Կարեւորը Գյումրին է եւ ոչ թե «պոլիտիկան»

Կարեւորը Գյումրին է եւ ոչ թե «պոլիտիկան»

Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը, ու ընտրվեց համայնքապետ։ Ինչպեսեւ սպասվում էր, քաղաքապետ ընտրվեց ընդդիմության թեկնածու, Հայկոմկուսի կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանը։ Նա ստացավ 18 ձայն։ Ավագանու առաջին նիստին մասնակցում էին ավագանու կազմ մտած բոլոր քաղաքական ուժերը՝ բացի ՔՊԿ-ից։ Վերջինս բոյկոտել էր ավագանու առաջին նիստը, իսկ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանն էլ կոչ էր արել՝ գնալ արտահերթ ընտրությունների։

Կարելի է ասել, իր տրամաբանական եզրագծին հասավ վերջին օրերի հայաստանյան հանրային-քաղաքական դաշտում ամենաշատ քննարկվող թեման։ Թեեւ, եթե անկեղծ լինենք, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Թե ինչ ցույց կտա ժամանակը, կերեւա առաջիկայում, սակայն հիմա փորձենք մի քանի արձանագրումներ կատարել։ Նախ արձանագրենք, որ ներկայիս հայաստանյան իրականության համար թերեւս հետաքրքիր նախադեպ կամ փորձառություն է լինելու, երբ կենտրոնական իշխանությունն ու ՏԻՄ-ն աշխատելու են՝ գտնվելով քաղաքական տարբեր ճամբարներում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ «պահպանելով կանոնները»։ Եթե ուշադիր էինք արդեն ընտրված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ երեկվա հայտարարություններին, ապա, մեծ հաշվով, կառավարություն-ՏԻՄ աշխատանքը կարող է եւ ստացվել։ Կարեւորն այս դեպքում ամեն ինչ ճիշտ պատկերացնելն է։

Մասնավորապես՝ կառավարությունը պետք է հարգի ՏԻՄ-ին վերապահված լիազորությունների շրջանակը, ՏԻՄ-ն էլ՝ կառավարության եւ մնա քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման, քաղաքի զարգացման ու բարգավաճման ուղեծրում։ Մեծ հաշվով, համայնքային իշխանության խնդիրը համայնքային արդյունավետ կառավարում իրականացնելն է, ըստ իր լիազորությունների։ Ու որքան էլ հենց կենտրոնական իշխանությունների «թեթեւ ձեռքով» Գյումրու ավագանու ընտրությունները վերածվեցին «կենաց-մահու քաղաքական պայքարի», սակայն իրականում հարցն ամենեւին էլ նման ընդգծված քաղաքական ենթատեքստ չուներ։

Հատկապես եթե հաշվի ենք առ­նում արդեն տեղական՝ զուտ Գյումրուն հատուկ լոկալ իրողու­թյունները եւ առանձնահատ­կու­թյունները։ Մյուս կողմից, անկախ այն հանգամանքից, թե մեդիա-քարոզչական հարթակում ինչպիսի միտումներ կան, երկուստեք՝ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ տեղական նոր կազմավորվող իշխանությունները պետք է զերծ մնան ավելորդ կերպով այդ մեդիա-քարոզչական «հոսքերի» «տեմպի տակ ընկնելուց» ու ավելորդ «խանդավառվածությունից»։ Օրինակ՝ որքան էլ Սարիկ Մինասյանն ավագանու երեկվա նիստը համարեր կրկես ու բոյկոտեր, պետք է ամեն դեպքում հիշի, որ առաջնային կարեւորությունը ոչ այնքան «պոլիտիկա խաղալն է», որքան քաղաքային կառավարում իրականացնելը։ Ու որքան էլ տարբեր կողմերից հայտարարվի, թե Գյումրիում իշխանությունը պարտվեց, սակայն հասկանալի է, որ Հայաստանի օրենսդրությունն այնպիսին է, որ ՏԻՄ կառավարում իրականացնելիս անհնար է չառնչվել կենտրոնական իշխանության հետ, առավել եւս՝ չաշխատել նրա հետ։

Առհասարակ, եթե ՔՊԿ երեկվա բոյկոտին անդրադառնանք, ապա ցանկացած պարագայում, եթե բոյկոտը զուտ միայն որպես քաղաքական գործողության գործիքակազմ է ծառայում, որի մասին պետք է պարզապես մամուլում գրվի ու վերջ, ապա անիմաստ է։ Հատկապես որ Գյումրիում անելիքներ շատ կան, եւ նկատվող զարգացման տենդենցը, որ կա Գյումրիում, պետք է պահպանվի տեմպի առումով ու առաջ տարվի։ Ի դեպ, գուցե քաղաքական առումով այս ամենը շատերին դուր չգա, սակայն, ինչպես տարբեր առիթներով ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյան արքեպիսկոպոսը, Գյումրու դեպքում քաղաքական հարցերը դիտարկվում են զուտ քաղաքին օգուտ բերելու, քաղաքի հարցերը կարգավորելու տեսանկյունից։