Եթե քայլեր չձեռնարկենք, 7 օրվա ընթացքում կունենանք 5930 նոր դեպք 

Եթե քայլեր չձեռնարկենք, 7 օրվա ընթացքում կունենանք 5930 նոր դեպք 

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ համատեղ ասուլիսին ներկայացրեց, թե ինչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին հոկտեմբերի 1-ից։

Հիշեցնենք, որ այդ օրվանից տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառույցների, կառավարման մարմիների աշխատակիցները, որոնք պատվաստված չեն, գործատուին 14 օրը մեկ պարբերականությամբ պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստ։ «Հիմնական նպատակը՝ կանխել վարակի տարածումը և ծայրահեղ ծանր դեպքերը»,-ասաց Ռոմելլա Աբովյանը՝ ներկայացնելով համաճարակային վիճակը Հայաստանում։ Այն, նրա տեղեկացմամբ,  շարունակում է մնալ լարված։

Նախորդ 14 օրվա հետ համեմատած` ունենք դեպքերի 18 տոկոսի աճ, և վարակի վերարտադրողական ցուցանիշը, որը ցույց է տալիս վարակի տարածման տեմպը, հասել է 1․2-ի՝ 7 օրվա հաշվարկով։ «Ինչը նշանակում է, որ եթե մենք չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտավորապես 5930 նոր դեպք, այս դեպքերից մոտ 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ հոսպիտալացվածների մոտ 3 տոկոսը կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք»,-հայտարարեց Ռոմելլա Աբովյանը։

Նա ասաց, որ որոշակի ակտիվություն կա պատվաստումների հարցում, որոշ կազմակերպություններ «շատ կազմակերպված ձևով դիմում են, պատվաստվում են»։

Ռոմելլա Աբովյանն ասաց, թե միայն պատվաստումները կարող են կանխել վիրուսի հետագա տարածումը, որից Հայաստանը, այսպես ասած, կախվածություն ունի, քանի որ դա բերում է թե՛ առողջապահական և թե՛ տնտեսական բեռի։

Ինչ վերաբերում է հոկտեմբերին 1-ին, ապա Աբովյանը նշեց, որ նման սահմանափակումները կամ թուլացումները պայմանավորված են լինում համաճարակային իրավիճակով։