Երևանի գլխավոր հատակագիծը, որպես չզեկուցվող հարց, ներկայացվելու է ավագանու հաստատմանը
Երեւանի քաղաքապետի սեպտեմբերի 6-ի N3422-Ա որոշմամբ, սեպտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստում՝ մի շարք այլ որոշումների հետ, անհետաձգելի է համարվել նաեւ «Երեւան քաղաքի մինչեւ 2030 թվականի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որն արդեն մտել է օրակարգ` որպես չզեկուցվող հարց:
Օրերս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր դիտարկումներն է ներկայացրել Երեւանի գլխավոր հատակագծի եւ դրա ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվության վերաբերյալ՝ նշելով, որ մայրաքաղաքի գլխավոր քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթը հեռու է պատրաստ լինելուց, իսկ դրա ՌԷԳ-ը պատշաճ չի իրականացվել: Չնայած բարձրաձայնված խնդիրներին՝ նշված փաստաթղթերը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստացել են դրական եզրակացություն, ընդ որում՝ արագացված կարգով, առանց պատշաճ փորձագիտական ներուժի եւ շահագրգիռ հանրության ներգրավման՝ անտեսելով փաստաթղթերի ակնհայտ թերությունները: Բացի այդ, մասնագետների կարծիքով, շրջակա միջավայրի վրա ազդեցության մասով օրենքով նախատեսվում են երկու հանրային լսումներ:
Ներկայացված դիտարկումների արդյունքում կենտրոնը կարծում է, որ դրանում նշված խնդիրները հիմք են, որպեսզի Երեւանի գլխավոր հատակագիծը եւ դրա ՌԷԳ հաշվետվությունն ընդունելի չհամարվեն իրավասու մարմինների կողմից եւ վերադարձվեն Երեւանի քաղաքապետարան՝ լրամշակման:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ընդհանուր բնույթի դիտարկումներում կարդում ենք.
«Գլխավոր հատակագծի նախագիծը չի ապահովում նախագծային առաջադրանքի 3-րդ կետով սահմանված պահանջների իրականացումը (օրինակ՝ Երեւան-քաղաքամերձ գոտի-ագլոմերացիա տարածքների քաղաքաշինական գործառույթների իրականացում (2), հարկայնության սահմանման կանոնակարգում (3), քաղաքի կենտրոնի բեռնաթափում (10), բնական եւ տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետեւանքների նվազեցմանը եւ քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում (11), Երեւանի փոքր կենտրոնի ճարտարապետական կերպարի ինքնության պահպանում, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործում, գրավիչ եւ հարմարավետ կենսամիջավայրի կազմավորում (12), քաղաքաշինական միջավայրում բնակչության սակավաշարժ խմբերի մատչելիության ապահովում (13)):
Երեւանի գլխավոր հատակագծի տարբեր բաժինները ներկայացված են խիստ անհամաչափ եւ տարբեր ձեւաչափերով: Բազմաթիվ հատվածներում բացակայում են ելակետային տվյալները, հաճախ խնդիրներն ու լուծումները խառնված են եւ անհասկանալի, պարզ չէ, թե ինչն է առաջարկվում փոխել կամ զարգացնել: Որոշ ոլորտներում լուծումներն առհասարակ բացակայում են։ Երբեմն ինչ-որ բնապահպանական լուծումներ ներկայացված են ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվությունում, սակայն վերջինս իրավական փաստաթուղթ չէ, եւ դրա նպատակը բոլորովին այլ է։
Փաստաթղթերում առկա են մի շարք անհամապատասխանություններ: Օրինակ՝ ՌԷԳ հաշվետվության մեջ նշվում է, որ Կենտրոն վարչական շրջանի բնակչությունը կազմում 126.6 հազար մարդ (էջ 40)։ Մյուս կողմից, Երեւանի գլխավոր հատակագծում նշված է, որ մշտական բնակչությունը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կենտրոն համայնքում կազմում է 120 245, իսկ 2024 թվականին՝ 124 212 (աղյուսակ 11․1.2)։ Միեւնույն փաստաթղթի Աղյուսակ 12.1.8.-ում, որը ներկայացնում է Երեւան քաղաքի բնակչության էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշները, նշվում է, որ Կենտրոն վարչական շրջանի բնակչության թիվը 2023 թվականի դրությամբ կազմում է 130.6 հազար մարդ»:
Հասկանալի չէ նաեւ, թե ինչու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի «Փորձաքննությունների եզրակացություններ» բաժնում տեղադրված չէ նշված եզրակացությունը՝ գլխավոր հատակագծի նախագծի ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվության վերաբերյալ:
Ի դեպ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի «Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացություններ» բաժնում նույնպես տեղադրված չէ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Մինչդեռ, համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3 հոդվածի 6-րդ մասի, մինչեւ համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը եւ նախագծման առաջադրանքները ենթակա են դրանց մշակմանն առնչվող պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցման (այսուհետ` շահագրգիռ մարմիններ)` կառավարության սահմանած կարգով:
Համաձայն կառավարության որոշման, համայնքի գլխավոր հատակագիծը, հանդիսանալով ռազմավարական բնույթի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթուղթ, սահմանում է համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները, քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի օգտագործման ռեժիմները, պարտադիր պահանջներն ու ՀՀ օրենսդրության ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված սահմանափակումները, ինչպես նաեւ՝ հողատարածքների կառուցապատման առաջնահերթ (մինչեւ 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի) եւ հեռանկարային (10-15 տարի) փուլերը: Սակայն, ինչպես նշված է գլխավոր հատակագծի բացատրագրում, նորը նախատեսված է մինչեւ 2030 թվականը, այսինքն՝ այն չի համապատասխանում նաեւ նախագծային առաջադրանքի պահանջներին:
Նախագծի բացատրագրից ակնհայտ է դառնում, որ քաղաքի զարգացման տեսանկյունից հեռանկարային խնդիրներ չեն դրվել գլխավոր հատակագծի առաջ, քանի որ, համաձայն բացատրագրի. «Գլխավոր հատակագիծը հանդիսանում է կանխատեսական բնույթի փաստաթուղթ. այն սահմանում է քաղաքի զարգացման ռազմավարությունը հեռանկարով մինչեւ հաջորդ քաղաքաշինական փաստաթղթի մշակումը՝ հիմնված ժամանակակից վիճակի փաստագրման եւ պոտենցիալ տնտեսական հնարավորությունների իրական գնահատման վրա»: Բացի այդ. «Սույն գլխավոր հատակագիծը սկզբունքորեն տարբերվում է նախորդ մշակվածներից ինչպես քաղաքաշինական փաստաթղթի կարգավիճակով, այնպես էլ նպատակով, ինչպես նաեւ՝ լուծվող խնդիրների բնույթով եւ մշակման մեթոդիկայով»: Ինչպես նաեւ. «Գլխավոր հատակագծի իրացման գործընթացը դիտվում է որպես հարատեւ, մոնիտորինգի, տենդենցների գնահատման, պահանջների եւ պահանջարկի կանխատեսման անցկացումով՝ պարբերաբար այն ճշտգրտելով»: Այլ կերպ ասած` ժամանակավոր լուծում է տրվում, եւ նոր մշակված գլխավոր հատակագիծը կոչված է լինելու մինչեւ 2030 թվականն իրագործելու այսօրեական խնդիրները, ոչ թե՝ զարգացման հեռանկարները:
Հետաքրքիր է, որ այս ընթացքում չի հնչել Հայաստանի ճարտարապետների պալատի պաշտոնական դիրքորոշումը Երեւանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ: Պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանն ամիսներ առաջ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չի ծանոթացել նախագծին, դրա համար չի կարող կարծիք հայտնել: Հավանաբար, առայսօր «պալատականները» չեն հասցրել ծանոթանալ քաղաքի գլխավոր հատակագծին: Մյուս կողմից, քիչ հավանական է սա, քանի որ Պալատի նախագահը միաժամանակ ՔՊ-ի կողմից Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահն է, որը գուցե արդեն դրական եզրակացություն է տվել այս հարցի վերաբերյալ, քանի որ այն մտել է ավագանու վաղվա օրակարգ:
Երեւանի նոր գլխավոր հատակագծի մշակման եւ հաստատման հապճեպությունը, կատարվող աշխատանքների ծածկադմփոցը, դրա շուրջ վերջին ամիսների քննարկումները, հարցադրումները եւ դրանց շուրջ պատասխանատու մարմինների անտարբերությունն ու խուսափողականությունն ակնհայտ ցույց են տալիս պետական շահագրգիռ մարմինների եւ Երեւանի քաղաքապետարանի վերաբերմունքը մայրաքաղաքի տարածքային զարգացման հիմնական փաստաթղթի նկատմամբ: Այն է` կարեւոր չեն փաստաթղթի կազմը եւ բովանդակությունը, դրանում ներառված ոլորտների զարգացման միտումները, դրա համապատասխանությունն իրենց իսկ սահմանած իրավական ակտերի եւ քաղաքաշինության օրենսդրության պահանջներին: Կարեւոր է, որ տարերայնորեն կազմված, թերի լուծումներ պարունակող այդ փաթեթի վրա ամրագրված լինի՝ «Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծ»:
Կարծիքներ