Հուսիկ Արա․ Կորած սերունդ

Հուսիկ Արա․ Կորած սերունդ

1. Լյուն տառի ստվերում

Մեր եզրը անեզրն էր,
անչափելին էր մեր չափը,
եւ ակնթարթը հավերժ էր, Աստծու պես երկար: 
Մենք բարձրանում էինք լեռը ամեն անգամ,
որ ներշնչենք արեւածագը բացվող օրվա. 
արշալույսի գույներ էին մեր աչքերում,
աստղերի երթ էր մեր արյան մեջ
եւ մեր սիրտը արեւ էր.
ճանապարհը չէր ավարտվում մեր 
ոտքերի տակ 
դեպի Մայր լեռ: 

Մենք սահմանեցինք մեր աշխարհը 
տեսիլքներում,
եւ հաստատեցինք աշխարհի մեջ 
իրական ու բովանդակ.
մեր կարոտը ծով,
ոգին` թռչուն,
եւ հովազ էր հավատը`
լեռան ծերպին ու կիրճերում առնացած,
անձավներում որս անող,
ոչ թե քանդակ որմերին:
Մեզնից առաջ երազը
ե՛ւ հազարամյա, ե՛ւ բոլորովին նորատ,
չէր դարձել իրական ու շոշափելի դեռ,
ինչպես լեռներ ելավ ու քայլեց բաց դաշտեր 
մեր տեսիլքը,
որ երկրից էր բարձրանում:
Եվ տեսիլքն այդ
մեզնից վեր պարզած`
մենք մեռնում էինք
ու գիտեինք ինչի համար:

Լույսը խարսխվել էր երկրի առանցքում`
ո՛չ հետ, ո՛չ առաջ.
անգիշեր ցերեկ էր բովանդակ, 
օրը` ամբողջ ժամանակ:
Մեզ վիճակված էր պայքար, 
վերելք էր նշված մեր հայացքում,
եւ հաղթանակ էր մեր ճակատին գրվածը,
ամեն տառը ատյան, որ չխնայեց մեզ: 

Ու բարձրանում էր ընտրյալը
մեր լույսի, սիրո ու երազների 
սանդուղքով
վե՛ր ու էլի վե՛ր
եւ խոնարհում հավատը,
որի վրա կանգնած էր:

Ու փլվեցինք փուլ-փուլ,
խորտակվեցինք խոր-խոր.
թեւաթափ քամահրանք
մեր ընտրությունն էր վայում 
ավերակներին թառած՝ 
աչքը թափած կեսգիշերի քոռ բու,
եւ ծանր իջնում էր` խավարի աղոթք,
մեր անթաղ մարմինների վրա վայունն այդ կեղող:

Ու թավալվում էր 
մեր աստեղային թռիչքի ասուպներին իջված
պայքարի ասպետ հորջորջվածը`
նոր Ռոբեսպիեռ՝
բերանով ահու արջի,
ցինի՛կ, լպի՛րշ ու ամբարտավա՛ն,
որ մեզնից մեկն էր:

Ու մի մուկ`
գավառական աղբանոցում տռզած, 
միշտ կրծում էր երկրի սյուները
թողտվության մեջ:

Մեկն էլ` գյուրզա, թունավորում էր հողի վրա,
հետո պարպելու էր ատամը հողի տակ պատեհ, 
մինչեւ իջներ գարնան գոլը 
եւ նորից լող տար ջրերում ձկնառատ: 

Ժամանակը` արեւաթեւ, հողանցվում էր Լյուն տառի ստվերում: 
 

2. Ռա տառի ճիրաններում

Մեր աչքերում մեր տեսած երկինքներն էին դեռ,
որ հսկել էին շառագունելը արշալույսների, 
ե՛ւ արեւների ընթացք, ե՛ւ հորիզոններ կոր:

Պեգաս ու ազնվացեղ ձիեր՝ 
մեզ ստիպած ախոռներից մի օր բարձրացանք վեր.
մեր ճախրանքը երկինքն էր,
ե՛ւ վարգի մեջ էր, ե՛ւ տաք վրնջոցում,
որ ցած բերեցինք մեր թեւերով աստղալույս,
եւ արեւ շնչող հող դարձավ մեր անշարժ կետը
ու մի կողմ հրեց մեզ որպես քնձռոտ յաբու: 

Մենք այրվեցինք,
մեզ պարզած սրտերը ջերմացրեց մեր կրակը, 
մենք մնացինք պաղ մոխիր.
թռիչքադաշտ էինք,
եւ մեր սիրո երամակով հորիզոններ լցվեցին. 
կատարեցինք ու չտեսանք կատարվածը, 
ինչը տեսնելու համար էինք:

Մեր մարմինները խփվեցին կռվի դաշտում 
առանց ընտրության,
կռվից հետո զվարճանքի թիրախ դարձավ ոգին,
զվարթ վարժանքը փափկասունների: 
Մեր ճակատի դափնին
դրվեց պսակ մեր հողաթմբին,
եւ անդունդը եզրից եզր անցնելու
մեր հյուսած պարանը 
պրկվեց օղակ մեր պարանոցին:

Մենք երազն էինք տանում մեր թեւերին պառկած,
գունապաղ ու արնաթող`
ինչպես մեր ընկերների մարմիններն էին ուժատ ու անէ,
եւ չէինք գտնում հոգեհանգստի սեղան,
որ ննջման աղոթք ծիսարկենք: 

Մենք քավարան էինք,
մեր միջով դժոխքից անցան դրախտ
իշխելու թառանչով մաքրված այրեր`
մեզ թողնելով մեղքը որպես քավություն: 

Ու նեռի մատնահետքը` պալարախալ` 
մահվան նշան դեմքին,
կարգվեց ինքնահեծ տեր, որ մեր կամքը չէր,
պահնորդը սեւ այգու`
ընտրությունն ընտրած
ձեռքով իսկանդերի,
որ բիրտ էր, սարսու, պատերազմի հրձիգ:
Ուժը չուներ ներում,
ցավին չկար բեկում.
հայացքը` քինասայր ասեղ,
սուր խրվել էր մաշկի տակ
եւ մեր երակն էր քրքրում.
քամվող արյունը մեր սրտից էր`
օղակ-օղակ, շղթայական,
ե՛ւ աշնան մեջ, ե՛ւ գարնանամուտին:

Ու մի «Օ»` վրիպած զրո, 
որ ճապաղվեց արյան թվին,
սնամեջ ու փուչ` չդառնալով միավոր,
սոսկ կարմիր բիծ մնաց
տարեգրության լուսանցքում անպատմություն: 

Իսկ գեներալը`
զինվորի ոգու վաճառքով տարված- 
գրոշներով զոհ մատուցող,
որ վարքն էր գետնաքարշ, 
ե՛ւ կռվից առաջ, ե՛ւ կռվից հետո,
վարանեց մնալ անվարան, 
վահա՛ն՝ 
աճուրդի հանված երկրի առուծախում սպանդանոց: 

Օրը արնաքամվում էր Ռա տառի ճիրաններում:

 

3. Սե տառի ամայության մեջ

Մեզ թվում էր, թե գնում է ելման երթը մեր. 
մեր ոգին նահանջ էր մեր մարմնի մեջ.
պաղել, առկախվել էր մեր ուղին.
մեր դրոշը` պատառ-պատառ,
պատանք դարձավ մեր երազներին:
Մեր մոտիկը մեզնից հեռու, 
մեր ներսը մնաց դրսում,
մեր էությունը մեզնից գնաց,
դարձավ ուրիշ բովանդակություն.
մենք հաղթեցինք մեր մութը
եւ պարտվեցինք մեր լույսին:

Չէինք զգում մեր ձեռքերը,
որ բախել էին լույսի դուռն ու բացվել էր, 
չէին քայլում մեր ոտքերը,
որ ազատության սահմանն էին հասել,
կանգ էր առել մեր արյունը,
որ կիսել էինք մահվան հետ`
լույսի զոհություն եկող օրվան․ 
խրամատի թոքերի մեջ 
գարուն շնչող արեւ էր`
կես արյունով նկարած,
եւ չտեսան մեր աչքերը: 

Մենք տեղ չունեցանք մեր արեւի տակ,
եւ չբացվեց երկինք մեզ համար,
տհաճ խալեր էին մեր հետքերը փողոցներին,
անյուրային` մեր քաղաքում, ու հեռավոր մնացինք
եւ մեր տան մեջ մենք հյուր եղանք անցանկալի:

Մեր սերը, որ ընտրությունն էր մեր 
կյանքի միջեւ ու մահվան,
տեղ չգտավ ու չսիրվեց մեր սրտում,
հեռու հոգիների անսերության մեջ դատարկվեց`
անարձագանք, սառն ու օտար եւ անլուր: 

Ցրիվ եկան մեր երազները
աշխարհի ճանապարհներին անտուն ու քանդ-քանդ`
բոբիկ, կիսավեր ու պատառոտված,
եւ մարեցին խութուխորշերում անդուռ, մլար ու մոլոր,
որ մեր տեսած առաջին առավոտի մեջ էին արթնացել:

Ու մերժվածը հենց սկզբից`
ինֆանտիլն այդ,
որ միտքն էր կարճիկ, հոգին` թիզուկ,
բաղեղվեց տոհմածառին մեր`
սերտաճած պալար.
ընտրությունը` առուծախ,
հենման կետն էր ապահով հանցանք:
Հեքիաթից դուրս պրծած վիշապ`
ճանկերը խոր խրել հողում,
ամայացնում էր ինչ բարձր էր իրենից`
այլ հայացք եւ ուրիշ խոհ`
փնչալով տապ անապատի.
փոշի էր թողնում ու մոխիր
շերտը շերտին մեր աչքերում: 

Հղփացածների բուրգն էր բարձրանում ուս-ուսի
ժանտ ու ցից,
ցածրում գազոնը մեր երկինքն էր ընկած.
սեւ իշխանություն`
նստած կարմիր գազանին,
ձեռքին ոսկե գավաթ` պոռնկությամբ լի,
վրան գրված էր` մեր դեմ խաղ չկա,
եւ գնաց ոտնատակ ու կոխան.
հայտնությունն էր մարգարեի, որ կատարվեց:

Ու մերթ դաշն էր կնքում, մերթ դավում էր հին ընկերը,
վիճարկում էր անվիճելին՝ մեր հայրենիք.
իր ձուկն էր որսում պղտոր ջրերում,
ու կարթը միշտ էլ մնում էր մեր կոկորդը: 

Պտույտը կանգ էր առել Սե տառի ամայության մեջ 
անշարժում: 

 

4. Նու տառի որոգայթում

Մենք բացարձակ սերմից բեղմնավորված սերունդ,
որ չէր սաղմնավորել մինչ այդ ոչ մի արգանդ.
մեզնից առաջ, մեզնից հետո հոգնածներ,
մենք անկատար թռիչքը դարձրեցինք ճախրանք`
հրաշք ու իրական,
եւ չեք հավատում, որ երկնքում տարածվածը 
ձեր թեւերն են` մեր ուսերին:

Մենք գոյէցինք արժեքներ,
ազատ, հաստատ ու անանց`
մեր ընթացքը ինքնիշխան,
մենք կորցրածը` դարի չափ երկար ու անարձագանք,
արմատի փոխեցինք` ինքնություն ու կենս, 
մենք մերը արտոնեցինք մեզ: 

Մենք կամուրջ էինք,
մեր վրայով անցյալը ապագա,
իսկ ապագան` սիրո նման անակնկալ,
հանկարծեց ու մտավ ներկա:

Մենք տագնապի եզրով,
խավարի միջով,
ու ցավի սրտով անցանք,
վեր կանգնեցինք վախից
եւ մահից ուժեղ եղանք,
մենք դժոխքը ավերեցինք,
բայց մեզ վիճակված չէր մտնել դրախտ: 

Ու եկավ նա ում սպասում էինք`
փրկիչը նոր ավետումի.
մերժումով եկավ ու հեղափոխությամբ`
առաջնորդի իր փայփայած կերպարով: 
Ասաց` սիրում եմ,
շուռ եկավ` ատեց,
աջ ձեռքը մեկնեց` մե՛կ ենք,
ձախով բաժանեց` կես ընդ կես:
Խոսեց լեզուն Բաբելոնի`
ինքներս մեզ չհասկացանք,
ու կիսատ մնաց աշտարակը մեր.
պիջակը տեսնում էինք,
շապիկն էր անակնկալ:

Ու պար բռնեց էյֆորիական
մեր շիրիմներին բաց`
մեզ հողելով ավելի խոր:
Անկատար Ներոն,
Հռոմն այրողի բարդույթով բեռնված`
մեղավորներ փնտրող:
Թերարժության սոսկում.
սոսկ ինքն է, ու չկա` ինչ որ կա:
Ընտրությունն էր մեր պրկված ոգու`
այդչափ ցածր, այդքան նվաստ,
եւ մենք տեսանք վերջակետ մեր անվան դիմաց: 

Մեկն էլ` վաճառական պատգամախոս,
փարթամ ու բարգավաճ,
իշխանական մրցախաղում երկրորդ համար
ու մատի փաթաթան,
ե՛ւ գիր էր, ե՛ւ ղուշ,
նայած, թե ինչպես էր պտտվում նետված վիճակն օդում: 
Սա է վարքը անբնություն այդ տեսակի սերտաճող. 
անանձնանուն ու մականուն,
անժամանակ ու միշտ ներկա,
անհող, անկաթ, անհայրենի:

Թե հույս ունեինք աղոտ`
դեռ գալու է ժամանակը մեր 
ու տոկում էինք,
հասկացանք, որ երբեք էլ չի եղել,
ժամանակը վիժել է մեր ժամանակը,
եւ ավերակ ենք:

Մեզ հաղթողը մենք էինք
եւ մենք պարտվեցինք մեզ.
դեռ բարձրանալու ենք որպես տեսիլք անագորույն,
հսկելու ենք դարձը արեւագալի ու փոթորիկներ,
եւ փնտրելու է ոտնահետքը մեր ամեն քայլող
ու գալու է մեզ. 
մեր հուշը փարատելու է լինելությունը ողջերի: 

Արդ գայթում ենք Նու տառի որոգայթում:

 

ՀԳ. իմ գերեզմանին չմոտենա իշխանավոր ու 
մեծահարուստ: 

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ