Մեզ չէի՞ն սպասում

Մեզ չէի՞ն սպասում

Մոսկվայում, կարելի է ասել, չէին սպասում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այնտեղ չէին մոռացել ընդամենը երեք շաբաթ առաջ ՀՀ վարչապետի չեղարկված այցը Մոսկվա, որ պատճառաբանվել էր Հայաստանում առկա համաճարակային իրավիճակով: Lenta.ru-ն, մասնավորապես, նկատել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը չի բարելավվել, հանրապետությունում կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչեւ օգոստոսի 12-ը, բայց դա չի խանգարել Հայաստանի վարչապետին՝ մեկնել Բելառուսի մայրաքաղաք: Կայքը նաեւ հավելել է. «Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, եւ այս դժվար պահին երկիրը լքելն անտրամաբանական քայլ էր քաղաքական գործչի համար»:

Փաշինյանի այցը Մինսկ տրամաբանական էր, թե ոչ՝ որոշողը ռուսական լրատվամիջոցը չէ: Ավելին ասենք՝ եթե Փաշինյանի այցը Մինսկ այդքան հետաքրքրել է ռուսական լրատվամիջոցներին, ուրեմն այդ այցի մեջ կար որոշակի մեսիջ, եւ այն ընթեռնելու հետաքրքրությունը, ինչպես տեսնում ենք, Մոսկվայում մեծ է: Ի դեպ՝ դա շատ լավ է, որովհետեւ Մոսկվան էլ իր հերթին էր վերջին 2 տարիներին մոռացել ռուս-հայկական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների մասին՝ դաշնակիցներ որոնելով Բոսֆորում եւ Ապշերոնում: Այդ մոռացկոտությունն ամբողջությամբ բացատրել Նիկոլ Փաշինյանի վարած ոչ այնքան ռուսաստանահաճո քաղաքականությամբ, կարծում ենք՝ այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ցանկության դեպքում Մոսկվան կարող էր առավել կառուցողական դիրք գրավել իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ՝ չանտեսելով վերջինիս շահերը, ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ իր սեպարատ պայմանավորվածություններում: Մենք, իհարկե, չենք պատրաստվում արդարացնել Փաշինյանի հակառուսական, հակա-ՀԱՊԿ եւ հակա-ԵԱՏՄ դեմարշները, բայց միեւնույն ժամանակ տրամաբանական չէ, երբ արտաքին քաղաքականության մեջ որեւէ գերտերություն, այս դեպքում՝ Ռուսաստանը, սկսում է առաջ շարժվել քինախնդրությամբ: Դա կարող է վկայել միայն տվյալ գերտերության թույլ կողմերի մասին, մինչդեռ դաշնակիցների հետ առաջացած խնդիրները ուժեղ երկրները քննարկում են սեղանի շուրջ, փորձում հասկանալ ի հայտ եկած անհամաձայնությունների պատճառներն ու էությունը: 
Ըստ ռուս վերլուծաբանի՝ միակ տրամաբանական եզրակացությունը, որ կարելի է անել այն մասին, թե ինչու է Փաշինյանը փոխել վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ եւ մեկնել Մինսկ, այն է, որ նա նպատակ ուներ միջկառավարական խորհրդի գործընկերներից, առաջին հերթին` Ռուսաստանից, դրական վերաբերմունքի հասնել հայ-ադրբեջանական սահմանում վերջին սրացման կապակցությամբ: Ենթադրենք, որ Փաշինյանը հենց այդ նպատակով էր մեկնել Մինսկ: Մի՞թե դա քննադատության արժանի մտադրություն է: Աններելի մե՞ղք է, երբ մի երկրի ղեկավար, որի սահմանին կրակում են, ու մարդիկ են զոհվում, փորձում է վերպետական կառույցի գործընկերների ուշադրությունը հրավիրել իրավիճակի վրա: Չէ՞ որ վերպետական կառույցների մի պարտականությունն էլ այն է, որ միահամուռ պատասխան տան կառույցի անդամ երկրին պատուհասած դժվարություններին: Այո, Փաշինյանն իր ելույթներում նախ խոսում էր հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությունից եւ հետո միայն անցնում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին: Դա նույնպես բնական է, որովհետեւ ԵԱՏՄ-ական ոչ մի օրակարգ չի կարող հետաքրքիր լինել Հայաստանի համար, երբ այդ կառույցի մաս չկազմող Ադրբեջանը կրակում է հայկական բնակավայրերի ուղղությամբ, իսկ Մոսկվայում էլ ադրբեջանցի «զոն նայողներն» են արգելում հայկական բեռնատարների մուտքը շուկաներ:

Ռուս գործընկերներիս կուզենայի ասել, որ իրենք, ինչքան էլ ջանան, չեն կարող մեզնից ավելի լավ ճանաչել Փաշինյանին, մեզնից ավելի շատ ու ավելի խիստ քննադատել նրան: Ռուս գրչակից բարեկամներ, հետեւեք հայաստանյան մամուլին, եւ ձեզ համար էլ պարզ կդառնա, թե ինչ դժգոհություններ կան ՀՀ հեղափոխական կառավարությունից ու իշխանության այլ օղակներից: Մանրադիտակի տակ է Փաշինյանի կատարած յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր կադրային փոփոխություն, Արցախին ու Ադրբեջանին վերաբերող յուրաքանչյուր հայտարարություն: Ահավասիկ, դուք ձեռքի հետ գրում-անցնում եք, որ «Հայաստանի ղեկավարը փորձել է «ճշմարտությունը» պատմել ներկայիս սրացման մասին՝ մեղադրելով որոշակի երրորդ կողմի` հակամարտության հրահրման մեջ»: Հարկ չե՞ք համարում իմանալ, թե որն է այդ «որոշակի երրորդ կողմը»: Իսկ գուցե դա Թուրքիա՞ն է, որի հետ ձեր երկիրը փորձում է հարաբերություններ կարգավորել՝ անտեսելով Հայաստանի շահերը: Փաշինյանը կգա Հայաստան, եւ մենք կփորձենք նրանից իմանալ այդ հարցի պատասխանը, որովհետեւ Հայաստանում այդ նույն հարցը նաեւ այլ ընկալումներ է առաջ բերել: Ի՞նչ իմանաս, Փաշինյանն այդկերպ չի՞ փորձել լվանալ իր բաքվեցի գործընկերոջ երեսը եւ նրան չոր դուրս բերել ոչ միայն վերջին արյունալի իրադարձություններից, այլեւ 2016թ. ապրիլյան պատերազմից: Ահա, այստեղ Փաշինյանի բախտը կարող է իսկապես չբերել, եւ կրկին կարող են նրա դեմ դրվել հին ու նոր բոլոր սխալները, այդ թվում եւ՝ հակառուսական, հակա-ՀԱՊԿ, հակա-ԵԱՏՄ բոլոր անհարկի դեմարշները, երկիրն ու պետական կառույցները սորոսական երեւույթներով լցնելը, աղանդավորությանը երես տալը եւ այլն:

Ռուսական լրատվամիջոցը նաեւ գրում է. «Փաշինյանի` օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելը, ինչպես նշում են մի շարք փորձագետներ, կարելի է գնահատել որպես փորձ` Ռուսաստանի Դաշնությանը հակամարտության մեջ ներգրավելու»: Ճիշտն ասած՝ սա մի քիչ տարօրինակ է, որովհետեւ ՌԴ-ն՝ որպես ՄԽ համանախագահ երկիր, վաղուց է ներգրավված հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Իսկ եթե լրատվամիջոցը նկատի ունի մասնավորապես Տավուշի ուղղությամբ վերջին սրացումները, ապա, փառք Աստծո, հայկական զինված ուժերն այդ պահին արդեն կարգավորել էին խնդիրն ու լռեցրել թշնամուն: Շնորհակալություն ավելի վաղ ՀԱՊԿ-ի եւ Կրեմլի արած հայտարարությունների համար, որոնցով խաղաղության կոչեր էին արվել: Սա չի՞ եղել ամբողջը: Հայ-ադրբեջանական հակամարտությունը 30 տարուց ավելի պատմություն ունի, եւ չի եղել մի դեպք, որ այդ ընթացքում Հայաստանը երրորդ կողմի հրավիրեր իր խնդիրները լուծելու: Կռվողն էլ ենք մենք եղել, զոհվողն էլ, ազատագրողն էլ, հաղթողն էլ: Մեր թիկունքը պահել ու պահում եք Թուրքիայից: Շնորհակալ ենք դրա համար, բայց ինչո՞ւ եք հեգնում, թե Փաշինյանը եկել էր վերջին սրացումների մասին «ճշմարտությունը» պատմելու ԵԱՏՄ անդամ երկրներին եւ հատկապես՝ Ռուսաստանին: Իսկ նա ո՞ւմ պետք է պատմեր ճշմարտությունը, եթե ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանն են առաջին հերթին շահագրգռված հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղությամբ, եթե ռուսական ռազմակայանը Հայաստանում է եւ ոչ թե Ադրբեջանում կամ Թուրքիայում:

Թերեւս արժե հետգրությամբ երկու խոսք ասել նաեւ այն մասին, թե ինչու հանկարծ ռուսական լրատվամիջոցներն սկսեցին այսպես կտրուկ, երբեմն անհարգալից տոնով խոսել Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների մասին: Ցուցումը, անշուշտ, Կրեմլից է, բայց բուն պատճառները Հայաստանում են: Փաշինյանը պարտավոր է վերից վար մաքրել իր քարոզչական ապարատը սորոսականներից, որոնք արդեն 2 տարի բացահայտ հակառուսական քարոզչություն են իրականացնում՝ հաշվի չառնելով ո՛չ դաշնակից երկրի իշխանությունների արժանապատվությունը ո՛չ էլ մեր պետական ու ազգային շահերը: Սծյոպիկ Սաֆարյանի ու Արման Բաբաջանյանի նման քարոզիչներով հեռուն գնալ չենք կարող: Նրանց պարզապես պետք է վռնդել պետական օղակներից, փակել ՀՀ կառավարությանը կից «ֆեյք-ֆաբրիկան» եւ ձեռնամուխ լինել պետական լուրջ քարոզչության: Չի կարելի թույլ տալ, որ սրիկաները, օգտագործելով պաշտոնյա լինելու հանգամանքը, Ռուսաստանի նման գերտերությանը տրամադրեն Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների դեմ: ՌԴ խոշորագույն լրատվամիջոցի ազգությամբ հայ գլխավոր խմբագրի եւ ՀՀ պետական կառույցներում բնավորված ստահակների առճակատումն ու որպես դրա հետեւանք հայաստանյան ռուսատյաց զանգվածի կազմակերպած օնլայն ստորագրահավաքն ասվածի վառ ապացույցն են: