտելեկտուալ անձնավորություն, լավ էր հասկանում, որ այդպես չի լինում։

Նա, ինչպեսեւ համալսարանը գերազանցությամբ ավարտած Թունյանը, անտարակույս, խորությամբ ուսումնասիրել է տնտեսական պարբերաշրջանների (ցիկլերի) տեսությունը: Սակայն, ինչ-ինչ խնդիրներից ելնելով, նախկին վարչապետն արել էր այդպիսի հայտարարություն, որը, մեղմ ասած, իր կալիբրի անձանց պատիվ չի բերում: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի հզոր լինելու մասին. ջերմամիջուկային ռեակցիան նույնպես հզոր էներգիայի աղբյուր է, բայց, միաժամանակ, զանգվածային ոչնչացման հզոր զենք։ Եվ թե Թունյանն ինչու է «թելում» Տիգրան Սարգսյանի ասեղը, գուցե միայն  աստղագուշակները բացատրեն:

Այսպես, ուրեմն, գոյություն ունեն տնտեսական տարբեր ցիկլեր, ինչպիսին են 45-50 տարի տեւող «կոնդրատեւյան ալիքները», 15-20 տարի տեւող շինարարական ցիկլերը: Գծապատկեր 1-ում ներկայացված է ՀՀ-ում շինարարական ցիկլը, որը տեւել է 22-23 տարի: Գծապատկեր 2-ում ԱՄՆ-ում առաջին շինարարական ցիկլն է, որը տեւել է 17 տարի, իսկ գծապատկեր 3-ում չորրորդ ցիկլն է, որը համընկել է 1930-ականների Մեծ դեպրեսիայի հետ:

1990-ականների սկզբին մեկնարկել էր կոնդրատեւյան 5-րդ ալիքը, եւ միանգամայն օրինաչափ էր, որ տնտեսական բարենպաստ կոնյունկտուրայի ձեւավորումից հետո, 1990-ականների վերջին սկսվելու էր շինարարական ցիկլը: Ինչպես երեւում է գծապատկեր 1-ից, ՀՀ-ում շինարարության ծավալը 1998-ին կազմել է 51.4 մլրդ դրամ: 2008-ին, երբ սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը (դրա ազդեցությունը ՀՀ-ում դրսեւորվեց 2009-ին), շինարարության ծավալը հասավ գագաթնակետին՝ 857.8 մլրդ դրամ: Այնուհետեւ նկատվեց անկում, եւ 2020-ին այն կազմեց 369.7 մլրդ դրամ:

Ահա «շինարարական փուչիկի» պատմությունը: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան կանխատեսել ու կառավարել «կոնդրատեւյան ալիքները» եւ Ս. Կուզնեցի շինարարական ցիկլերը, ուրեմն պետք է նրանց անմիջապես «կալանավորել»… եւ նստեցնել երկրի ղեկավարի պաշտոնին:
2002թ․ Տոկիոյում այցելեցինք բնապահպանական մի կազմակերպություն: Հյուրընկալողները, ներկայացնելով կազմակերպության նպատակները, ասացին, որ այդ կառույցը ստեղծվել է «օճառային պղպջակների» ժամանակահատվածում, եւ անմիջապես բացատրեցին, որ խոսքը Dot-com bubble-ի՝ տնտեսական փուչիկի մասին է, որը գոյություն է ունեցել 1995-2001 թվականներին:

Դրա գագաթնակետը 2000 թվականին էր, երբ NASDAQ-ի ինդեքսը սակարկությունների ընթացքում հասավ 5132.52 կետի (օրվա գագաթնակետը), իսկ փակման ժամանակ 1.5 անգամով ընկավ: Պղպջակն առաջացել էր XX դարավերջին՝ ինտերնետային ընկերությունների բաժնետոմսերի (առավելապես՝ ամերիկյան) վերելքով, ինչպես նաեւ նոր մեծաթիվ ինտերնետ-ընկերությունների առաջացմամբ եւ հին ընկերությունների վերակողմնորոշմամբ դեպի ինտերնետային բիզնեսը: Ընկերությունների բաժնետոմսերը, որոնք առաջարկում էին ինտերնետը որպես եկամուտ ստանալու միջոց, գների աստղաբաշխական վերելք ունեցան: Պարզվեց, որ իրականում նոր բիզնես-մոդելներն անարդյունավետ են, իսկ գովազդի եւ մեծ վարկերի վրա ծախսված միջոց¬ները հանգեցրին սնանկությունների ալիքի, NASDAQ-ի ինդեքսի ուժեղ անկման, ինչպես նաեւ սերվերային համակարգիչների գների փլուզման:

Հիմա, եթե խոսքը վերաբերում է «շինարարական փուչիկին», որի շնորհիվ հնարավոր էր կառուցել ճանապարհներ, դպրոցներ եւ այլ սոցիալական օբյեկտներ, ապա ինչո՞ւ ոչ: Բայց, ինչպես նկարագրվեց վերեւում, փուչիկի կամ պղպջակի մեխանիզմը բոլորովին այլ է: Շինարարության բումի ժամանակ Հայաստանում ներդրվել է ոչ թե փուչիկ, այլ իրական փողեր։

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր