Հայազգի, ծագումով հայ գեներալիսիմուսներ, մարշալներ (սարդարներ, մուշիրներ/պալաներ, էմիրներ․․․), ծովակալներ
Գ. Նժդեհը բնութագրելով հայերի ռազմական ներուժը, նրանց համարել է «անբանակ զորավարների ազգ»: Եթե Գ. Նժդեհի բնութագրումը ազգային ինքնասիրությունը շոյող է, ապա այլազգիները՝ սկսած Հռոմի անհաշտ թշնամի, մեծագույն զորավար Հաննիբալից, հայ մարտիկին որակել են որպես ամենամարտունակ զինվորի: Միջնադարում Բյուզանդական կայսրությունը եւ եվրոպական մի շարք երկրների կայունությունն առավելապես հիմնված է եղել հայկական ռազմական ներուժի վրա: Բյուզանդական բանակից հենց հայկական ներուժի օտարումն էր, որ ի վերջո հասցրեց կայսրության անկման: Տարբեր ժամանակներում մոտ հարյուր հիսուն հայ զորավարներ առաջնորդել են հունական բանակներին: Հայը սեփական պետականության բացակայության պայմաններում, հաճախ է ստիպված եղել իր ռազմական ներուժն ու ունակությունը ծառայեցրել օտարին, հասնելով ռազմական բարձրագույն կոչումների ու հաջողության: Հայն այդքան մարտունակ լինելով հանդերձ, անկարող է եղել պահպանել սեփական պետականությունը, որովհետեւ բացառություններով, Հայոց պետականության գահին միշտ էլ պետական մտածողությունից զուրկ գաճաճներ են բազմել, որոնց նպատակը սեփական շրջապատին պարարտացնելն է եղել եւ աթոռը պահելը: Թերեւս սա քննարկման այլ թեմա է: Հրապարակի վրա գտնվող բազմաթիվ աղբյուրներում հիշատակվում է ավելի քան 30 հայ եւ հայազգի մարշալի (ծովակալի) ու գեներալիսիմուսի մասին; Հայ եւ հայազգի զինվորական գործիչներն Աֆղանստանի, Բենգալիայի (Հնդկաստան), Իրանի, Լիբանանի, ԽՍՀՄ-ի, Մեծ Մողոլների, Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների բանակներում արժանացել են մարշալի եւ այդ կոչմանը համապատասխանող ֆելդմարշալի, մուշիրի, պալայի (Օսմանյան կայսրություն), սարդարի (Իրան), սերդարի (Աֆղանստան), էմիրի (Մեծ Մողոլների կայսրություն) եւ գեներալիսիմուսի կոչման:
Արժանին պետք է մատուցել օտար ափերում դեգերող հայ ռազմիկին, ով երբեք ստոր չի գտնվել եւ ազնվորեն ծառայել է իր համար երկրորդ հայրենիք դարձած ազգին: Թերեւս դրա լավագույն ապացույցը Բենգալիայի (Հնդկաստան) գլխավոր զորահրամանատար (1760), սպարապետ Գորգին խանի (Գրիգոր Հարությունյան) պատասխանն է ուղղված անգլիացիներին, երբ վերջիներս նրան առաջարկում էին թողնելով հնդիկներին, անցնել իրենց մոտ ծառայության՝ խոստանալով մեծամեծ պաշտոններ ու հարստություն. «Երբ ես ոչ մեկի հայտնի չէի, Կասումալի խանը հավատաց ինձ եւ բարձրացրեց: Այդ անել ես չեմ կարող: Աստված ոչ անի, որ ես սրիկա լինեմ, առավելեւս, որ իմ ազգին հատուկ չէ դավաճանությունը: Իմացեք, ում որ հայերը ծառայում են, ծառայում են ազնվորեն ու մաքուր սրտով եւ հավատարիմ են մնում մինչև մահ»: Ինչ խոսք, իր հավատարմության համար Գորգին խանը հատուցեց կյանքով:
Գորգին խանի խոսքերը հավաստում են նաեւ օտարները, մասնավորապես ավստրիացի պատմաբան, բյուզանդագետ Էլիզաբեթ Բաուերը գրում է. «Հայազգի կայսրերը չափազանց նվիրված եւ հավատարիմ էին իրենց թագավորած երկրների շահերին. հաճախ նրանց վարած քաղաքականությունը հակասում էր Հայաստանի շահերին. կայսրությանը ծառայելով` նրանք հետին խորշ էին գցում իրենց ազգային զգացմունքները»:
Գորգին խանից առաջ եւս մեկ հայորդի՝ Միրզա Ղուլղռնելը դեռեւս 1620-1656 թթ.-ին եղել է Հնդկաստանի Մողոլական կայսրության բանակի գլխավոր հրամանատար՝ էմիրի (մարշալ) կոչումով, ում անվանել են «Մողոլ քրիստոնյաների հայր», իսկ կաթոլիկ վանական Անտոնիոս Բոտելհոյը նրա մասին ասել է. «Միրզա Ղուլղռնելը որքան ազնվական էր ծագումով, այնքան գերապանծ էր իր գործերով եւ հռչակված` իր քրիստոնեական բարեպաշտությամբ: Էմիր մըն էր աստիճանով, Նումա մը խաղաղության մեջ, Աղեքսանդր մը պատերազմի, Կեսար մը երկունքի մեջ... Մողուլ թագավորները կը պարտին իրեն հազար հաղթանակ...»:
Մարշալի կոչման արժանացած առաջին հայը եղել է Մոլդովայի մեծ պոստելնիկ (իշխանական պալատի մարշալ) Յուրաշկո Վարդիկը [տես, ՀԽՍՀ ԳԱ, պատմության ինստիտուտ, խմբ. կոլեգա «XVI-XVIII դարերի հայ ազատագրական շարժումները եւ հայ գաղթավայրերը», Երեւան,1989, էջէջ 58-59, ինչպես նաեւ A. Balota, «Functiunema socială a căntecului bătrănesc (Balada lui Vartic)», «Revista de folclor», 1958, № 2, p. 101-102]:
Վիթխարի է հայերի ծառայությունն Օսմանյան կայսրության, այդ թվում եւ բանակին: Օսմանյան կայսրությունում մուշիրի կոչման են արժանացել. Լեռնային Լիբանանի կառավարիչներ Արթին Կարապետ փաշա Դավուդյանը (1816-1873), Հովհաննես փաշա Կույումճյանը (1858-1933), Օսմանյան բանակի գլխավոր դեղագործ Ֆերիտ փաշա Թերճիմանյանը (Ֆերդի Թարջումանյան): Պալայի կոչման են արժանացել. Պետրոս Կույումճյանը, Հովհաննես (Օհաննես) փաշա Սագըզը (Սագզլյան) (1836-1912), Գրիգոր Օտյանը: Մի քանի աղբյուրներում հիշատակվել է նաեւ Գրիգոր Շաբանյանին պալայի (մարշալի) կոչման ներկայացնելու մասին [տես՝ Հասմիկ Ստեփանյան, «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում», Երեւան-2012, էջ 335]:
Օսմանյան կայսրության Մեծ վեզիր են դարձել ընդամենը 3 հայ՝ զեյթունցի (որոշ աղբյուրներում՝ մարաշցի) Դամատ Խալիլ փաշան (17.11.1616-18.01.1619 եւ 01.12.1626-06.04.1628), մալաթիացի Սուլեյման փաշա էրմանին (19.08.1655-28.02.1656) եւ համշենահայ Դամատ Մեհմեդ Ալի փաշան (04.10.1852-14.05.1853): Բացառություն Մեհմեդ Դ-ի վեզիր եւ եպարքոս (վարչապետ) Սուլեյման փաշայի, թուրքական բանակի ոչ մի հայ զորականի սարդարէքրեմ (գեներալիսիմուս) լինելն այլ աղբյուրներով չի հաստատվում: Նրա մասին հարուստ գրականություն է թողել 18-րդ դ. պատմիչ Չելեբին:
Հայերը Բիրմայում երբեք հզոր գաղութ չեն ունեցել, սակայն Բիրմայում (այժմ` Մյանմա) 1759-ին գեներալիսիմուսի կոչում է ստացել Գրիգոր Այվազյանը, ով ցմահ եղել է նաեւ Սիամի կառավարիչը:
1799-ից գերերալիսիմուսի կոչում է կրել նաեւ մոր կողմից հայկական արմատներ ունեցող ռուսական բանակի զորահրամանատար Ալեքսանդր Վասիլեւիչ Սուվորովը (1730-1800): Ալ. Սուվորովի մայրը` Դշխուհի (այլ աղբյուրներով` Տուշկուգի) Թադեւոսի Մանուկովան (Ավդոտյա Ֆեդոսեևնա Մանուկովա) սերում է Աստրախանի հայկական գերդաստանից: Սուվորովի մայրական պապը Ֆեոդոսեյ (Թադևոս, Թեոդոս) Սեմյոնի (Ստեփանի) Մանուկովը (1668-1738՞) 1725-ին նշանակվել է հայրենակալվածքների (вотчина) կոլեգիայի փոխպրեզիդենտ` բրիգադի գեներալի աստիճանով:
Մայրական գծով հայկական արմատներ ունի նաեւ աֆղանական բանակի սերդար (մարշալ) Սերդար Իշայի խանը (19-րդ դ.) [տես՝ Հյուզ «Հայերը Քաբուլում» (1880), Րաֆֆի «Հայերը Քաբուլի մեջ»]:
Իրանում մինչ օրս էլ երախտագիտությամբ են հիշում սարդար (մարշալ) Արեւելքի Գարիբալդի պատվանունին արժանացած Եփրամ խանին (Դավթյան Եփրեմ Դավթի) (1868-06.05.1912):
ԽՍՀՄ-ում մարշալի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը (Սերգեյ Խուդյակով), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը:
ԽՍՀՄ նավատորմի ընդամենը 3 ծովակալներից մեկը եղել է Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան): Հայ է նաեւ Ռուսական կայսրության ծովակալ, Նովոռոսիյսկ քաղաքի հիմնադիր Լ. Սերեբրյակովը (Ղ. Արծաթագործյան): Բազմաթիվ վիճաբանությունների տեղիք է տվել եւ մինչ օրս առօրեական է ԽՍՀՄ միակ գերերալիսիմուս Վ. Ստալինի ծագման հայկական վարկածը, որին անդրադարձել ենք այլ առիթով:
Բազմաթիվ հրապարակումներ են եղել նաեւ ԽՍՀՄ եւ Լեհաստանի մարշալ Կոնստանտին Կ. Ռոկոսովսկու հայկական ծագման վերաբերյալ [տես՝ Վ. Սաֆարյան «Ազատն Մինաս» հուշագրություն, «Новое время»,11.11.1999 եւ այլն]: Կ. Ռոկոսովսկու նախնիները սերել են Անիից գաղթած հայկական ընտանիքից: 1968-ին՝ Երեւանում, Կ. Ռոկոսովսկին շեշտել է իր հայկական արմատների մասին, հավաստելով, որ իր նախնիները գաղթել են Անիից:
2009-ին լույս տեսած Տ. Հայազնի եւ Գ. Ղազարյանի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» կենսագրական տեղեկատուում (որը լուրջ ճշտումների կարիք ունի) հայերից ըստ ժամանակագրության որպես Օսմանյան կայսրության սարդարէքրեմներ (գեներալիսիմուսներ) են հիշատակվում Խալիլ փաշան (17-րդ դ.), Խոսրով փաշան (17-րդ դ.), Դամադ Իբրահիմ փաշան (...-1730), Մեհմեդ փաշա Էսսեիդը (18-րդ դ.), Նուրյան փաշան (19-րդ դ.), Հակոբ փաշա Գազազյանը (1832-1891), Միքայել փաշա Փորթուգալյանը (1842-1897), Հարություն փաշա Տատյանը (Հարություն-Գարեգին, Արթին բեյ) (1830-1901), Աբրահամ Երամյան փաշան (19-20-րդ դդ.): Նույն կենսագրական տեղեկատուում որպես Օսմանյան կայսրության պալաներ են հիշատակվում Միքայել փաշա Խորասանճյանը (1902), Գաբրիել փաշա Նորատունկյանը (1900), Սահակ Ապրոն, Նշան Սեֆերյանը (1904), Զարեհ էֆենդի Տիլպերը (1904): Սակայն հիշյալ գործիչների սարդարէքրեմ, մուշիր կամ պալա լիներն այլ աղբյուրներով չի հաստատվում: Սույն կենսագրական տեղեկատուում որպես Իրանի սարդար են հիշատակվում Մեհմեդ Ղուլի խանը (նախնիները` Մուսաբեկյանց) (18-րդ դ.), Իսկանդար խան Սեթխանյանը (1864-1953), ինչպես նաեւ իբր Շվեդիայում մարշալի կոչման է արժանացած Օհան Ստեփան Դեմիրճյանը (Հաբիբ բեյ, Տեմիրժիոն) (1936-1877)], որոնք այլ աղբյուրներով նույնպես չեն հաստատվել:
Ցավոք, ռազմի պատմությամբ զբաղվող որոշ վայ-հայեր, առաջնորդվելով ամեն ինչ հայացնելու ծիծաղելի մարմանջով, հայկական ծագում են վերագրել այնպիսի զինվորականների, ովքեր հայության հետ, ընդհանրապես կապ չունեն: Նման սխալի հետեւանք է նաեւ Ա. Նեյմանի հակագիտական «Армяне» գրքում Ֆրանսիայի մարշալ (1804), Նեապոլի թագավոր (1808-ից) Ջոակիմ Մյուրատին (իբր` Մուրադիան Հովակիմ), հայկական ծագում վերագրելը, որի դեմ բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն այդ սխալը շարունակում է տարածվել…
Գագիկ Արծրունի
Կարծիքներ