Հայկական կողմի ակնկալիքները Իրանից մի քիչ չափազանցված են

Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես Իրանի հոգևոր առաջնորդը, պարբերաբար հայտարարում են, որ ՀՀ սահմանները Իրանի համար կարմիր գիծ են եւ իրենք թույլ չեն տալու փոխել այդ սահմանները: Վերջին շրջանում Իրանը մեղմացրել է իր դիրքորոշումը եւ պրոադրբեջանական տրամադրություններ է դրսեւորում, հնարավո՞ր է, որ գա պահ, որ Իրանը հետ քայլ անի իր այդ դիրքորոշումից, հաշվի առնելով ՀՀ ներկա իշխանությունների համառ «արևմտամետությունը»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իրանի Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Իրանի կողմից այդ սկզբունքայնությունն իրական է: «Նաև պիտի ասել, կարծում եմ` մի քիչ չափազանցված են հայկական կողմում այս թեմայով ակնարկները, այսինքն, անուղղակիորեն, ենթագիտակցաբար մտածում են կամ ակնկալիք ունեն, որ եթե Տերը մի արասցե, հարձակում եղավ, հարյուր տոկոսով Իրանը կմիջամտի և Իրանը կլուծի հարցը: Ես կարծում եմ, դա իրականությանը չի կարող համապատասխանել, Իրանն ունի իր լուրջ մոտեցումը, և ինչպես մի քանի օր առաջ իր հարցազրույցում պարոն դեսպանը մատնանշեց, Իրանն իր կամքով կփորձի հետևել իր դիրքորոշմանը, որ չպետք է խաթարվի Իրան-Հայաստան սահմանը և Իրանի ձեռնահասությունը դեպի Հայաստանի հողն անխախտ կլինի»,-ասաց Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ապա դա սկզբունք է բոլոր երկրների կողմից՝ որպես միջազգային օրենք, ինչը նաև Իրանն է շեշտադրում: Սակայն եթե ճգնաժամային պահ հասունանա, Իրանը ինչպիսի գործողություններ կանի, Իրանի Մեջլիսի նախկին պատգամավորը ենթադրում է, որ բարդ իրավիճակներն այնքան շատ են, որ տեղում և հենց այդ պահին պետք է սպասել ու տեսնել, թե Իրանը գետնի վրա ինչ քայլերի կգնա, որը կլինի Իրանի Անվտանգության խորհրդի և վերջում Իրանի հոգևոր առաջնորդի որոշումը: Ինչ վերաբերում է ԱՄՆ ընտրություններին, հատկապես որ Փեզեշքիանի ընտրությամբ Իրանում հույսեր էին կապում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասով, Բեգլարյանն ասաց, որ Իրանի արտաքին քաղաքականության կուրսը որոշում է երկրի հոգևոր առաջնորդը և իրեն ենթակա Գերագույն Անվտանգության խորհուրդը, որին նախագահն էլ է անդամակցում և կառավարում այդ խորհուրդը:
Համենայնդեպս, սկզբունքներն այնտեղ են հստակեցվում: «Ես կարծում եմ, մի քիչ շուտ է այդ ուղղությամբ հստակ կողմնորոշում ունենալու համար, հավանականություն կա` պրն Փեզեշքիանի ընդհանուր հայտարարություններից և նկարագրից ելնելով, դա նորմալ ենք համարում, հատկապես որ բարեփոխիչները, որ իր հովանավորն են եղել՝ նույնն են ակնկալում: Պիտի նկատել, որ իրավիճակն իսկապես բարդացել է, այսինքն` այն, ինչ կար այն ժամանակ, որ Օբամայի շրջանում շուրջ 10 տարի առաջ այդ համաձայնագիրը կնքվեց։ Ներկա պայմանները ուրիշ են, այդ 10 տարվա ժամկետն արդեն լրանում է համաձայնագրի: Գուցե Թրամփի գալը, այն առումով, որ վերջինս փորձում է Միացյալ Նահանգներին ինչ-որ բարդ աշխարհաքաղաքական տարածքներից հեռու պահել, նաև նոր եզրեր գտնեն այդ առումով, ես չեմ բացառում, որ բանակցություններն էլ ուրիշ որակ ստանան»,- նկատում է նախկին պատգամավորը:
Սակայն, պետք չէ մոռանալ, որ այս պահին կա ռուս-ուկրաինական պատերազմ, Չինաստանի լուրջ դերակատարությունը տարածաշրջանում, հատկապես Միջին Ասիայում և այլն, և այն կապերը, որ Իրանն ունի Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ դրանք նոր բարդություններ ու իրավիճակ են ստեղծել, որ եթե կողմերն էլ ցանկանան բանակցել տարբեր թեմաների շուրջ, ապա այս հանգամանքները դրանք ավելի խրթին են դարձնելու, քան անցյալում էր:
«Մի քիչ շուտ է կանխատեսումներ անելու համար, սակայն, կարծում եմ, պրն Փեզեշքիանի կողմից նախնական այդ ցանկությունը կլինի՝ սկզբունքորեն փորձել հանգուցալուծումներ գտնել այս ուղղությամբ»,-եզրափակեց Ռոբերտ Բեգլարյանը:
Կարծիքներ