Իշխանությունը պահելու բանաձևը

Իշխանությունը պահելու բանաձևը

Վախը  մարդուն կարող է համոզել ինչ ուզես։ Իշխանությունը օգտվում է այս պարզ բանաձևից։ Շատ է բարձրաձայնվում այս հարցը՝ ինչու՞ զոհվածների, գերիների ծնողները լուռ են։ Ինչու՞ Գայանե Հակոբյանի շուրջ ամեն ինչ լռությամբ պարուրվեց։ Ինչուների մի ողջ շղթա է շրջանառության մեջ և ոչ մեկի պատասխան չկա։ Դատելը շատ հեշտ է, տարբեր պատճառների վրա հիմնվելով դատողություններ անելն ավելի հեշտ է, բայց բուն արմատը, պատճառը որոնելը մի քիչ երկար պրոցես է, իսկ մարդիկ ձգտում են կարճաժամկետ բացատրությունների։

44-օրյա պատերազմի վախը, սարսափը շատ մեծ է։ Երբեմն մտածում եմ, որ սարսափազդու տեսարանները, զինվորի մարմնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը տեսանք պարկերով գետնին թափված,  համատարած ոսկորների կույտերը, սառնարանային ոչ պատշաճ վիճակը,  դնթ անալիզների խառաշփոթը գիտակցված էր արվում, որպեսզի էլ ավելի սաստկացվեր վախը և հնազանդեցվեր մարդկանց։

Եթե զոհվածի ծնողները երկու սարսափելի հարված են ստացել՝ կորուստը, իր ողջ դաժանությամբ,  և վախը, ապա ավելի լավ վիճակում չեն այն մարդիկ, ովքեր կորուստ չեն ունեցել, բայց ստացել են վախի ամենամեծ չափաբաժինը։ Սարսափը, վախը մեր իշխանությունը ամեն պահ սաստկացնում է, թույլ չի տալիս, որ մարդկանց մթագնած ուղեղը ձերբազատվի սարսափի շղթաներից ու գործի։ Ուղեղը աչքի պես օրգան է, երբ ծածկում ես վախի շղարշով՝ չի գործում, մթագնում է։ 44-օրյա պատերազմից հետո զինվորականության նվաստացումը, քրեական հետապնդումները, մարդկանց անորոշության մեջ պահելը և պետական լծակներով իրականացվող նվաստացնող գործողությունները մի նպատակ են հետապնդում՝ թույլ չտալ, որ մարդկանց ուղեղը պարզի, թույլ չտալ, որ մարդիկ մտածեն, ամեն ինչ անել՝ նրանց հլու- հնազանդ պահելու համար։ Ամեն ինչ անել, որ վախը իշխի նրանց։

Շատ մեծ թեմա է 44-օրյա պատերազմի հոգեբանական շերտերը բացահայտելը, բայց իշխանության այս պարզ բանաձևը՝ վախի, սարսափի միջոցով շղթայել մարդկան միտքը, նրանց դարձնել անգործունյա, անճար, հոսանքի տարուբերումներին ենթակա, ակներև է։ Գերիների ծնողներին սարսափեցնել՝ անորոշության, անհայտության ճակատագրով, բանակում գտնվողների ծնողներին սարսափեցնել՝ բանակում տեղի ունեցած սարսափ ֆիլմերի միջոցով, 15 այրված դիակներով, զոհվածների ծնողներին սարսափեցնել իրենց որդու կատարածը առոչինչ համարելուց, կենդանի վերադարձածներին սարսափեցնել ԱԱԾ-ի միջոցով նրանց վրա գործ կարելու գործընթացով։ Բոլորին, բոլորին այս իշխանությունը սարսափեցնում ու պահում է վախի մեջ։

Վախը և հույսը ընկերներ են։ Երբ քո տղան գերության մեջ է, լռում ես, որովհետև այս իշխանությունը հույս է տվել, որ այսինչ, այսինչ պայմաններում կարձակեն, երբ զոհվածի մոր վրա են գնում, հույս է տալիս, որ եթե խելոք պահի իրեն՝ լռի, ազատ կարձակեն։ Դրանով նա ոչ միայն զոհվածի մորն է լռեցնում, այլ նրան սատարող ծնողներին։ Դրանք վախը սաստկացնելու, իշխանությունից  կախման մեջ թողնելու գործոններ են, որոնք շատ դեպքերում ավարտվում են « հնազանդության ժեստով» , դրանով իսկ հասարակության մեջ ավելի խորացնելով հիասթափությունը՝ իր վեհ արժեքների նսեմացման ճանապարհով։ 

Ֆինանսական աջակցությունից կախման մեջ գտնվողների մասին շատ է գրվում, բայց ասեմ, որ դա շատ փոքրիկ գործոն է համատարած վախ սերմանելու առաջ։ Դա ընդամենը գործոններից մեկն է։

Բայց ամենակարևորը մի շտրիխով պիտի ասեմ։ Վախը վարակիչ է ու բումերանգի հատկություն ունի։ Նա, ով վախեցնում է քեզ, ինքը սարսափում է քեզնից։ Պետք է օգտվել այս սողանցքից։