Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Ռուսաստանին երկու ծանր մեղադրանք է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Ռուսաստանին երկու ծանր մեղադրանք է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում բավական հետաքրքիր հայտարարություն արեց, որը պետք է քննարկման նյութ դառնա թե՛ մեդիայի, թե՛, այսպես ասած՝ փորձագիտական-վերլուծական հանրույթի համար։ Նա խոսել է Հայաստան զենքի մատակարարումների խոչընդոտների մասին եւ ասել բառացիորեն հետեւյալը․ «Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել զինված ուժերի բարեփոխումները: Ցավոք, նրանք հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով` որտեղ հնարավոր է, նրանք փորձում են էնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի եւ ռազմամթերք չմատակարարվի:

Մենք դեպքեր ունենք, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում` դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է»։ Ինքնին հասկանալի է, որ ակնարկն ուղղված է Ռուսաստանին։ Նաեւ հասկանալի է, որ սրանից ավելի թափանցիկ ակնարկ անել հնարավոր չէ, ու ոնց կասեր ժողովուրդը՝ «թամամ խոսքը էշին կասեն»։ Հետեւաբար, ինչ ասվել է, բավական է։ Ու քանի որ երկրի առաջին դեմքի մասին է խոսքը, ուրեմն պետք է այս հարցի մեջ հստակեցում մտցվի։ Հայաստանի վարչապետը, ըստ էության, Ռուսաստանին երկու մեղադրանք է ներկայացնում․

• Ռուսաստանը չի կատարում կամ առնվազն պատշաճ չի կատարում իր պարտավորությունները Հայաստանին զենքի մատակարարման մասով։

• Ռուսաստանը խախտում է հավասարության սկզբունքը երկու ռազմավարական դաշնակիցների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ի վնաս Հայաստանի շահերի սպասարկելով Ադրբեջանի շահերը։
Սրանք, ինչ խոսք, շատ ծանր մեղադրանքներ են։ 

Առաջին մեղադրանքի մասով պետք է նկատել, որ, դատելով Փաշինյանի ասածից, հարկ է կռահել, թե խոսքն այն զենք-զինամթերքի կամ սպառազինությունների մասին չէ, որոնք Հայաստանը պարզապես ստանում է, այլ այն զենք-զինամթերքի եւ սպառազինությունների, որոնք Հայաստանը գնել է, այսինքն՝ արդեն դրանց համար վճարել է։ Ու այստեղ կարեւոր չէ՝ արտոնյա՞լ պայմաններով է գնել՝ որպես ՌԴ ռազմավարական դաշնակից կամ ՀԱՊԿ անդամ, թե՞ ոչ, որովհետեւ խոսքը գնված ապրանքի մասին է, որը պետք է պատշաճ մատակարարվի։ Իսկ եթե պատշաճ չի մատակարարվում, դա կարող է ազդել մատակարարող երկրի գործարար համբավի ու հեղինակության վրա՝ այն իմաստով, որ վերջինս կարող է դիտարկվել որպես ոչ հուսալի գործընկեր։ 

Երկրորդ մեղադրանքը պակաս ծանր չէ։ Ռուսաստանը, ըստ այդ մեղադրանքի, խախտում է հավասարության սկզբունքն իր երկու ռազմավարական դաշնակիցների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ի վնաս հայկական շահերի՝ սպասարկում է ադրբեջանական շահերը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը խախտում է, առհասարակ, միջպետական կամ դաշնակցային հարաբերությունների կառուցման ընդունված սկզբունքները, քանի որ որեւէ երկրի հետ դաշնակցային կամ այլ կարգի հարաբերությունների կառուցումը չի կարող ուղղված լինել, ուղղակի կամ անուղղակի կերպով, երրորդ երկրի դեմ։ Իսկ եթե նման բան կա, դա արդեն իսկ միջազգային ասպարեզում խաղացողների մոտ պետք է լուրջ մտածումների առիթ տա, Ռուսաստանի ոչ այնքան մեծաթիվ դաշնակիցներն էլ պետք է զգոն լինեն, որովհետեւ այս ուղտը վաղը կարող է իրենց դռանը չոքել, եթե այսրոպեական ռուսական կարճաժամկետ շահերը նման բան պահանջեն։ 

Եվ մի բան էլ փաստենք, որ Հայաստանը, որն անկախությունից հետո հավատարմորեն կատարել է Ռուսաստանի դաշնակցի իր պարտավորությունները, մշտապես աջակցել ՌԴ-ին՝ ցանկացած քվեարկության եւ այլ միջազգային գործընթացի ժամանակ նրան պաշտպանելով, անգամ ի հաշիվ իր հեղինակության, դուրս չի եկել ընդհանուր կառույցներից եւ, ամենակարեւորը՝ 2014 թվականին ծանր որոշում է կայացրել՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելու փոխարեն ԵԱՏՄ մտնելու մասին, ավելի հարգալից վերաբերմունքի էր արժանի։ Եվ Ռուսաստանը ոչ մի դեպքում Ադրբեջանին ու Հայաստանին նույն հարթության մեջ չպետք է դներ։