24-ամյա կին քննիչն ամաչում է գործը քննելիս հայհոյանքը կրկնել

24-ամյա կին քննիչն ամաչում է գործը քննելիս հայհոյանքը կրկնել

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին ֆեյսբուքյան տիրույթում «բ-ի տղա» անվանելու համար քրեական գործ է հարուցվել, քննիչների ահռելի խումբ է այս գործի վրա աշխատում, 7 անձ կասկածյալի կարգավիճակ ունի: Քննիչներն ու դատախազները եւս գոհ չեն, որ այդպիսի գործ են քննում, իրար մեջ խոսելիս ասում են՝ «բ-ի տղու գործով» գործողություն արեցինք եւ այլն: Անեկդոտիկ այս գործով գլխավոր կասկածյալը գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանն է, որի ստատուսի մեկնաբանություններն էլ «դեպքի վայրն» են։ «Դուք «Սիվիլնեթի» եթերում ասում եք, թե իբր ԵՊՀ֊-ում հումոր է պտտվում, որ եթե ինձ փող տային, ես Գեւորգ Էմինի եւ Վահան Տերյանի դեմ էլ կգրեի։ Նույնիսկ նյութական ամենից ծանր ժամանակ ես երբեք փողով ոչ մի տող չեմ գրել։ Եթե 24 ժամվա ընթացքում չապացուցեք, որ ես նույնիսկ մի անգամ փողով գրել եմ, ուրեմն դա ասողը եւ տարածողը բոզի տղա է»,- գրել է գրականագետը։ 

Նկատենք, որ Էմին-Տերյանն այս որակումը տվել է ոչ թե կոնկրետ ԵՊՀ ռեկտորին, այլ ոմն «տարածողի», որը պետք է ապացուցի Գեւորգ Էմին-Տերյանի ծախու գրչակ լինելը: Մյուս մեղադրյալը, որի անունն անպակաս է քֆուր-քյաֆարի վերաբերյալ դատական գործերից, եւ որը հաճույքով միլիոններ է վճարում ազատորեն հայհոյելու հաճույքի համար, լրագրող, նախկին խմբագիր, ժամանակին սկանդալային «Ազատամտություն» թերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանն է: Նա մեկնաբանություն է գրել՝ հաստատելով, որ Էմին-Տերյանին նման բան տարածողն ու ասողը բտ է, գրել է, որ եթե անցել է 23 ժամ, մնացած մի ժամը ոչինչ չի փոխելու: Ահա, այս պնդման համար էլ նա հայտնվել է կասկածյալների թվում: Իսկ ռեստորանների միության նախագահ Աշոտ Բարսեղյանը՝ որպես ռեստորատոր եւ կոնյակներից հասկացող, մասնագիտական դիտարկում է արել նշված անձնավորության հասցեին՝ «Մառոչնի բոզի տղա», ինչը պատճառ է դարձել, որ նրան էլ ներգրավեն կասկածյալների ցանկում: 

Կարող էր, իհարկե, իրական վիրավորվողը ոչ թե ռեկտորը լինել, այլ հենց Գեւորգը: Բայց նա չէ, որովհետեւ բողոքողը տվյալ դեպքում ԵՊՀ ռեկտորն է: 7 հոգու, այդ թվում «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանին, Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանին, եւս երկու հոգու արդեն 2 անգամ կանչել են իրավապահ մարմիններ՝ հետաքննիչի մոտ, բացատրություն տալու, իսկ երկու օր առաջ՝ արդեն քննիչի մոտ: 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն ասում է, որ Գեւորգ Էմին-Տերյանը 24 ժամ էր տվել՝ ապացուցելու, որ ինքն իր պապերի դեմ փողով կգրեր, իսկ Կարեն Հեքիմյանը, երբ անցել է 23 ժամ, ու ընդամենը մեկ ժամ է մնացած եղել, գրել է․ «Մնաց մեկ ժամ, հետեւեք իրադարձությունների զարգացմանը»: «Քննիչները հիմա քրեական գործ են հարուցել: Շատ լուրջ՝ կասկածյալի կարգավիճակ են մեզ տվել: Հոդվածը նախատեսում է 500 հազարից 1 մլն դրամ տուգանք, բայց, իմ կարծիքով, չկա ողջամիտ տարբերակ էդ գործի ապագայի համար, աբսուրդ վիճակ է»,- ասում է Հեքիմյանը: 

Ի դեպ, բտ-ի գործը վստահվել է մի երիտասարդ աղջիկ-քննիչի: Նա 7 տղամարդու հետ ստիպված է եղել քննարկել բ-ի տղության տարատեսակ ասպեկտներ եւ, ասում են՝ հարցաքննությունների ժամանակ ամաչում է, խուսափել է այդ արտահայտությունն արտաբերելուց: Նա իր առաջ, թղթի վրա գրված, պահել է մարդու անբարոյականությունը բնորոշող այդ արտահայտությունը եւ ամեն անգամ, երբ պետք է եղել հարց տալ հերթական հարցաքննվող տղամարդուն, այդ թուղթն է նրան դեմ տվել, որ կարդա: Ասում են՝ զվարճալի է ստացվել:

«Էդ սաղ քրեական գործի մեջ «Բ» բառն է՝ Բ-ի տղա, Բ-ի երեխա, մառոչնի Բ: Քննիչն էլ չի կարում խոսի, կարմրում ա: Ասում եմ՝ այ մարդ, էսքան տղամարդ կա ստեղ, մեկդ զբաղվեք, էս աղջիկը 24 տարեկան ա, ինձ աղջիկ ա սազում: Չի կարում խոսա: Խի՞ եք էդ գործն իրան տվել: Մի հատ տղամարդ չկա՞ր: Ասում են՝ դուք այդպես եք գրել»,- պատմում է Արտյոմ Խաչատրյանը: 
ՀԳ. Կարճ զրույց ունեցանք ռեկտորի փաստաբան Էդգար Բադեմյանի հետ: Նա առանձնապես ինֆորմացված չէր քննության ընթացքից: «Մենք ռեալ փաստերով արտատպել ենք ու ներկայացրել ենք վիրավորանքը, գնահատականը վարույթ իրականացնող քննչական մարմինը կտա: Դժվար թե լինի մարդ, որը նման արտահայտություն իր հասցեին անելով, չվիրավորվի: Խոսքը հենց այդ կոնկրետ բառին է վերաբերում, դա ոչ թե բառ է, այլ արտահայտություն է, դա միտք է, մարդու սրբությանն են ոտնձգում»,- ասաց փաստաբանը: Իսկ Գեւորգ Էմին-Տերյանի պապերի հանդեպ չե՞ն ոտնձգում: «Եթե մեկը մեկին ասում է՝ փողով պապի դեմ կգրի, պապին վիրավորո՞ւմ է»,- հարցրեց փաստաբանը: Բա պապը սրբություն չէ՞,- ասացի ես: Վերջում եկանք եզրակացության, որ երկու կողմն էլ իրենց վերաբերմունքն արտահայտելու այլ ձեւ պետք է գտնեին: