Ինչ տողատակեր կան Գորիս-Կապան մայրուղում ադրբեջանցիների տեղակայած անցակետի հետ կապված 

Ինչ տողատակեր կան Գորիս-Կապան մայրուղում ադրբեջանցիների տեղակայած անցակետի հետ կապված 

Նախօրեին հայտնի դարձավ, որ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաիջեւի եւ Ադրբեջանում իրանական դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի հանդիպումը։ Հանդիպումից հետո եւ Հաջիեւը եւ դեսպան Մուսավին իրենց սոցկայքային էջերում գրառումներ են կատարել, անդրադառնալով այդ հանդիպմանը։ Գրառումները, ըստ բովանդակության, բավական չեզոք են։ Հիքմաթ Հաջիեւը, ով ադրբեջանական քաղաքական էլիտայում «ստվերային ԱԳ նախարարի» եւ «գորշ կարդինալի» համբավ ունի, մասնավորապես գրել է․ «Շնորհակալ եմ այցելության համար։ Արդյունավետ քննարկում տեղի ունեցավ, եւ խոսեցինք մեր օրակարգային հարցերի եւ դրանք հաղթահարման ուղիների մասին»։ Դեսպան Մուսավին էլ գրել էր հետեւյալը․ «Ուրախ էի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիեւի հետ հանդիպման համար։

Մենք քննարկեցինք ընթացիկ իրավիճակը, որն առկա է երկկողմ հարաբերություններում, եւ այն հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություններ են ներկայացնում։ Իհարկե այս հանդիպումը կարելի էր դասել նմանատիպ հերթական հանդիպման շարքին, եթե չլիներ այն, որ արդեն քանի օր է ադրբեջանական ՆԳ նախարարության արագ արձագանքման ստորաբաժանման զինված եւ դիմակավորված աշխատակիցները հսկողություն են իրականացնում Գորիս-Կապան մայրուղու վրա, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով իրանական համարանիշներով բեռնատարները, ըստ որոշ տեղեկությունների նաեւ մարդատար մեքենաները, եւ գանձելով ամեն մեքենայից 100-150 դոլար։ Որքան էլ երկու գրառումները լինեին դիվանագիտական-քաղաքավարական առումով իդեալականացմանը հասնող ողորկության, այնուհանդերձ, անհնար է դրանք այդ ստուգումների հետ չկապելը։

Այսինքն, թե, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Թեհրանը այս խնդիրը փորձում է կարգավորել Ադրբեջանի հետ ուղիղ քննարկումներ ծավալելով, առանց հայկական կողմի ներգրավվածության։ Եթե վերջին Բաքվի կողմից վերջին օրերին այս բավական արագորեն ձեւավորված եւ նույնքան արագ էլ արձագանքված խնդրի հետագծով խորամուխ լինենք, կարող ենք արձանագրել, որ ի սկզբանե խնդիրը Ադրբեջանի համար գոնե, Հայաստանի հետ կապված չէր։ Հիշեցնենք, որ նախքան այս «խնդրի» առաջացումը, նախ ի հայտ եկան տեսանյութեր ադրբեջանական մամուլում այն մասին, թե ինչպես են «իրանական համարանիշներով բեռնատարները անօրինական կերպով անցնում ԼՂՀ տարածք», որից հետո, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, նախազգուշացնելով  Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին չթույլատրել իրանական համարանիշներով բեռնատարների անցումը ԼՂ տարածք, ապա արդեն այս առնչությամբ հայտարարություններ տարածեցին նաեւ այլ գերատեսչություններ եւ հայտնվեց ի վերջո անցակետն ու դրա հետ կապված Ադրբեջանի ՆԳ նախարարության մեկնաբանությունը։

Ընդ որում, բոլոր հայտարարություններում հստակ հասկացվում էր, որ սա արվում է որպես որոշակիորեն հակառուսական ակցիա, ինչը հաստատվում է նաեւ ադրբեջանական մամուլում վերլուծաբանների եւ փորձագետների բերանով ռուսների հասցեին հնչեցված մեղադրանքներով, թե չեն վերահսկում իրավիճակը, թույլ են տալիս, որ իրանական մեքենաները անցնեն ԼՂ ինչը 2020 թվականի նոյեմբերի իննի հայտնի եռակողմ հայտարարության խախտում է, եւ նաեւ մեղադրում սեփական իշխանություններին անգործության մեջ։ Արդեն այսօր ադրբեջանական մամուլում հնչել են կարծիքներ, որ քանի որ ադրբեջանցիները Իրանի տարածքով Նախիջեւան անցնելու համար մաքս են մուծում, ապա նաեւ պետք է իրանական մեքենաները Հայաստան մուտք գործելուց հետո, Գորիս-Կապան մայրուղով անցնելու ժամանակ, այսպես ասած՝ «ադրբեջանական տարածքում գտնվող 21 կմ-անոց հատվածն անցնելիս» մաքս մուծեն։

Բացի այդ, ադրբեջանական կողմը ակտիվորեն սկսել է շրջանառել այն թեզը, թե «Բաքուն այս կերպ փորձում է փակել այն սողանցքը, որը տարիներ շարունակ ծառայել է հայերի եւ իրանցիների համար որպես մաքսնանենգ առեւտրի «պատուհան»»։  Բացի այդ, ադրբեջանական կողմը փորձում է որոշակիորեն վիրավորված կեցվածք ընդունել, եւ հայտարարում է, որ եթե «Իրանն ու Հայաստանը հարգանքով վերաբերվեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա գուցե եւ իրավիճակը նման ընթացքով չզարգանար, կամ առնվազն, եթե ստուգումներ էլ լինեին, ապա խիստ պարզեցված կարգով»։ 

Կարեն Ենգիբարյան