Առաջ Խոյեցյանն էր բողոքներ ուղարկում, հիմա նրա դեմ են նամակներ գրում

Առաջ Խոյեցյանն էր բողոքներ ուղարկում, հիմա նրա դեմ են նամակներ գրում

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը կադրեր է պատրաստում դպրոցի համար, կարելի է ասել՝ դպրոցի ապագան է որոշում: Այժմ այդ ապագան վտանգի տակ է՝ կարծում են մանկավարժականի մի խումբ աշխատակիցներ եւ այս մասին նամակով հայտնում «Հրապարակին»: Նրանք կարծում են, որ դպրոցի ապագան վտանգողը մանկավարժականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանն է եւ նրա մարդիկ՝ կրթության «եւ այլ բաների» նախարար Վահրամ Դումանյանը, որի հետ Խոյեցյանն ընկերական հարաբերություններ ունի, նրա տեղակալ Վահե Կիրակոսյանը, որը պոլիտեխնիկից է եկել, վերջերս ամբիոնի վարիչ «ընտրված» Լեւոն Շիրինյանը, «հայտնի հանրապետական» Հասո Սարգսյանը:  

Առաջ Խոյեցյանն էր բողոքներ գրում վարչապետին, երբ դեռ դասավանդում էր ԵՊՀ-ում: Գիտնականները թեժ մարտերի մեջ էին, սեւացնում էին միմյանց՝ մեղադրելով գրագողության եւ կեղծ գիտական աշխատություններ գրելու մեջ: Այսօր Խոյեցյանի դեմ են նամակ-բողոքներ գրում: Այնպես որ, արտասովոր ոչինչ չկա: «Նրանք պատրաստվում են խայտառակ անել մեր համալսարանը Լոսում եւ գնալ ֆռֆռալու: Երկու ամսում այս մարդիկ քար են գցել տարիներով կատարած մեր աշխատանքի վրա»,- գրում են մարդիկ, որոնք չեն ստորագրել նամակը, այլ գրել են՝ «մանկավարժականի դասախոսներ»:  

Լեւոն Շիրինյանի նշանակման մասին հարցրինք Մանկավարժական համալսարանի խոսնակ Դիանա Մարկոսյանին: Նա հաստատեց, որ Լեւոն Շիրինյանն օրերս նշանակվել է հասարակագիտության ամբիոնի վարիչ: «Մեր պրոֆեսորներից էր, հիմա ամբիոնի վարիչ է ընտրվել՝ գիտխորհրդի նիստով»,- ասաց նա: Աբովյանականները մտավախություն ունեին, որ Շիրինյանին ռեկտոր կնշանակեն, եւ հիմա նույնիսկ ուրախ են, որ ամբիոնով «պրծան»:

Այլ աղբյուրից ճշտեցինք, թե ով ով է: Մանկավարժականի պրոռեկտոր Վահե Կիրակոսյանը գիտնական չէ, ՏՏ ոլորտի մասնագետ է, «եկել է Խոյեցյանի հետ պոլիտեխնիկից»: Լայն հանրությանը նա հայտնի է որպես պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հետ կապված սեքս-սկանդալի հարուցիչ: Այդ սկանդալը պայթեց ռեկտորի ընտրություններից ու Թոքմաջյանի՝ որպես թեկնածու առաջադրվելուց մի քանի ամիս առաջ:

Հիշեցնենք․ 2014 թվականին համացանցում հայտնվեց Թոքմաջյանի ինտիմ զրույցը բուհի աշխատակցուհիներից մեկի հետ, որում կային ննջասենյակային գռեհիկ մանրամասներ եւ ակնարկ՝ նաեւ մեկ այլ աշխատակցուհու հետ կապված: Ընտրություններից առաջ Թոքմաջյանը մեղադրեց պոլիտեխնիկի աշխատակիցներ Վլադիմիր Խոյեցյանին, նրա քեռուն` Աշոտ Խաչատրյանին, եւ Վահե Կիրակոսյանին՝ իր ֆեյսբուքյան էջ մտնելու համար, նույնիսկ տեսանյութ հրապարակեց: Հետագայում սա հերքեցին իրավապահները: Գործ հարուցվեց, Թոքմաջյանը դարձավ տուժող, բայց մեղավորները չհայտնաբերվեցին, ու գործը կասեցվեց: 

Հասմիկ Սարգսյանը բուհի արհմիության նախագահն է, մանկավարժականի բազմակարծության խորհրդանիշը: Մինչեւ 18 թվականը նվիրյալ հանրապետական է եղել, ավագանու անդամ` ՀՀԿ-ից, ինչպես նաեւ պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Հովհաննիսյանը: Ասում են, թե ՀՀԿ հավաքներից մեկում մի անգամ նույնիսկ Սերժ Սարգսյանից անմիջապես հետո է ելույթ ունեցել: Այսօր «նախկիններին վերադարձ չկա» լոզունգի տակ է ապրում: Միրզախանյանի օրոք բավականին պասիվ էր, իսկ այսօր հոգով-սրտով թեքվել է նիկոլականների կողմը: 

«Այնպես չէ, որ Աշոտ Խոյեցյանը քաղաքական ինչ-որ կողմնորոշում ունի,- ասաց կենսաբանության ֆակուլտետի մանկավարժներից մեկը,- բավականին համեստ մարդ է, վատը դեռ չենք տեսել, քիթը տնգած ման չի գալիս,  հակառակը՝ լավ գործեր է արել: Օրինակ, լանդշաֆտային ծրագրավորման մասնագիտություն բացեց աշխարհագրության ֆակուլտետում, Աղավնաձորի մեր բազան խլել էին, քովիդով հիվանդներին էին տվել, իսկ նա հետ բերեց, ու հույս ունենք, որ մյուս տարի այնտեղ ուսումնագործնական պրակտիկա նորից կանցկացնենք: Երեխեքի հետ առաջ գնում էինք, որ բնության գրկում ուսումնասիրեինք, 7 օր մնում էինք, հիմա էլ չենք գնում»:  
«Մենք մեր գործն ենք անում, չենք թողնում, որ մանկավարժականի նավը ճոճվի: Էդ «հպարտ» բառը չասեմ՝ ուրախ ենք, որ լավ երեխեք ենք տալիս: Իսկ նոր ղեկավարը եթե մի վատ բան անի, անպայման կպայքարենք»,- խոստացավ ծանոթ դասախոսներից մեկը: